կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-19 17:42
Իրավական

ԱԳՆ-ն միայն 45 օր ա՞նց է հասկացել, որ դատարանի գրությունը թարգմանության կարիք ունի

ԱԳՆ-ն միայն 45 օր ա՞նց է հասկացել, որ դատարանի գրությունը թարգմանության կարիք ունի

Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 1-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանւր իրավասության դատարանը դիմել էր ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ նրա միջնորդությամբ Դուբայից ադամանդներ գողանալու և հնդիկ վաճառականի սպանության գործով որոշ նյութեր ստանալու պահանջով: Նշենք, որ պաշտպանական կողմը պնդում է, որ Հայաստան ուղարկված գործի նյութերը թերի են և շատ կարևորագույն հարցերի պատասխաններ կարող են տալ միայն Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահ մարմինները:

Եվ ահա, պարզվում է Արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետը դատարանի դիմումին պատասխանել է միայն հունվարի 13-ին՝ 45 օր անց և բարձրացրել տեխնիկակա խնդրի հետ կապված հարցեր:

«Արաբական Միացյալ Էմիրությունների համապատասխան իրավասու մարմնին համապատասխան գրություն ուղարկելու համար խնդրում ենք այն ձևակերպել արաբերեն լեզվով»,-ասված է դատարան ուղարկված գրությունում: Փաստորեն Հայաստանի գլխավոր դիվանագիտական կառույցում արաբերենի թարգմանիչ չկա կամ էլ հիշյալ կառույցն այնքան գերզբաղված է, որ նրանից 45 օր ժամանակ է պահանջվել՝ պարզելու, որ գրությունը թարգմանության կարիք ունի և դատարանին բանավոր կերպով այդ մասին տեղեկացնելու փոխարեն նախընտրել է գրավոր իրազեկել:

Արդյունքում արհեստականորեն ձգձգվում է գործի քննությունը: Դատավոր Արշակ Վարդանյանը հայտնեց, որ դատարանն արդեն ձևակերպել է համապատասխան իրավական փոփոխության վերաբերյալ հարցումն՝ ուղղված Էմիրությունների գլխավոր դատախազին և այն 2016թ-ի հունվարի 14-ին թարգմանության նպատակով ուղարկվել է ՀՀ դատական դեպարտամանետ: Արշակ Վարդանանը հույս հայտնեց, որ հարցումը հնարավորինս արագ կթարգմանվի, որից հետո ոչ միայն ՀՀ ԱԳՆ-ի , այլև ՀՀ արդարադատության նախարարության միջոցով իրավական փոփոխության վերաբերյալ պահանջ կուղարկի Դուբայի իրավասու մարմիններին:

Այսպիսով այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց փետրվարի 23-ին: