կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-15 18:36
Քաղաքական

ՀՅԴ-ն Վենետիկի հանձնաժողովին է ներկայացրել իր առարկությունները. մանրամասներ

ՀՅԴ-ն Վենետիկի հանձնաժողովին է ներկայացրել իր առարկությունները. մանրամասներ

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը քիչ առաջ լրագրողներին տեղեկացրեց, որ իրենք հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի և ԺՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ ու քննարկել Ընտրական օրենսգրքի վերաբերյալ իրենց առաջարկները, որոնք ներկայացրել են մինչ այսօր:

«Մինչև նախագծի մշակումը մասնագիտական խմբի հետ ունեցել ենք քննարկումներ, և որոշ առաջարկներ այս նախագծում իրացված են: Դրանցից երեքն առանձնացնենք: Ամենակարևորը` անկախ ամեն ինչից, ընդդիմությունը ԱԺ-ում պետք է ունենա տեղերի մեկ երրորդը, նույնիսկ եթե մեկ կամ մի քանի կոալիցիոն ուժեր ունենում են բացարձակ մեծամասնություն, ապա դա չպետք է արգելք լինի, որ ընդդիմությունը իր սահմանադրական լիազորությունները չիրացնի: Սա արդեն իսկ այս նախագծում ամրագրված է»,- ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով` երկրորդ խնդիրը վերաբերում է կայուն խորհրդարանական մեծամասնության դրույթին: «Կային տարընթերցումներ այս առնչությամբ, և գաղափար կար, որ եթե մի ուժ ստանում է հիսուն պլյուս մեկ ձայն, ապա նրան տրվի բոնուս, որպեսզի կայուն խորհրդարանական մեծամասնությունը ապահովի, և հիսունչորս տոկոս տրվի: Մենք սա ևս անարդար ենք համարում և առաջարկել ենք, որ կայուն խորհրդարանական մեծամասնություն կարող են ապահովել նաև ձևավորվելիք կոալիցիաները, նաև` եթե երկու կամ երեք ուժ, միավորվելով, ունենում են հիսուն պլյուս մեկ տոկոս, ապա նրանց էլ պետք է տրվի այդ բոնուսը, որպեսզի կայուն խորհրդարանական մեծամասնությունը ապահովեն»,- նշեց ՀՅԴ-ականը:

Նա ընդգծեց, որ այն արտոնությունը, որ փորձ էր արվում տալ քաղաքական ուժերից միայն մեկին, հիմա տարածել են նաև կոալիցիաների և մյուս ուժերի վրա, որպեսզի մյուսներն էլ կարողանան այդ արտոնություններն ունենալ:

«Երրորդ կարևոր խնդիրը վերաբերում է նրան, որ գաղափար կար` եթե մի կուսակցություն հավաքում է 40 կամ 45 տոկոս ձայն, բայց կոալիցիա չի ձևավորվում, նա պետք է վետոյի իրավունք ունենա` պահանջելու համար երկրորդ փուլ և թույլ չտալու, որպեսզի մյուս ուժերը կոալիցիա ձևավորեն: Սա ևս հանվել է Ընտրական օրենսգրքից»,- ընդգծեց Վարդանյանը:

Նրա խոսքով`այսօր ևս` Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, ներկայացվել են բազմաթիվ խնդիրներ, որոնք քննարկվել են: «Դրանցից կարևորագույնն անձի նույնականացման հարցն էր` տեխնիկական միջոցների այնպիսի կիրառումը և այնպիսի միասնական բազայի ստեղծումը, որը կբացառի այլ անձի, բացակաների փոխարեն քվեարկելը` ոչ միայն ՀՀ-ից բացակայողների փոխարեն, այլ նաև Հայաստանում գտնվող, բայց ընտրությունների չմասնակցողների փոխարեն: Այսօրվա նախագծով նախատեսվում է այնպես, որ կարող է մի ընտրատարածքից պատգամավոր դառնալ նույնիսկ հազար ձայն հավաքած մեկը, բայց մեկ ուրիշ տարածքից տասը հազար ձայն հավաքողը` չդառնալ: Սա ևս մենք անարդար ենք համարում և գտնում ենք, որ եթե պետք է մնա տարածքային պաշտպանության խնդիրը, այստեղ ձայների հաշվառումը պետք է կատարվի հանրապետությունով մեկ»,- ասաց Վարդանյանը:

Ըստ նրա` այսօրվա Ընտրական օրենսգրքով սահմանվում է, որ մարդը յոթ օր առաջ դիմում է ընտրական հանձնաժողովին, որ կարողանա քվեարկել ոչ թե իր հաշվառման վայրում, այլ այնտեղ, որտեղ գտնվելու է այդ օրը: «Մենք ասում ենք, որ սա պետք է հանել Ընտրական օրենսգրքից. մենք բոլորի համար ասում ենք, որ` դու պետք է ՀՀ-ում լինես, որ քվեարկես, բայց ՀՀ-ում գտնվողին էլ թույլ ենք տալիս, որ ինքն այլ տեղամասում քվեարկի: Սա կարծում ենք, որ արդար չէ, և եթե մարդն ուզում է քվեարկել, թող ժամանակ գտնի, հնարավորություն գտնի, տասը կիլոմետր տեղաշարժվի և գնա` իր հաշվառման վայրում քվեարկի»,- նշեց պատգամավորը:

Նա նշեց, որ գործող օրենսգրքով մեծամասնական և համամասնական ընտրակարգեր են, և ժամկետային զինծառայողները մեծամասնականի օգտին քվեարկելու հնարավորություն չունեին, որովհետև ընդամենը երկու տարով գտնվում էին, օրինակ, Սյունիքում, և նրանք չպետք է որոշեն տվյալ տարածքի պատգամավորին: Ըստ Վարդանյանի` այստեղ ևս ճշտելու խնդիր կա:

«Կան նաև ընտրացուցակների հետ կապված խնդիրներ: Մենք առաջարկում ենք` եթե միջազգային փորձը, Սահմանադրական դատարանը և այլ պարագաներ խոչընդոտում են, մենք կողմ ենք ցուցակների հրապարակմանը, բայց եթե կլինի իրավական խոչընդոտ, պետք գտնել այնպիսի մեխանիզմներ, որոնք ցուցակների մատչելիությունն էլ էապես կմեծացնեն»,- ասաց նա:

Վարդանյանը նշեց նաև, որ իրենց համար անհասկանալի է լրագրողների և դիտորդների թվի սահմանափակումը: «Կարծում ենք, որ սա ավելի շատ ինքնակարգավորման մեխանիզմով պետք է լինի: 2000 ընտրատեղամասերից առավելագույնը կարող են դեպքեր լինել քսանում, ոչ ավելի: Փոքրամասնություններին տրվող հարցերը ևս որոշ խնդիրներ են առաջացնում: Որևէ կուսակցություն, որն ուզում է մասնակցել ընտրություններին, ազգային փոքրամասնության ներկայացուցիչ կարող է չուզենալ այդ ցանկում լինել»,- ասաց պատգամավորը: