կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-01-13 16:16
Առանց Կատեգորիա

Սուր շնչառական իրարանցում

Սուր շնչառական իրարանցում

Հիվանդանոց եմ գնում: Պետք է թոքերս ռենտգեն անեն: Դռան մոտ անվտանգության աշխատակիցներից մեկին եմ մոտենում:

-Բարև Ձեզ: Կներեք, որ խնդրեմ, կասե՞ք` ռենտգենի համար ո՞ւր գնամ:

Հիվանդանոցում, բնականաբար,  սուր շնչառական վարակով մի շարք մարդիկ կան, ու ապահովության համար բժշկական դիմակ եմ դրել: Անվտանգության աշխատակիցն  ուշադիր նայում է դեմքիս դիմակին ու թե.

-Քիթդ նոր ես վիրահատել, ամաչո՞ւմ ես` բաց ֆռֆռաս:

-Չէ:  Որ խնդրեմ, կասե՞ք` ռենտգենի համար ո՞ւր գնամ:

-Ճիշտն ասա, ինչի՞ ես դիմակ դրել, քիթդ վիրահատել ես, դուրդ չի՞ գալիս:

-Չէ: Երևի գիտեք` հանրապետությունում սուր շնչառական վիրուս է տարածված ու..

-Դու ինձ ճիշտն ասա:

-Լավ, համոզեցիք: Շրթունքներս եմ լցրել, հիմա իրենց չի կարելի մրսել, դրա համար էլ հիվանդանոց գալիս դիմակ դրեցի:

-Ցույց կտա՞ս:

-Չէ, իրենց աչք կպնել էլ չի կարելի:

-Հա, պարզ է: Ուղիղ մինչև վերջ ու աջ` ռենտգենի համար:

***

Ռենտգենի սենյակ եմ մտնում: Սպասասրահում երկու տղա կա` հերթի մեջ: Բժշկուհին ներս է հրավիրում հաջորդին: Տղաներից մեկը, վախեցած նայելով դիմակիս, ասում է.

-Քո\'ւր ջան, մենք ոնց որ իգական գեղեցկությունը հարգող տղաներ ենք, ու մեր հերթը քեզ ենք զիջում, գնա` նկարվի:

***

Ռենտգենի սենյակում բժշկուհին է դիմավորում ինձ:

-Ի՞նչն եք ուզում նկարել:

-Թոքերս:

-Լավ չի: Իսկ քեզ ո՞վ է ուղարկել:

-Կներեք, չհասկացա հարցը:

-Հարցնում եմ` քեզ ո՞վ է ուղարկել:

-Հա, հասկացա` մաման, եղբայրս, Անին, գործի տեղից Արազն ու Անին, ոնց որ Լուսինեն ու Թագն էլ էին ասում, մեր խանութի աշխատողը` Համաս տոտան, հարևանը` Սոնիկ տոտան, մի պապիկ` տրանսպորտի մեջ… Ում էլ չեմ հիշում, թող ներեն ինձ:

Բժշկուհին երկար ինձ տնտղելուց հետո ասում է.

-Ոնց որ քո ջերմությունը բարձր է: Լավ, հանվիր, միացնեմ սարքը:

-Հանվե՞մ: Մինչև վե՞րջ:

-Չէ, դու հանվիր, ես ընթացքում ստոպ կասեմ:

***

Ու, մինչ կհասնեի ռենտգենի սարքի մոտ, բժշկուհին հասցրեց իմանալ` ով եմ, ինչացու եմ, կողմնակի եկամուտ ունե՞մ, թե՞ չէ, եկեղեցի գնո՞ւմ եմ…

 Ռենտգենի սարքի մոտ կանգնած`  բժշկուհին ներսից բարձրախոսով ասում է.

-Տիկի\'ն, ա\'յ տիկին:

Նայում եմ կողքերս, ներսում ես ու սարքն ենք` իրար գրկած, կանգնած, ուրեմն` ինձ հետ է, պատասխանել է պետք:

-Այո, լսում եմ:

-Բռնվեցի՞ր, բա ասում էիր` ամուսնացած չես, տիկի\'ն ջան: Ասում եմ` կարող ես չժպտալ` դեմքդ դուրս չի գալու:

***

-Թոքերիդ հետ կապված խնդիր չկա, բայց հազդ դուրս չի գալիս: Արի նյարդաբանի մոտ գնանք, հետո էլ` քիթ, կոկորդ, ականջաբանի մոտ կմտնենք,- ասում է բժշկուհին ու տանում նյարդաբանի մոտ:

Նյարդաբանի մոտ ենք. համակրելի կին է, բայց հենց մտնում եմ ներս, հարցնում է.

-Ինչո՞ւ ես ժպտում:

-Կներեք, դիտմամբ չեմ անում:

-Դու խոսիր` մինչև ես բժշկուհու գրածը կկարդամ:

Մտածում եմ` ինչի՞ց խոսեմ, որ նրան չձանձրացնեմ:

-Գիտե՞ք` վերջերս հետաքրքիր մի բան եմ նկատել` ինչ երաժշտություն ուզես, ցանկացած պահի չես կարող լսել: Նկատի ունեմ` օրինակ, երբ աշխատում եմ, զուգահեռ կարող եմ Շոպեն լսել, չի խանգարում մեկը մյուսին, եթե, իհարկե, Շոպենը չի օգնում, որ ավելի ոգևորված գործս անեմ: Իսկ, օրինակ, «Զեփըլին» չեմ կարողանում լսել աշխատելիս, ինձ միշտ բռնեցնում եմ գործս թողած ու միայն երգ լսելու վրա:

Բժշկուհին ակնոցները հանում է, ուշադիր ինձ է զննում.

-Վե՞րջ:

-Եթե Դուք վերջացրիք կարդալը, ուրեմն` վերջ:

-Կասե՞ք` ի՞նչ վատ սովորություններ ունեք:

-Շատ են, շատ-շատ: Օրինակ` երբ բաժակի մեջ շաքարավազ եմ գցում, պիտի անպայման գդալը պատեպատ զարկեմ ու շաքարավազը խառնելիս գդալի ու բաժակի զրնգոցը լսեմ, հակառակ դեպքում` ստացվածն ինձ այնքան էլ համեղ չի թվում: Բացի այդ` երբ ինչ-որ բան եմ կարդում, նայում կամ լսում, ու այդ պահին ինձ հարց են տալիս, «այո» եմ ասում, բայց արդյունքում ոչ մի բան լսած չեմ լինում ու չնայած հասկանում եմ, որ կողքինս միգուցե կարևոր բան է ասում, միևնույն է, չեմ լսում նրան: Ի դեպ, սրանք ամենատանելի վատ սովորություններս են, այսինքն` մյուսների համեմատ` լավ սովորություններ են: Շարունակե՞մ…

Բժշկուհին ժպտում է.

-Բալե\'ս, համով շոկոլադ ունեմ, սուրճ դնեմ, խմենք, էլի: Ես սուրճը կդնեմ, դու խոսիր:

***

Նյարդաբանն ասում է` տուն գնամ, թեյ խմեմ, մեկ-մեկ էլ իրեն այցի գնամ, իսկ ռենտգենի բժշկուհին պնդում է` քիթ-կոկորդ-ականջաբանի մոտ գնալու անհրաժեշտություն կա: Հիվանդանոցից փախչում եմ: Դուրս գալիս անվտանգության աշխատակցին եմ կրկին հանդիպում:

-Նկարվեցի՞ր:

-Ըհը:

-Դե, կգցես «Կլասնիկ»` նայենք:

Վազում եմ, տղամարդը հետևիցս վազեվազ գալիս է.

-Վայ, դիմակը դեմքիդ չի, կանգնիր` շրթունքներդ նայեմ:

***

Տաքսու մեջ եմ: Վարորդը, ռենտգենի նկարի մեծ տուփը տեսնելով, հարցնում է.

-Էդ ի՞նչ է` այդքան մեծ: Կտա՞վ է, նկարի՞չ ես, ո՞ւմ ես նկարելու:

-Այո, H1N1-ն եմ նկարելու, որ գցեմ «Կլասնիկ»:

Վարորդը կոկորդը մաքրում է, հայելին այնպես ուղղում, որ դեմքս լավ տեսնի: Ճպպացնում է բերանը ու ինձ լուռ աշխատանքի հասցնում:

 

Կարինե Հարությունյան