Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2015-ի նոյեմբերի 3-ին Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ Մոսկվայից Երեւան եկող ավտոբուսի վթարի հետևանքով մեծ թվով վիրավորներ ունեցանք: Այդ օրերին մեծ աղմուկ բարձրացվեց. Տուլա մեկնեցին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի ներկայացուցիչներ, ՏԿԱԻՆ-ի ներկայացուցիչներ…
Ավտովթարի հետևանքով 9 մարդ մահացավ, մյուսները հիվանդանոցներում` տեղի և հայաստանյան, բուժում էին ստանում: Վիրավորների թվում կային նաև ծանր վիճակում գտնվողներ, մարդիկ, որոնք կրկնակի վիրահատության էին ենթարկվել և բազում կոտրվածքներ ունեին:
Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն` իմանալու, թե վիրավորներից նրանք, ովքեր ծանր վիճակում էին, լիովին ապաքինվա՞ծ են դուրս գրվել հիվանդանոցներից, և արդյո՞ք կապ պահպանվում է նրանց հետ` տեղեկանալու` որևէ բարդացումներ չկա՞ն նրանց մոտ:
Առողջապահության նախարարությունից yerkir.am-ին տեղեկացրին, որ վթարի հետևանքով տուժածներն ապաքինված դուրս են գրվել: Նաև հայտնեցին, որ ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում բուժվել է 21 անձ, Մ. Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրում` 1 անձ, իսկ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ամբուլատոր և ստացիոնար դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 7 անձ: Ինչ վերաբերում է հիվանդների հետ կապ պահպանելուն, ապա նախարարությունը շրջանցել է այս հարցը:
Բացի այդ` նախարարությունից նաև ցանկանում էինք ճշտել` տուժածների թվում կա՞ն մարդիկ, ովքեր հաշմանդամություն են ձեռք բերել, եթե` այո, քանի՞սն են նրանք, ո՞ր կարգի հաշմանդամություն ունեն և ի՞նչ վնասվածքի պատճառով են հաշմանդամություն ձեռք բերել: Նախարարությունից պատասխանել էին, որ բժշկա-սոցիալական փորձաքննության հանձնաժողովները, որոնց սահմանված կարգով վերապահված է հաշմանդամության կարգի որոշումը, գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ներքո, ուստի անհրաժեշտ է դիմել նրանց:
Նույն հարցմամբ գրավոր դիմեցինք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչությունից, ի պատասխան մեր հարցմանը, ստացանք նման գրություն. «Հարգելի գործընկեր, ձեր դիմումի կապակցությամբ հայտնում եմ, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած ավտոբուսի վթարից տուժվածների վերաբերյալ տվյալներ չունի»: Սա, ի դեպ, ինչպես բանավոր զրույցի միջոցով պարզեցինք, ոչ թե նշանակում է, որ դեպքից տուժածների մեջ չկան հաշմանդամություն ձեռք բերած մարդիկ, այլ նախարարությունը պարզապես իրավասու չէ տալ մարդկանց անուններ, թե ովքեր են ձեռք բերել հաշմանդամություն:
Առողջապահության նախարարությունից փաստում են` հիվանդները դուրս են գրվել ապաքինված, չնայած հիշեցնենք, որ կային մարդիկ, ովքեր վիրահատվել և բուժում էին ստացել ՌԴ հիվանդանոցներում, ուստի նրանց հետ հետագա կապի պահպանումը միայն կարող էր նրանց ներկայիս առողջական վիճակի մասին ինֆորմացիա տալ:
Հիշեցնենք, որ Տուլայից Երևան ժամանող ավտոբուսում մեծ մասամբ ՀՀ մարզերի բնակիչներն էին` «խոպանից» վերադարձող տղամարդիկ: Պարզ է, չէ՞, որ նրանք սոցիալական լավ պայմաններում չէին ապրում, իսկ երբ տան տղամարդը նաև առողջական ինչ-ինչ խնդիրներ է ունենում, բնականաբար, սոցիալական բեռն ավելի ծանր է լինում: Ճիշտ է, ՀՀ կառավարությունը վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին տրամադրեց 1 մլն 500 հազար ՀՀ դրամ, իսկ ՀՀ և ՌԴ հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորներին՝ 700 000 դրամ, ավտոբուսի մյուս բոլոր ուղևորներին՝ 500 000 դրամ, սակայն եթե նրանց մեջ կան մարդիկ, ովքեր հաշմանդամություն են ձեռք բերել, ինչը, ցավոք, «գաղտնի ինֆորմացիա» համարվեց, դժվար թե 500 000 դրամը դարդին դարման անի:
Այդ օրերին նաև մեծ աղմուկ բարձրացվեց, որ կարիք կա կանոնակարգելու միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացման գործընթացը, սակայն աղմուկը կամաց-կամաց իր տեղը զիջեց մյուս իրադարձություններին, ինչպես լինում է սովորաբար:
Ի դեպ, հիշեցնենք նաև, որ վթարի հետ կապված քրեական գործ էր հարուցվել «Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում» հոդվածով։ Համանման քրեական գործ է հարուցված նաև Հայաստանում. վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է: Դեպքի հետ կապված` նախնական հետաքննության ժամկետը երկարաձգվել է մինչև 2016-ի ապրիլը, բայց, գործի բարդությունից և բազմաթիվ փաստաթղթերի ուսումնասիրության անհրաժեշտությունից ելնելով, այն կարող է կրկին երկարաձգվել:
Պատկան մարմինների անհետևողական աշխատանքն արդեն գործելաոճ է դառնում, որի սցենարն արդեն հայտնի է` աղմուկ է բարձրացվում, իրենց սրտացավությունն են հայտնում, իսկ որոշ ժամանակ անց մոռանում են դեպքից տուժածների մասին: Թվում է` այդ պահին սթափվում են ու սկսում ոլորտում եղած խնդիրների մասին ակտիվորեն խոսել, բայց, ցավոք, պահը, օրն անցնում է, և դեպքերն ուղղակի անցյալ են դառնում, արդյունքում` տուժում են մարդիկ, որոնց խնդիրները մնում են չլուծված:
Կարինե Հարությունյան