կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-25 15:47
Տարածաշրջան

Թուրքիայի Մարդու իրավունքների միությունը Ցեղասպանության հիշատակի միջոցառում է անցկացրել

Թուրքիայի Մարդու իրավունքների միությունը Ցեղասպանության հիշատակի միջոցառում է անցկացրել

Թուրքիայի Մարդու իրավունքների միությունը (İHD) Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ Ստամբուլում հիշատակի միջոցառում է կազմակերպել. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Թուրքական Sözcü.com լրատվակայքի տեղեկացմամբ՝ միջոցառմանը, İHD-ի ղեկավարներից ու անդամներից բացի, մասնակցել են նաև ֆրանսիացի սենատոր և հայ-ֆրանսիական բարեկամության խմբի ղեկավար Ֆիլիպ Քալթենբախը, Եվրախորհրդարանի պատգամավոր Ժյուլի Վարդը, Եվրոպական հասարակական հակառասիստական շարժման նախագահ Բենջամին Աբդանը: Միջոցառումը սկսվել է նավակով երթով, որի ընթացքում Լեման Շթեհնը հնչեցրել է հայերեն շարականներ: Միջոցառման մասնակիցները կրել են Ցեղասպանությանը զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարները:

Հայդարփաշա կայարանում միջոցառման մասնակիցները երեք լեզվով՝ հայերեն, թուրքերեն և անգլերեն, մամուլի հաղորդագրություն են հրապարակել: Թուրքերեն  տեքստը ներկայացրել է İHD-ի իրավապաշտպաններից Էրեն Քեսքինը: Հաղորդագրության տեքստում մասնավորապես ասված է. «101 տարի առաջ այս օրը՝ 1915թ. ապրիլի 24-ին, սկիզբ առան հայ մտավորականների ձերբակալությունները: Հայ բնակչության բոլոր խավերի ներկայացուցիչները, մասնավորապես` մտավորականները, բանաստեղծները, գրողները, լրագրողները, Սարայբուրնուից նավերով բերվեցին այստեղ՝ Հայդարփաշա: Ապա տարվեցին Անատոլիայի խորքերը՝ դեպի մահ: Շատ քիչ թվով մարդիկ կարողացան փրկվել: Նրանցից շատերը սպանվեցին: Ցեղասպանության գործընթացը, ըստ էության, այդ ձերբակալություններով սկսվեց»:

Հայտարարությունում նաև նշվել է, որ, ըստ Պոլսո հայոց պատրիարքարանի տվյալների, Օսմանյան կայսրությունում շուրջ 2 մլն հայ էր բնակվում: Նրանք զբաղեցնում էին 2.925 բնակավայր՝ քաղաքներ, գյուղեր, շրջաններ: Հայկական համայնքն ուներ 996 դպրոց, որոնցում սովորում էր 173.000 աշակերտ: Գործում էին նաև 2.538  եկեղեցի և վանական համալիր: «Ահա այսպիսի աշխույժ հայկական համայնքը և նրա հասարակական կյանքը ոչնչացվեցին», - ասված է İHD -ի հայտարարությունում:

Հաղորդագրության տեքստի հրապարակումից հետո մեկ րոպե լռությամբ հարգվել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը, ապա ևս մեկ անգամ հնչեցվել են հայերեն երգեր, զոհերի հիշատակին մեխակներ են նետվել ծով: