կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-28 16:55
Տնտեսական

Եկող տարի առաջնային խնդիր ենք համարում մթերման հարցը լուծելը. նախարար

Եկող տարի առաջնային խնդիր ենք համարում մթերման հարցը լուծելը. նախարար

Այսօր 2015 թվականին կատարված աշխատանքներն ամփոփեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նա խոստովանեց, որ հաջողությունների կողքին եղել են նաև  թերացումներ, որոնք ակնառու էին: Մասնավորապես, ըստ նախարարի,  թերացումները կապված էին վերամշակման ու մթերումների հետ:

 «Հայտնի է, որ բուսաբուծության ոլորտում հատկապես մեծ ծավալներ ունեցան խաղողի ու պտղի արտադրությունը, դրանց ծավալները ավելացել էին` անցյալ տարվա համեմատ: Խաղողի մթերման հարցում մենք ունեցանք դժվարություններ, եղան լարվածություններ, բողոքներ գյուղացիական տնտեսությունների կողմից, որովհետև այն ծավալները, որոնք առաջարկվում էին գյուղացիական տնտեսությունների կողմից, մթերող կազմակերպությունները սկզբնական շրջանում չէին կարողանում մթերել: Բայց կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ բոլոր մթերող կազմակերպությունները պատրաստ եղան, ճիշտ է, մեծ դժվարություններով մթերել խաղողը: Գների առումով որոշակի իջեցում եղավ, բայց կարևորն այն է, որ խաղողի բերքը չմնաց դաշտում»,- ասաց նախարարը:

Նա խոստովանեց, որ մթերման գներին այս տարի նվազեցին, և դա  կապված է մի շարք հանգամանքների հետ` միջազգային տենդենցներ, որովհետև միջազգային բորսաներում պարենային կարևորագույն ապրանքների` կաթի, մսի, ցորենի գները 25-30 տոկոսով իջան այս տարի, ընդ որում` նման խնդիր կար անգամ եվրոպական երկրներում: Մյուս գործոնը կապված էր միջազգային շուկայի հետ, որովհետև, ռուբլու արժեզրկման հետ կապված, մթերող կազմակերպությունները մի շարք դժվարություններ ունեցան, հատկապես` գինու, կոնյակի, պահածոների հետ:

 Նախարարի խոսքով` կարևոր է լուծել  պայմանագրային հարաբերությունների ձևավորումը արտադրողի և մթերողի միջև: Կան  մի քանի վերամշակող կազմակերպություններ,  որոնք այդպես են աշխատում գյուղացիների հետ, դրանից են` Արարատի գինու-կոնյակի գործարանը, որը խնդիրներ չունեցավ` գյուղացիների բերքի մթերման հետ կապված:

 «Եկող տարի առաջնային խնդիր ենք համարում մթերման հարցը լուծելը, որպեսզի մթերող կազմակերպությունները գյուղացիների հետ պայմանագրեր ունենան: Շատ գյուղացիական տնտեսություններ իրենք են հրաժարվում պայմանագրերից` ակնկալիքով, որ վաղը ավելի բարձր գնով կարող են վաճառել իրենց բերքը»,- ասաց նախարարը` հավելելով, որ այսօր խնդիրներ ունեն թե\' գյուղացիները, թե\' վերամշակող ընկերությունները:

 Լրագրողների հարցին, թե այս պահի դրությամբ ի՞նչ պարտքեր ունեն վերամշակող կազմակերպությունները, Սերգո Կարապետյանը պատասխանեց, որ պտուղ-բանջարեղեն վերամշակող գործարանները պարտքերը փակել են 98,5 տոկոսով, գինու գործարանները` 82,1 տոկոսով: