կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-09 13:12
Հասարակություն

Երևանյան տրանսպորտով երթևեկելիս ծալապատիկ է դառնում մեր արժանապատվությունը

Երևանյան տրանսպորտով երթևեկելիս ծալապատիկ է դառնում մեր արժանապատվությունը

Տրանսպորտի թեման, կարծես, անսպառ է. 20 տարի է` խոսում ենք այդ մասին ու ոչինչ չի փոխվում. այսօր լրագրողներին ասաց «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը:

Ըստ նրա` օրական 600 000 մարդ է երթևեկում հանրային տրանսպորտով, այսինքն` օրական 60 մլն դրամի եկամուտ է ստացվում:

«Այդքան գումար են ստանում, բայց, միևնույն է, ոչինչ չեն անում, որ տրանսպորտը մի քիչ մարդավարի լինի: Երևանի գլխավոր հատակագծում նշված է, որ մինչև 2020-ը 19,2 տոկոս պետք է կազմի միկրոավտոբուսների թիվը, բայց այսօր դրանց թիվը 63,5 տոկոս է: Ի՞նչ են անելու, ո՞նց են հասցնելու, պարզ չէ: Երևանի ավագանի ունենք, որը ոչինչ չի անում, այսքան ժամանակ չենք տեսել, որ նրանք մի սրտացավ որոշում առաջ քաշեն: 62 կազմակերպություն է սպասարկում Երևանի տրանսպորտը, սակայն այդ ամենի հետևում 2-3 հոգի է կանգնած»,- ասաց Պողոսյանը:

Ըստ նրա` տրանսպորտով երթևեկելիս ծալապատիկ է դառնում մեր արժանապատվությունը:

Պողոսյանը նշեց նաև, որ էլեկտրատրանսպորտը հարցի լուծման միակ ձևն է, քանի որ բոլոր երկրները հրաժարվում են ներքին այրման շարժիչով տրանսպորտից:

«Երևանում պետք է մետրոյի նոր կայարան սարքեին` Կոմիտասում, սակայն հենց այդ նույն տեղում, որտեղ պետք է կանգառը լիներ, հիմա երկնաքեր է կառուցվում: Հասկանում եմ, որ մետրոն թանկ հաճույք է` 2,5-3 մլն դոլար է պետք մեկ կայարանի համար, սակայն եկեք չմոռանանք նաև, որ ՌԴ-ից վերցրած վերջին մեր վարկը 500 մլն դոլար էր, որը թե ի՞նչ եղավ, պարզ չէ»,- ասաց նա: