Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երկու շաբաթ առաջ թուրքական ռազմական ուղղաթիռը 2-4 րոպե տևողությամբ խախտել էր հայ-թուրքական սահմանը։ Երեկ մեզ հայտնի դարձավ, որ թուրքական ռազմական ուղղաթիռների սահմանը խախտելու փաստին արձագանքել են «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված Գյումրիի 102–րդ ռազմաբազայի ավիացիոն մասի զինվորականները։ Ըստ ռուսական զինվորականությանը մոտ կանգնած մեր աղբյուրի՝ թուրքական ուղղաթիռի սահմանը հատելու մասին ազդանշանը ստանալուց անմիջապես հետո օդ է բարձրացել ռուսական Mиг– 29 օդանավը, սակայն թուրքական ուղղաթիռն այնքան կարճ է գտնվել ՀՀ օդային տարածքում, որ ռուսական օդանավը չի հասցրել համապատասխան գործողություններ կատարել: Մեր զրուցակիցը բացատրեց, որ 2-4 րոպեն բավական քիչ ժամանակ է, որպեսզի օդանավը կարողանա օդ բարձրանալ և հասնել սահմանախախտման վայր։ «Այնպես չի, որ ռազմական օդանավերը անընդհատ գտնվում են երկնքում, որ ցանկացած պահի կարողանան արձագանքել սահմանախախտմանը։ Ռազմական օդանավերի անձնակազմը 24-ժամյա հերթապահություն է իրականացնում, բայց մինչև սահմանախախտման ազդանշանը տեղ է հասնում, մինչև անձնակազմը հասնում է օդանավ, մինչև օդանավի շարժիչը գործի է դրվում, և այն օդ է բարձրանում, այդ 2-3 րոպեն անցնում է», - ասաց մեր զրուցակիցը։
Նա պատմեց, որ օդ բարձրացած ռուսական օդանավի անձնակազմին հրահանգ է տրված եղել թուրքական ուղղաթիռին պարտադրել վայրեջք կատարել Հայաստանի տարածքում, որից հետո միայն կպարզաբանվեր, թե ինչ հանգամանքերում է տեղի ունեցել սահմանի խախտումը։ «Ընդհանրապես պրակտիկան է այդպիսին, եթե որևէ երկրի ռազմական օդանավ կամ ուղղաթիռ առանց նախնական համաձայնեցման հատում է այլ երկրի օդային տարածք, ապա պետք է ենթարկվի հարկադիր վայրէջքի։ Խնդիրն այն է, որ ռուսական ռազմական օդանավը չի հասցրել կատարել առաջադրանքը, մանավանդ որ՝ թուրքական ուղղաթիռը կտրուկ շրջադարձ է կատարել և արագ հեռացել է թուրքական տարածք՝ թաքնվելով մոտակա լեռների հետևում։ Ռուսական ռազմական օդանավը գրեթե մեկ ժամ շարունակել է պտույտներ գործել սահմանի երկայնքով, որից հետո վայրէջք է կատարել։ Հիմա տեղեկատվությունը շատ արագ է տեղ հասնում, այն պահին, երբ ռուսական օդանավը օդ է բարձրացել, թուրքական համապատասխան ծառայությունները դա արձանագրել են, և նրանք կարող էին միանգամից հրահանգել իրենց ուղղաթիռին հետ վերադառնալ, մանավանդ որ՝ թուրքական ուղղաթիռը չի խորացել Հայաստանի տարածքում, այլ թռել է սահմանի երկայնքով», - ասաց մեր զրուցակիցը։
Հարցին ի պատասխան՝ հնարավո՞ր է, որ ռուսական ինքնաթիռը չի կարողացել, ժամանակին տեղ հասնել օդաչուի կամ ռազմաբազայի անձնակազմի ոչ պրոֆեսիոնալիզմի, դանդաղ արձագանքման արդյունքում, մեր զրուցակիցն ասաց. «Դա բացառված է»:
Իսկ թե ի՞նչ խնդիր են ունեցել թուրքական ուղղաթիռները՝ խախտելով հայ-թուրքական սահմանը, արդյոք կարելի՞ է լուրջ ընդունել թուրքական կողմի բացատրությունները, որ դա կարող էր կապ ունենալ վատ եղանակային պայմանների հետ, թե՞ դա այնուամենայնիվ պատասխան էր ռուսական օդանավերի կողմից թուրք-սիրիական սահմանը հատելուն, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իհարկե պետք չէ լուրջ համարել եղանակային պայմանների պատճառով սահմանը խախտելու մասին բացատրությունը, որովհետև եղանակային շատ ավելի վատ պայմաններում թուրքական ուղղաթիռները չեն հատել սահմանը և թռչել են իրենց նախապես որոշված երթուղով։ Թուրքական բանակի ռազմական ղեկավարությունը երևի իր առջև խնդիր էր դրել պարզելու, թե ինչ օպերատիվությամբ է գործում ռուսական ավիացիոն խումբը, և ընդհանրապես՝ ինչպիսին կլինի ռուսների արձագանքը թուրքական կողմից իրականացվող նման սահմանախախտմանը։ Կարծում եմ, որ թուրքական կողմը ստացավ իրեն հուզող հարցերի պատասխանը, և այլևս չի փորձի իր ուղղաթիռների և նրանց անձնակազմի բախտը»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։