Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օրերս ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հանդիպել էր մի խումբ արվեստագետների հետ, ովքեր մտահոգված են Երևանում հին շենքերի ճակատագրով: Սարգսյանը խոստացել է, որ Հրշեջների շենքը, «Դոլմամա»-ն չեն քանդվելու, և իրենք կատարելու են իրենց խոստումը:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ նախարարն արվեստագետներից պահանջել է ներկայացնել ցանկ, թե նրանք որ շենքերը չենք ուզում, որ քանդվեն, և խոստացել, որ իրենք ականջալուր կլինեն:
Առաջարկն ուղղակի զավեշտ է: Պատկերացնո՞ւմ եք` արվեստագետները ներկայացնում են ցանկ, թե որ շենքերը չպետք է քանդվեն, իսկ հետո պատկան մարմինները նիստ են գումարում, գերակա շահի անվան տակ սկսում քանդել այն շենքերը, որոնք չկան այդ ցանկում: Դեռ մի բան էլ նրանք կարող են արդարանալ, թե`այդ շենքերը չկային ձեր ներկայացրած ցանկում, չբողոքե՛ք:
Քանդման ոչ ենթակա շենքերի ցանկում ինչ-որ կառույցներ ընդգրկելու գործընթացը պետք է շարունակական բնույթ կրի. միգուցե ժամանա՞կն է մասնագիտական հանձնախումբ ստեղծել, իսկ հանրային տարածքները հանրային քննարկման դնել, նոր որոշել դրանց ճակատագիրը:
Ասում են` ժամանակին Ճարտարապետների միության շենքում կախվում էին բոլոր նախագծերը` քանդման ենթակա ու դրանց տեղը կառուցվող շենքերի, ասում են` հենց այնտեղ էլ ժամանակին հանրային քննարկման էին դրվում հանրային տարածքների հետ կապված նախնական որոշումները, բայց այսօր միայն հայտարարվում է` հարցը դրվել է հանրային քննարկման, իսկ թե ո՞վ է մասնակցել դրան, ոչ ոք չգիտի:
Առաջարկում եմ` որպես քանդման ոչ ենթակա կառույցների ցանկ` քաղաքաշինության նախարարությանը ներկայացնել Երևանի հատակագիծը` ահա՛ և մեր ցանկը:
Կարինե Հարությունյան