Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վերջին օրերին հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության թուլացման միտումներ են դրսևորվում: Եթե հոկտերմբերի 16-ին ԼՂՀ ՊԲ-ն տեղեկացնում էր հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը 120 անգամ խախտելու, հայկական դիրքերի ուղղությամբ 2600 կրակոց, 60 մմ և 82 մմ ականանետներից 20 արկ արձակելու մասին, ապա արդեն հոկտեմբերի 22-ի տվյալներով` խոսքը գնում էր 60 խախտման, 900 կրակոցի և 60 մմ ականետներից 3 արկ արձակելու մասին: Վերջին օրերին տեղեկություններ չկան նաև սահմանամերձ բնակավայրերի ինտենսիվ գնդակոծության և արկակոծության մասին: Որքան էլ այս միտումներն ուրախացնող լինեն, այնուամենայնիվ, հարց է առաջանում` ինչո՞վ է պայմանավորված հակառակորդի այս «տեղատվությունը»:
Հոկտեմբերի 26-ին տարածաշրջան են այցելելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ավելի վաղ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նշել էր, որ այցի հիմնական նպատակն այս տարվա ընթացքում նախատեսված` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախապատրաստումն է, որի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել սեպտեմբերի վերջին Նյու Յորքում կայացած` արտգործնախարարների հանդիպման ընթացքում: Սակայն նախօրեին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե հստակ չէ համանախագահների այցի օրակարգը, և չպետք է շտապել նախագահների հանդիպման օրը և վայրը որոշելու հարցում: Բաքուն դրանով հասկացնում է, թե չի բացառում նաև այս անգամ Սարգսյան-Ալիև հանդիպման տապալումը:
Դատելով Հայաստանից հնչող ազդակներից` այդ հանդիպման հետ կապված մեծ հույսեր չեն կապում նաև Երևանում: ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այսօր լրագրողներին ասել է, թե բանակցությունները որևէ արդյունք չեն տալու, քանի դեռ Ադրբեջանը չի փոխել իր ապակառուցողական քաղաքականությունը և «խելքը գլուխը չի հավաքել»: Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների` Երևանում անցկացվող միջազգային համաժողովի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին է սուր քննադատության ենթարկել Ադրբեջանի իշխանությանը համանախագահների կոչերն անտեսելու, ԼՂ հիմնահարցի պատմաիրավական հիմքերն աղավաղելու և ԼՂ հարցով ՄԱԿ-ի 4 բանաձևերը խախտելու համար: Նախագահների հանդիպումից անգամ տեսականորեն դրական ակնկալիքներ ունենալու դեպքում դժվար թե համանախագահների այցի նախօրեին Երևանն այսքան կոշտացներ հռետորությունը:
Այսպիսի արձագանքները մշտապես ուղեկցվել են Ադրբեջանի կողմից սահմանային լարվածության կտրուկ մեծացմամբ, առավել ևս` համանախագահների տարածաշրջանային այցերին ընդառաջ: Եվ այն հանգամանքը, որ Բաքվի վարքագիծն այս անգամ կտրուկ տարբերվում է նախկինում կիրառվող մարտավարությունից, հուշում է, որ իրավիճակի համեմատական կայունացման պատճառներն այլ են:
Ըստ ամենայնի` դա պայմանավորված է ներքաղաքական երեք իրողությամբ: Առաջինը նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններն են: Արևմուտքի կողմից այդ ընտրությունների փաստացի բոյկոտումն Ալիևի վարչակազմին ստիպում է ավելի զգույշ լինել և ավելի ուշադրություն դարձնել ընտրությունների կազմակերպմանը` դրանք գոնե հարաբերականորեն հանգիստ անցկացնելու նպատակով: Որովհետև, անկախ նրանից` դրսից դիտորդներ կլինե՞ն Ադրբեջանում, թե՞ ոչ, բոլորի ուշադրությունը սևեռված է լինելու Բաքվի վրա, և այդ ընտրությունները վճռորոշ նշանակություն կարող են ունենալ, ընդհուպ` Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կամ չկիրառելու որոշում կայացնելու համար: Քանի դեռ ընդդիմությունը բավականաչափ վերահսկելի է ալիևյան վարչակազմի համար, Բաքուն, թերևս, զերծ կմնա սահմանի ապակայունացման փորձերից: Սակայն եթե Ալիևը իրավիճակն իր վերահսկողությունից դուրս թողնելու անգամ չնչին մտավախություն ունենա, ինչի հնարավորությունը հատկապես կարող է մեծանալ քվեարկության և դրան հաջորդող մի քանի օրերին, որևէ կասկած լինել չի կարող, որ դիմելու է պատերազմի սպառնալիքի ստեղծման մանիպուլյացիային` փորձելով դրանով հոգեբանորեն ճնշել սեփական հասարակությանը:
Երկրորդ պատճառն այն է, որ ընտրություններին զուգահեռ Ադրբեջանում, կարծես, տեղի են ունենում չափազանց լուրջ, մերթ ընդ մերթ ցնցումներով ուղեկցվող ներիշխանական վերադասավորումներ, որոնք տպավորություն են ստեղծում, թե այդ երկրում անհաջող հեղաշրջման փորձեր են կատարվում: Դիվանագիտական կորպուսի մի մասի բոյկոտին, որի հետևանքով լուրջ կադրային փոփոխություններ տեղի ունեցան արտգործնախարարությունում, հաջորդեց Ադբեջանի ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովի պաշտոնանկությունն ու կալանավորումը, որին էլ հաջորդեցին մասսայական ձերբակալություններն այդ համակարգի միջին և ստորին օղակներում: Այս զարգացումները տեղի ունեցան Ալիևի կողմից ազգային անվտանգության խորհրդի նիստի անցկացումից հետո, ինչն անթաքույց ակնարկ էր, որ տեղի ունեցողն ուղղակիորեն առնչվում է երկրի ներքին անվտանգությանը: Թե ո՞ւր են տանում այս խմորումներն Ադրբեջանին, հայտնի չէ: Սակայն չի կարելի բացառել, որ Ալիևը հիմա բանակի օժանդակության կարիքն ավելի շատ երկրի ներսում է տեսնում, քան Հայաստանի ու Արցախի հետ կոնֆլիկտի համատեքստում: Ի դեպ, թե\' ընտրությունները և թե\' ներիշխանական այս ցնցումները կարող են Ալիևի համար Սարգսյանի հետ հանդիպումից խուսափելու պատճառ հանդիսանալ:
Եվ վերջապես երրորդը` կարծես իրականանում են այն կանխատեսումները, որ Ադրբեջանը կարող է դառնալ ռուսական ռմբակոծություններից ու սիրիական բանակի հարձակողական գործողություններից Սիրիայից ու Իրաքից ճողոպրող իսլամիստ ծայրահեղականների հանգրվաններից մեկը: Նախօրեին ադրբեջանա-վրացական սահմանին ձերբակալվել էր Ադրբեջան մուտք գործելու փորձ կատարող` ԻՇԻՊ-ի մարտիկներից մեկը: Այսօր հայտնի դարձավ, որ հատուկ ծառայությունների կողմից իրականացված գործողության արդյունքում Բաքվում մոտ 40 հոգանոց ծայրահեղականների խումբ է ձերբակալվել: Եթե այս տեմպերով շարունակվի, ապա չի բացառվում, որ Ադրբեջանը վերածվի ոչ թե միայն իսլամիստ ծայրահեղականների որջի, այլև պատերազմի նոր թատերաբեմի: Եվ սա առավել քան լուրջ պատճառ է Ալիևի համար` գլուխն ավելի շատ բոլոր կողմերից սրվող ներքին խնդիրներում թաղելու համար:
Գևորգ Դարբինյան