Քաշաթաղի հյուսիսային թեւում էլ հեռուստահաղորդումներ կդիտեն
ԼՂՀ Քաշաթաղի շրջանի հյուսիսային հատվածի բնակիչները շուտով հնարավորություն կունենան դիտել Արցախում հեռարձակվող հեռուստահաղորդումները:
Օրերս ԱԺ-ում կայացած քննարկումների ժամանակ ի պատասխան պատգամավոր Վարդգես Բաղրյանի այն հարցին, թե ինչ է նախատեսվում Քաշաթաղի այդ հատվածում հեռուստահեռարձակման ուղղությամբ, ԿԱ արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ Կառլեն Պետրոսյանը տեղեկացրեց, որ “Ղարաբաղ Տելոկոմ” ընկերությունն այդ հատվածում աշտարակ է նախատեսում տեղադրել, ինչը հնարավորություն կտա նաեւ ապահովել հեռուստաալիքների թվային հեռարձակում` այդ բնակավայրերի բնակիչների համար: Նրանք հնարավորություն կունենան դիտել 54 հեռուստաալիքի հաղորդումներ, սակայն դրանցից անվճար կլինի միայն 10-ը: Ցանկության դեպքում մնացածի համար բնակիչները պետք է վճարեն ամսական 2900 դրամ:
Հիշեցնենք, որ Քաշաթաղի շրջանի զգալի մասում հնարավորություն չունեն դիտել ոչ Արցախի հանրային հեռուստատեսության, ոչ էլ հանրապետությունում հեռարձակվող հայկական եւ ռուսական հեռուստաալիքների հաղորդումները: Ավելին, այս եւ մյուս շրջանների բազմաթիվ բնակավայրերում բնակիչներն ավելի մեծ հնարավորություն ունեն դիտելու ադրբեջանական հեռուստահաղորդումները: