կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-25 18:27
Քաղաքական

Խստագույնս պետք է պատժվեն նման միջադեպեր հրահրողները. Վահրամ Բաղդասարյան

Խստագույնս պետք է պատժվեն նման միջադեպեր հրահրողները. Վահրամ Բաղդասարյան

Հանրապետական կուսակցության գլխավոր գրասենյակում տեղի էր ունենում տարածքային թեկնածուների և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը: Հանդիպումից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կազմակերպչական հարցեր էինք քննարկում։

Բաղդասարյանի խոսքով՝ առանձին անդրադարձ Մասիսի դեպքի հետ կապված չի եղել: «Ընդհանուր կարգապահության մասին է խոսվել, որ պետք է նման դեպքեր չլինեն, այլ պետք է կանխարգելվեն»,- ասաց Բաղդասարյանը, ապա  հավելեց.  «Թիմը պետք է լինի հաշտ, համերաշխ և պատասխանատվություն կրի ոչ միայն  իր համար, այլ ընդհանուր մթնոլորտի համար, որպեսզի մենք կարողանանք անցկացնել այնպիսի ընտրություններ, որ ընկալելի կլինի և՛ մեր հանրության, և՛ միջազգային հանրության համար»:

Հարցին` բացառում է, որ կլինեն նման միջադեպեր, Բաղդասարյանն արձագանքեց. «Մենք պետք է հետևողական լինենք, որպեսզի չլինեն, խստագույնս պետք է պատժվեն նման միջադեպեր հրահրողները»:

Բաղդասարյանը նաև հավելեց, որ ընդհանուր առմամբ ոչ ոք չի բացառում մրցակցությունը և, որ թիմի ներսում էլ մեկը մյուսի դեմ պայքարում են, բայց իրենց նպատակը պետք է մեկը լինի՝ հանրապետականի ընդհանուր արդյուքնը, և ոչ թե անհատներինը:

Հարցին՝ էլ ինչպե՞ս է կանխարգելվելու որ նման դեպքեր այլևս չլինեն, գուցե ասվել է, որ ինչ-որ տարածքներում կոնկրետ թեկնածուներ պետք է շտաբներ ունենան, Բաղդասարյանը պատասխանեց. «Ոչ, որևէ մեկը նման սահմանափակում չի կարող դնել: Օրենքի սահմաններում ինչքան որ  հնարավորություն կլինի, օրենքը ինչքան որ թույլ կտա տեղեր հատկացնելու շտաբները պետք է լինեն այդտեղ»: