կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-05 20:14
Առանց Կատեգորիա

ԼՂ պատերազմը տեղափոխվում է դիվանագիտական դաշտ

ԼՂ պատերազմը տեղափոխվում է դիվանագիտական դաշտ

 Այն ինչ կատարվում էր ղարաբաղյան ռազմաճակատում անցած 4 օրերին, առավելապես դիրքային պատերազմ էր, որն առայժմ իր մեջ լայնածավալ պատերազմի էական տարրեր չի պարունակում։

Չի բացառվում, որ ադրբեջանական զինուժը ի սկզբանե նախատեսել էր ղարաբաղյան առաջապահ դիրքերի գրավման նպատակով իրականացնել միայն նախկիններից էապես տարբերվող դիվերսիոն մասշտաբային անակնկալ գործողություններ՝ թե հայկական կողմին և թե ՄԽ համանախագահներին նոր ստատուս քվոի հաստատման փաստի առաջ կանգնեցնելու և բանակցային ուժեղ դիրք գրավելու համար։ Ադրբեջանական կողմի հաշվարկը թերևս եղել է այն, որ կհաջողվի կարճ ժամանակով պահպանել գրավված դիրքերը, մինչև միջազգային հանրության ճնշման տակ կրակը կդադարեցվի և հայկական կողմը ստիպված կլինի համակերպվել իր պարտադրած նոր իրավիճակին՝ թե տարածքային, թե մարդկային և թե բարոյահոգեբանական լրջագույն կորուստներով։ Թերևս դրանով էր պայմանավորված հարձակումը նախաձեռնելուց և հայկական դիրքերում ամրապնդվելուց ընդամենը ժամեր անց հայկական կողմին և միջազգային հանրությանն ուղղված ուղերձն այն մասին, թե Բաքուն միակողմանի դադարեցնում է ռազմական գործողությունները։ Դրանով Բաքուն փորձեց քաղաքական ամրագրում տալ իր դիրքային հաջողությանը։ Ադրբեջանին թվաց, թե լուծել է մինիմում խնդիրը։ Դրանով էին բացատրվում թե իրադարձություններից առաջ ընկնելով նախագահ Ալիևի խիստ հաղթողական տոնայնությամբ ճառը իր հրավիրած անվտանգության խորհրդի նիստում և թե այդ հաջողությունների համար Բաքվին շնորհավորելու Անկարայի շտապողականությունը։

Սակայն ԼՂՀ պաշտպանության բանակի հուժկու հակահարվածը, գրավված դիրքերը վերադարձնելը, ադրբեջանական զինուժի կրած անասսելի մարդկային ու տեխնիկական կորուստները և այն փաստը, որ միջազգային հանրությունը երկու օր շարունակ որևէ գործնական քայլ չարեց ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով կողմերի նկատմամբ սպասված ճնշում գործադրելու ուղղությամբ, շատ արագ Բաքվին հասկանալի դարձրին, որ սա ոչ թե հաղթանակ էր, այլ իսկական ռազմաքաղաքական փակուղի։

Մի կողմից Ադրբեջանը  չէր կարող զարգացնել նախնական հաջողությունը, նույնիսկ պահպանել նախնական ձեռբերումը, ինչը բացահայտեց ադրբեջանական «անպարտելի» բանակի իրական որակը։ Իսկ մյուս կողմից՝ նահանջել չէր կարող, քանի որ դա հաղթողական ուղերձներից հետո կդիտվեր պարտություն, որը կարող էր հենց երկրի ներսում շատ թանկ նստել Ալիևի վրա՝ սեփական իշխանությունը պահպանելու տեսանկյունից։ Բացի դրանից՝ Ռուսաստանը երեկ Դաղստանում, Ադրբեջանի հետ սահմանին  մոտ սկսած զորավարժությամբ փաստացի հասկացրեց, որ կտրականապես դեմ է հարավկովկասյան տարածաշրջանը նոր պատերազմական գոտու վերածող Բաքվի արկածախնդրությանը, ինչը չէր կարող զսպող ազդեցություն չունենալ Ալիևի և նրան այսպիսի անպատասխանատու քայլերի դրդող պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի վրա։ Այս իրավիճակում Ալիևի համար սեփական դեմքը փրկելու միակ տարբերակը մնում էր կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների ձեռբերումը, ինչին ստիպված եղավ գնալ այն դեպքում, երբ մինչ այդ փաստացի ներկայացրել էր հայկական զորքերը «օկուպացված» բոլոր տարածքներից հանելու ուլիտմատումը։

