Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր երկրում բնակչության բացասական սալդոն 2015 թվականին կազմել է յոթ տոկոս. այսօր լրագրողներին հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` հավելելով, որ բնակչության բնական աճը կազմել է 2.5-3 տոկոս: Սոցիոլոգի խոսքով`յոթ տոկոս բացասական սալդոն նույնն է, թե պակասել է 210-220 հազար մարդ: Նա նշեց նաև, որ իրական բնակչության թվաքանակ չգիտենք` մոտ 2 միլիոն 700 հազար մարդ է:
«Կորուստների առումով` բացասական վիճակագրություն գոյություն ունի: Ամենաշատը կորցրել ենք Լևոն-Տեր Պետրոսյանի օրոք, պաշտոնական տվյալներով` մոտ 600 հազար, իսկ իմ ունեցած տվյալներով` 1.5 միլիոն: Ներգաղթ է եղել Ադրբեջանից, Վրաստանից, ուրեմն մի 4 միլիոն առնվազն պետք է լիներ մեր բնակչություն: Ռոբերտ Քորչարյանի օրոք արտագաղթել է 130 հազար մարդ, Սերժ Սարգսյանի օրոք` 260 հազար»,- ասաց սոցիոլոգը` հավելելով, որ մենք ունենք 17 տոկոս պոտենցիալ գնացող, հիմնական պատճառներն են ցածր աշխատավարձը, լավ ապագայի նկատմամբ հավատի պակասը:
«19 տոկոսը կգնար, եթե հնարավորություն ունենար, 8 տոկոսի տարիքը թույլ չի տալիս: Մինչև հիսուն տարեկան են գնում: Մարդկանց չորս տոկոսն ասում է, որ եթե լավ առաջարկ լիներ, կգնար: 35 տոկոսը ասում է, որ սիրում է հայրենիքը և չի գնում, 5 տոկոսը ասում է եթե ունենար հնարավորություն, կգնար»,- նշեց Ադիբեկյանը:
Ժողովրդագետ Ռուբեն Եգանյանն էլ ներկայացրեց իր տվյալները: «ՀՀ բնակչության թվաքանակը երեք միլիոն էր կազմում իննսունականներին: Մենք ունեցանք 160-170 հազար հոգու ներհոսք Ադրբեջանից: Հայաստանից մեկնել և չի վերադարձել 1 միլիոն 750 հազար մարդ: 250 հազար մարդկանց վերադարձը հայրենիք չի բացառվում: 92, 93, 94 թվականներին բնակչության բացասական սալդոն կազմել է 650 հազար մարդ»,- ներկայացրեց նա և հավելեց, որ վերջին տարիներին յուրաքանչյուր երրորդ տնտեսություն ունի միգրանտ անդամ, և միգրանտների վաստակները երկու և ավելի անգամ պակասել են` անցյալ տարվա համամատ:
Եգանյանը նշեց նաև, որ վերջին տարիներին հայրենիքից մեկնողների և ժամանողների տարբերությունը կազմում է մոտ 35 հազար մարդ: