կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-06-15 15:17
Առանց Կատեգորիա

Դավաճան կա քաղաքում

Դավաճան կա քաղաքում

Տեսանյութը տեւում է 11 րոպե 21 վայրկյան, այն ներկայացնում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Թալիշի մատույցներում` առաջին գծում, տեղի ունեցած իրադարձությունների սկիզբը: Նկարահանված է ջերմացույցով /տեպլովիզոր/, որով մեր որոշ հենակետեր համալրված են: Թե ի՞նչ է ներկայացվում տեսանյութում, չեմ ասի, նախ` որովհետեւ պետական գաղտնիք է, հետո էլ` գրեթե բոլորն արդեն տեսել են. Youtube-ում հանգիստ դրված է, մի քանի տասնյակ հազար դիտում ունի, կարող եք մտնել այնտեղ, որոնել «Ի՞նչ է կատարվել ապրիլի 2-ի գիշերը Թալիշում. տեսանյութ» բառերի օգնությամբ, եւ Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության պետական գաղտնիքը ձեր առջեւ է:

Բայց սկզբից սկսենք: «Նոր Հայաստան» շարժումը, որի մեջ են, օրինակ, Անդրիաս Ղուկասյանի «Ոտքի, Հայաստան», ինչպես նաեւ Ժիրայր Սեֆիլյանի «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպությունները, անցած երկուշաբթի երթ էր կազմակերպել դեպի ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ: Նպատակը, ինչպես պարզվեց, ՄԱԿ-ին նամակ հանձնելն է, բայց դա` հեչ, նամակին կից տեսանյութ էլ հանձնեցին, որի մասին արդեն խոսեցի: Ավելի ուշ Անդրիաս Ղուկասյանը ներկայացրեց, որ տեսանյութը հանձնել են ՄԱԿ-ի գրասենյակ, որպեսզի ՄԱԿ-ը ստանա ապացույց, որ ապրիլյան սրացումների ժամանակ նախահարձակ կողմը եղել է Ադրբեջանը: Այսինքն` նպատակը եղել է սա: Տեսանյութում իսկապես երեւում է, որ ադրբեջանական կողմից մոտավորապես հարյուր հոգով շարժվում են դեպի մեր դիրքերը… Բայց, տղե'րք, դուք, իրո՞ք, կարծում եք, որ ՄԱԿ-ն այդ ապացույցի կարիքն ուներ: Այսինքն` ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակը ձեր տված տեսանյութն ուղարկել է Նյու Յորք՝ «անձամբ գլխավոր քարտուղար, պարոն Մունին» խորագրով, ու հիմա Մունը, իր օգնականների հետ նստած, նայո՞ւմ է: Եթե` այո, ապա միամիտ եք, բայց չէ՞ որ միամիտ չեք: Կամ մի՞թե կարծում եք, որ ադրբեջանական կողմի նախահարձակ լինելն այլեւս ապացույցների կարիք ունի: Ո՞վ չգիտի, ՄԱ՞Կ-ը: Նախ` գիտի, բայց եթե անգամ չգիտի կամ գիտի, դրանից բան չի փոխվելու:

Բայց խնդիրն անգամ սա չէ, նկատի ունեմ այն, որ տղերքը պետական գաղտնիք են բացահայտել ՄԱԿ-ին: Խնդիրն ուրիշ տեղ է: Նախ` տեսանյութը նույն օրը տեղադրվում է համացանցում, իսկ դա, կներեք, ՄԱԿ չէ, համացանցում ավելի շատ մարդ կա, քան ՄԱԿ-ում` պետություն: Այսինքն` ցանկացած ոք կարող է գտնել այս տեսանյութը եւ դիտել, ընդ որում՝ դադարներով, հետ ու առաջ տալով, նորից, երրորդ անգամ, չորրորդ անգամ: Ցանկացած ոք ասելով` նկատի ունեմ նախեւառաջ ցանկացած ադրբեջանցու: Այսինքն` եթե նպատակը եղել է ՄԱԿ-ին ադրբեջանական կողմի նախահարձակ լինելը ապացուցելը, ապա ինչո՞ւ ՄԱԿ-ին տեսանյութը չի հանձնվել «Հույժ գաղտնի» ծրարի մեջ, եւ ամենակարեւորը` ինչո՞ւ է այդ տեսանյութը հայտնվում համացանցում, ո՞վ է այն տեղադրում համացանցում: Բնականաբար, նա, ով ունի, կամ ով գողացել է: Ու եթե հաշվի առնենք, որ տեսանյութը «Նոր Հայաստան»-ից ոչ ոք չի գողացել, հակառակ պարագայում` նրանք այդ մասին կասեին, եզրակացնում ենք, որ այն տեղադրել է ինչ-որ «նոր հայ»:

Սա արդեն դավաճանություն է, տղե'րք, պետական գաղտնիքի բացահայտումը հենց այդպես էլ կոչվում է` դավաճանություն, ընդ որում` երբ պետական գաղտնիքը բացահայտվում է` առանց թշնամու կողմից ճնշման, կոչվում է ստոր դավաճանություն:

Բայց այս պատմությունն այսքանով չի ավարտվում: ՀՀ ՊՆ-ն, տեսանյութի եւ դրա տարածման հետ կապված, հորդորում է դիմել ԼՂՀ ՊԲ-ին: Իսկ գիտե՞ք, թե ինչ է ասում ԼՂՀ ՊԲ-ն: Նրանք ասում են՝ դիմեք նրանց, ովքեր նկարահանել են այդ տեսանյութը: Բայց, գրողը տանի, սա պետական գաղտնիք է, այն բացահայտվել է, ընդ որում` բացահայտել են ոչ թե նրանք, ովքեր նկարահանել են, ովքեր, ի գիտություն ԼՂՀ ՊԲ-ի, ԼՂՀ ՊԲ-ի զինվորներ են, այլ նրանք, ովքեր տարածել են:

Ավելի ուշ ՀՀ ՊՆ բարձրաստիճան մի պաշտոնյա, ով չէր ցանկացել ներկայանալ, մեր թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ տեսանյութն ամբողջական չէ, իբր հայկական կողմի մարտավարությունն այնպես է եղել, որ մերոնք սպասել են` ադրբեջանցիները կուտակվեն եւ հետո ջարդեն: Ասենք, թե այդպես է, բայց, տղե'րք, ո՞վ է տարածել այդ տեսանյութը, երբ մենք գիտենք, թե ով է այն հանձնել ՄԱԿ-ին: Կարեւորը սա է, իսկ այն, որ մենք ջարդել ենք ադրբեջանցիներին, բոլորս գիտենք:

Հովիկ Աֆյան