Անկախ նրանից, սակայն, թե ինչ պայմաններով է նոր հրադադարը հաստատվում, կամ հաստատվում է արդյոք թե ոչ, ակնհայտ է մեկ բան՝  ԼՂ հիմնահարցում ստեղծվել է բոլորովին նոր իրավիճակ։ Ալիևի արկածախնդրությունը հնարավորություն տվեց միջազգային ուժային կենտրոններին, տարածաշրջանում սեփական հետաքրքրություններն ունեցող երկրներին դիվիդենտներ քաղել ստեղծված այդ նոր իրադրությունից, որտեղ Ադրբեջանն այլևս իրադրության տերը չէ, այլ միայն մասնակիցն է, կամ օբյեկտը։

Միակ լուրջ հաջողությունը, որն արձանագրեց Բաքուն 4-օրյա այս պատերազմում, այն էր, որ վերջնականապես հանեց կոնֆլիկտը կիսասառեցված, կոնսերվացված վիճակից և ստատուս քվոյի փոփոխության հարցը դարձրեց միջազգային օրակարգի ամենահրատապ խնդիրներից մեկը։ Բաքվի նպատակը երկար ժամանակ աշխարհի անտարբերությունը, ստեղծված կիսաքարացած վիճակի հանդեպ լոյալ վերաբերմունքը փոխելն էր և նա հասավ դրան։ Ողջ հարցն այն է՝ ինչ տվեց դա նրան։

Հիմա խնդիրն աստիճանաբար ռազմաճակատից տեղափոխվում է դիվանագիտական պատերազմի հարություն, սակայն ոչ ոք, առավելևս մինչև հիմա միջազգային հանրության և Մինսկի խմբի համանախագահների հետ շանտաժի լեզվով խոսող Բաքուն չի կարող ասել, թե ինչպիսի շրջադարձեր տեղի կունենան բանակցային պրոցեսում, հիմնահարցի կարգավորմումն ինչպիսի տրանսֆորմացիաների կենթարկվի։ Բաքուն ուզում էր ապացուցել, որ Մինսկի խումբը գոյություն չունի, ուզում էր հասնել ՄԽ-ի ձևաչափի փոփոխությանը, սակայն ստացվում է, որ նա կամա թե ակամա մոտիվացրեց ՄԽ եռանախագահությանը, վերջինիս միջնորդական առաքելությունը դարձրեց ավելի պահանջարկված։ Արդեն հաստատվել է, որ այսօր Վիեննայում  ընթացող ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի Մշտական խորհրդի արտակարգ նիստից հետո ՄԽ երեք համանախագահները ժամանում են Լեռնային Ղարաբաղ, ինչը փաստացի նշանակում է, որ բանակցային գործընթացն ինտենսիվանալու, ինչից արդեն փախուստ տալ Բաքվին չի հաջողվելու, չնայած բանակցությունները տապալելու Ադրբեջանի իշխանությունների տևական և հետևողական ջանքերին։ Ավելին՝ չի բացառվում, որ շփման գծում հրադադարի պահպանման և սահմանային միջադեպերի վերահսկողության մեխանիզմների ներդրման ամերիկյան առաջարկն արդեն պարտադրվի Բաքվին, և անգամ Ռուսաստանը, որն այնքան էլ ոգևորված չէր Վաշինգտոնի այդ նախաձեռնությամբ, տարածաշրջանում լայնածավալ պատերազմ թույլ չտալու, Ալիևին օղակելու առաջնահերթությունից ելնելով վերջնականապես համաձայնի դրանց ներդրմանը։

Բաքուն տակտիկական պարտություն կրեց նաև քարոզչական դաշտում, որովհետ հայկական կողմի նկատելիորեն գրագետ քարոզչական քաղաքականության և հատկապես այս հարցում ԼՂՀ-ի՝ ի դեմս նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի, ԱԳՆ-ի, ՊԲ-ի, գերակտիվ հրապարակային գործունեության շնորհիվ ԼՂՀ-ն միջազգային լրատվամիջոցներով սկսեց ավելի շատ մատուցվել որպես առանձին սուբյեկտ և տեղեկատվական-քարոզչական դաշտում հանդես եկավ որպես հակամարտության կողմ։

Հիմա ողջ հարցն այն է, թե ինչպես է հայկական կողմը կարողանալու օգտագործել Ադրբեջանի այս սայթաքումը։ Այս իմաստով առաջնային է դառնում թե մինչև ապրիլի 1-ը եղած բնագծերին վերադառնալը և թե հատկապես ԼՂՀ-ին բանակցային լիարժեք կողմ դարձնելը, ինչի անհրաժեշտության մասին երեկ հստակ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Առանձնակի նշանակություն ունի այն, թե ներկայիս կուլիսային բանակցություններում ինչ դեր է վերապահվելու ԼՂՀ-ին։

Գևորգ Դարբինյան