Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.88 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 492.12 |
GEL | ⚊ | ₾ 142.53 |
Yerkir.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը:
-Պարո'ն Աբրահամյան, երեկ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարեց, թե իբր Սանկտ Պետերբուրգում համաձայնություն է ձեռք բերվել ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ, ինչը ենթադրում է նախ` 5 շրջանների հանձնում Ադրբեջանին, ապա` ևս երկուսի հանձնում, ապա` Ղարաբաղի կարգավիճակի որոշում: Այս հայտարարությունը, իհարկե, հերքվեց ՀՀ ԱԳՆ-ի կողմից, բայց, ամեն դեպքում, այն մեծ քննարկում ապահովեց հայ հասարակության շրջանում:
-Նախ` ադրբեջանցի պաշտոնյայի` ձեռք բերված պայմանավորվածության վերաբերյալ հայտարարությունը համոզիչ չէ` առաջին հերթին հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս, որպես այդպիսին, բանակցային գործընթացը դեռևս չի վերսկսվել: Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումներն ուղղված էին կողմերի միջև վստահության ստեղծմանը, ինչը ենթադրում է մի շարք քայլերի իրականացում: Դրանք ամրագրվեցին և' Վիեննայում, և' Պետերբուրգում՝ շփման գծում հետաքննության մեխանիզմների ստեղծում, ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացում, 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղորեն կատարում: Նշյալ քայլերի հետ կապված` ներկայումս առկա են ամրագրված պարտավորություններ, սակայն դրանք դեռևս կյանքի չեն կոչվել, ու այս պարագայում խոսել բանակցությունների վերսկսման կամ կոնկրետ հարցերի շուրջ համաձայնության հասնելու մասին ուղղակի արժանահավատ չէ:
-Այդ դեպքում ինչո՞վ էր պայմանավորված Սերժ Սարգսյանի այցը Արցախ: Տարբեր մեկնաբանություններ հնչեցին, որ Մամեդովի հայտարարությունն ուղիղ կապ ուներ ՀՀ նախագահի՝ Արցախ կատարած անսպասելի այցի հետ:
- Անկեղծ ասած` ես չեմ հասկանում, թե ինչո՞վ էր դա հանկարծակի: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ ԼՂ հարցով հանդիպումներից հետո, որպես կանոն, Սերժ Սարգսյանն այդ թեմայով քննարկումներ է ունենում Արցախի ղեկավարության հետ: Շատ հաճախ դա տեղի է ունենում հենց Արցախ կատարվող այցելությունների միջոցով: Այնպես որ` այստեղ անսպասելիության գործոն առանձնապես չեմ տեսնում:
-Վերջին շրջանում Ադրբեջանն անընդհատ խոսում է շրջանների վերադարձի մասին, ընդ որում՝ որպես սկզբունք, նշում է խնդրի փուլային կարգավորումը:
- Մինչև ապրիլյան իրադարձությունները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները տարբեր առիթներով և հատկապես` համատեղ հայտարարություններով ֆիքսել են, որ բանակցությունների հիմքում ընկած փաստաթղթի սկզբունքներն ու տարրերը մեկ ամբողջություն են, իսկ դրանց առանձնացումն ու այլ հարթության մեջ քննարկման դնելը վնասում է բանակցային գործընթացի տրամաբանությանը:
Ադրբեջանը քարոզչական նպատակներով ավելի վաղ ևս շահարկել էր այս դրույթները, այնպես որ` նրանց գործելաճում որևէ նոր մոտեցում չեմ տեսնում: Մամեդովի հայտարարությունից պարզ դարձավ, թե ինչու էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովը պետերբուրգյան հանդիպումից անմիջապես հետո հայտարարում, որ գոհ են հանդիպումից: Դա այն դեպքում, երբ Վիեննայի պայմանավորվածությունները դեռ չեն կատարվել, հատկապես` խոսքը հետաքննության մեխանիզմների ներդրման մասին է, որի հարցն Ադրբեջանն ամեն կերպ փորձում է շրջանցել: Ադրբեջանը Պետերբուրգ էր գնացել նախապես պատրաստած «տնային աշխատանքով»՝ քարոզչական սցենարով, որը նպատակ ուներ ոչ միայն սեփական հանրությանը «հաղթանակած Ադրբեջան» ի ցույց դնել, այլ նաև հայ հանրության վրա այդ ձևով ազդել: