Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կարիք կա՞ քննարկելու Բաբաջանյանի եւ Նժդեհի արձանների գեղագիտական տեսքը: Եթե կա էլ, ապա դա թող անեն գեղագետները, կամ նրանք, ովքեր հստակ պատկերացնում են, թե ինչպիսին պետք է լինեին այդ արձանները: Ես, օրինակ, չեմ պատկերացնում, բայց այսպես չէի պատկերացնում` հաստատ. ինձ արձանները դուր չեկան` երկուսն էլ:
Իսկ Բաբաջանյանն ու Նժդեհը արժանացե՞լ են մեր քաղաքում արձան ունենալու պատվին /դա նրանց համար էլ պատիվ է, ի դեպ, անգամ` նրանց համար/: Իմ կարծիքով` արժանացել են, այլ հարց է, թե ինչո՞ւ Բաբաջանյանի արձանը չէին տեղադրել իր երկրում, իսկ նրա երկիրը՝ Սովետական Հայաստանն էր, կամ ինչո՞ւ ենք մենք հիմա տեղադրում Նժդեհի արձանը: Սրանք թեև կարեւոր, բայց այլ հարցեր են:
Այս պատմության մեջ մի փոքրիկ նրբություն կա, որն ինձ գոնե ամենակարեւորն է թվում: Տեսե'ք` Բաբաջանյանին նստեցրել են, Նժդեհին՝ կանգնեցրել: Սա շատ կարեւոր է, որովհետեւ Բաբաջանյանը երբեք չի նստել, իսկ Նժդեհը նստել է, ավելին` Նժդեհը նստել է այն երկրում եւ այն իշխանությունների հրահանգ-որոշմամբ, որոնց մեկ այլ հրահանգ-որոշմամբ Բաբաջանյանն արժանացել է մարշալի, ապա` Սովետական Միության հերոսի կոչման: Այսինքն` սկզբունքային առումով, գաղափարական առումով Բաբաջանյանը եւ Նժդեհը հակառակորդներ են, բայց երկուսն էլ հայ են, երկուսն էլ մեզ համար հերոս են: Հետաքրքի՞ր է: Ես կասեի՝ հարաբերական է: Նկատի ունեմ՝ հերոս լինելը:
Հերոսը, պարզվում է խիստ հարաբերական երեւույթ է, այսինքն` եթե մեկն այսօր հերոս է, օրինակ` Լենինը, ապա փաստ չէ, որ վաղը նրա արձանը չեն կոտրելու, իսկ եթե մեկը երեկ հերոս չէր, օրինակ` Նժդեհը, ապա փաստ չէ, որ այսօր նրա արձանը չեն կանգնեցնելու` հենց կանգնեցնելու, որ հասակից, տեսքից, մեծությունից ավելի զգաստանանք ու ակամայից խոնարհվենք: Կամ՝ ոչ ակամայից` նայած, թե ինչպես եք վերաբերվում Նժդեհին: Ի դեպ՝ լա՞վ, նկատի ունեմ՝ միանշանակ լա՞վ: Այսինքն` հա'մ Նժդեհին եք միանշանակ լավ վերաբերվում, հա'մ՝ Բաբաջանյանի՞ն: Այդպես լինո՞ւմ է: Առաջ, երբ դեռ Նժդեհի` ոչ թե արձանը դնելու, այլ նրա մասին խոսելու համար դարերով կփակեին, այդպես չէր լինում, չէր կարող լինել, հիմա, փաստորեն, լինում է:
Հիմա ամեն ինչ խառնվել է: Կա կարծիք, որ ոչ թե խառնվել է, այլ միահյուսվել է, ամբողջացել է, դե, այսինքն, մենք ազգովի հասկացել ենք, թե ովքեր են մեր հերոսները, որոնք, անկախ նրանից, թե որ ժամանակում են գրանցել իրենց հերոսությունը, հերոս են: Այսինքն` ե'ւ կոմունիստներն էին հերոս, ե'ւ դաշնակցականները, ե'ւ ազգային-ծայրահեղականները, բոլորը: Սա խառնել չէ՞, այդ մարդիկ միմյանց դեմ պայքարել են, ախր: Եթե Բաբաջանյանին հարցնեիք, թե ի՞նչ կարծիք ունի Նժդեհի մասին, գիտե՞ք, թե ինչ կասեր: Չէ, փաստ չէ, որ վատ բան կասեր, բայց ի՞նչ կասեր, գիտե՞ք: Իսկ եթե Նժդեհին հարցնեիք սովետական բանակում կռվող եւ լավ կռվող հայ զորավարների մասին, ի՞նչ կասեր…
Հիմա ի՞նչ պետք է անենք, արձանների առջեւ ծաղիկ դնելու օրերին` նկատի ունեմ: Սկզբում գնալու ենք, ծաղիկներ ենք դնելու Բաբաջանյանի արձանին, հետո՝ Նժդեհի՞, թե՞ հակառակը: Հակառակն էլ նույնն է, նույնն էլ ողբերգություն է: Ողբերգություն է, որովհետեւ մեր հերոսները միմյանց դեմ են պայքարել, հաճախ` ոչ անձնապես, գաղափարով կամ զենքով, ուրեմն նրանցից մեկը հերոս չէ, կամ երկուսն էլ հերոս չեն, կամ երկուսն էլ հերոս են, բայց մենք չգիտենք, թե հերոսն ո՞վ է…
Եվ պետք էլ չէ, որ իմանանք, քանի որ ոչ մի ժողովուրդ չգիտի, թե հերոսն ով է: Հերոսին որոշում է ժամանակը` միայն ժամանակը: Չարենցն ասում էր՝ «Թե ուզում ես երգդ լսեն, ժամանակիդ շունչը դարձիր»: Հետո էլ ասում էր՝ դոփում են, դոփում են, դոփում են ձիերը… Ի դեպ, Չարենցը հերոս է, ոչ թե` որովհետեւ այսպես է գրել, այլ հերոս է, որովհետեւ հիմա կարդում են նրան: «Հիմա»-ն կարեւոր բառ է, երբ խոսում ենք հերոսների եւ հերոսության մասին:
Հիմա մենք հերոս չունե՞նք…
Հովիկ Աֆյան