կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-01 19:05
Հասարակություն

ԵԽԽՎ-ում կազմակերպվել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությամբ միջոցառում

ԵԽԽՎ-ում կազմակերպվել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությամբ միջոցառում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում սեպտեմբերի 30-ին Հայաստանի պատվիրակությունը նախաձեռնել է միջոցառում՝ «Արդյո՞ք մարդու իրավունքները համընդհանուր են. «գորշ գոտիների» մոռացված մարդիկ» խորագրով, այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։

Քննարկման հիմնական բանախոսներն են եղել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը և ԵԽԽՎ նախկին փոխնախագահ, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախկին ղեկավար Ռընե Ռուքեն:

Դահլիճը եղել է բազմամարդ, ներկա են եղել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորներ, ԵԽ քարտուղարության ներկայացուցիչներ, փորձագետներ, դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն իր բացման խոսքում վկայակոչելով 2018 թվականին ընդունված ԵԽԽՎ «Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգային մարմինների կողմից անդամ երկրներ, այդ թվում՝ «գորշ գոտիներ» անսահմանափակ մուտքի վերաբերյալ» բանաձևը՝ նշել է, որ այսպես կոչված «գորշ գոտիներում» ապրող մարդկանց իրավունքները քննարկման առարկա են այնպիսի հայտնի կազմակերպություններում, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ը, ԵԽ-ն և այլն: Նա իր խոսքում մասնավորապես շեշտել է. «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը սահմանում է, որ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների իրացումը չպետք է կախված լինի այն տարածքի կարգավիճակից, որտեղ բնակվում են ժողովուրդները: Մարդու իրավունքներն իրենց բնույթով համընդհանուր են, և երբ խոսքը վերաբերում է դրանց պաշտպանությանը, մոնիթորինգին և գնահատմանը, չպետք է լինեն անտեսված տարածքներ և մոռացված մարդիկ»:

ԱԺ պատվիրակության ղեկավարն իր խոսքում նաև անդրադարձել է միջազգային հանրության դերակատարությանն այդ տարածքներում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության գործում՝ շեշտելով իրադրության ճիշտ և ժամանակին գնահատման և հակազդող միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը:

Հանդիպման հաջորդ բանախոսը՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ներկայացրել է դեռևս միջազգային ճանաչում չստացած պետություններում մարդու իրավունքների՝ անտեսված լինելու պատճառները, իրական հետևանքներն ու ազդեցությունը մարդկանց կյանքում: Նա շեշտել է, որ համապատասխան կազմակերպությունների, ինչպես նաև Մարդու իրավունքների ԵԽ հանձնակատարի մուտքը նման պետություններ պետք է լինի ազատ: Արտակ Բեգլարյանը ներկայացրել է ԵԽ որոշ անդամ պետությունների շարժառիթները՝ միտված մոնիթորինգային մեխանիզմների մուտքն արգելափակելուն:

Ըստ բանախոսի՝ միջազգային հանրությունը պետք է ավելի ակտիվ դերակատարում ունենա այս հարցում: Նա ընդգծել է, որ միջազգային ճանաչման բացակայությունը պետք է նվազագույն ազդեցություն ունենա մարդու իրավունքների պաշտպանության հարցում, այլապես միջազգային կազմակերպությունները չպետք է խոսեն մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքի մասին:

Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել է, որ, հակառակ Ադրբեջանի կողմից տարվող մեկուսացման քաղաքականության՝ Արցախը ստանձնել է միջազգային պարտավորություններ` միակողմանիորեն միանալով Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային, ՄԱԿ-ի մի շարք միջազգային դաշնագրերին, ինչպես նաև Ժնևյան կոնվենցիաներին: Արտակ Բեգլարյանը շեշտել է, որ անկախ միջազգային կարգավիճակից՝ Արցախի իշխանությունները և հասարակությունը շարունակելու են ամրապնդել արդեն իսկ գործող մեխանիզմները՝ ապահովելով Արցախում մարդու իրավունքների պատշաճ պաշտպանությունը:

Իր հերթին ԵԽԽՎ նախկին փոխնախագահ Ռընե Ռուքեն խոսել է Ադրբեջանի կողմից Արցախի մեկուսացման քաղաքականության մասին և կոչ արել միջազգային հանրությանը գիտակցել մարդու իրավունքների առաջնայնությունը, այդ թվում՝ հիմնահարցերի խաղաղ կարգավորման համատեքստում: