կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-01 12:13
Հասարակություն

Ջերմաստիճանն առաջիկա օրերին կհասնի մինչև +25-ի

Ջերմաստիճանն առաջիկա օրերին կհասնի մինչև +25-ի

Ներկա պահին հանրապետության տարածք է ներթափանցում հաջորդ տաք օդային ալիքը. այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Հանրապետության տարածքին մոտեցել են տաք օդային ալիքներ, և առաջիկա 7-8 օրերին գտնվելու ենք այդ տաք օդային հոսանքների տակ»,- ասաց նա:

Սուրենյանը նշեց, որ վերջին օրերին օդի ջերմաստիճանը գրեթե 8-10 աստիճանով նորմայից բարձր է եղել, որոշ դեպքերում` նույնիսկ 14 աստիճանով: Ըստ նրա` առաջիկայում օդի ջերմաստիճանը կբարձրանա ոչ միայն ցերեկը, այլև գիշերը:

«Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի մարտի 3-ին և 4-ին: Արարատյան դաշտում կգրանցվի 22-23 աստիճան, իսկ Սյունիքի դաշտային շրջաններում ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 24-25 աստիճանի, որն անոմալ է»,- ասաց նա:

Սուրենյանը հայտնեց, որ վաղվանից Արարատյան դաշտում, բացի ցերեկային ջերմաստիճանի բարձրացումից, կբարձրանա նաև գիշերային ջերմաստիճանը և կտատանվի +8-ից, +10 աստիճանների սահմանում: «Այս ջերմաստիճանը բնորոշ է ապրիլի առաջին տասնօրյակին, այդ ժամանակ է, որ օդի ջերմաստիճանը բարձրանում է»,- ասաց նա` հավելելով, որ կանխատեսվում է, որ մարտը նույնպես տաք կլինի, սակայն միաժամանակ կլինի տեղումնառատ, տեղումները նորմայից բարձր կլինեն:

Ինչ վերաբերում է ցրտահարության հավանականությանը և ծառերի վաղ ծաղկմանը, Սուրենյանը նշեց, թե անպայման չէ, որ ցրտահարություններ լինեն: Ըստ նրա` եղել է, որ պտղատուները շուտ են ծաղկել, բայց ցրտահարություն չի եղել, և հակառակը` ուշ են ծաղկել, բայց ցրտահարություններ, այդուհանդերձ, եղել են: «Այս պահին ցրտահարություն կլինի, թե` ոչ, չենք կարող ասել. 5-7 օրերի համար են ստույգ կանխատեսումները»,- ասաց Սուրենյանը: