կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-03 13:41
Քաղաքական

Ես իմ խոսքերից չեմ հրաժարվում. Սերժ Սարգսյանն՝ իր ապագայի մասին

Ես իմ խոսքերից չեմ հրաժարվում. Սերժ Սարգսյանն՝ իր ապագայի մասին

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 2-ի երեկոյան ծավալուն հարցազրույց է տվել հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին՝ պատասխանելով նրանց բազմաթիվ հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են ՀՀ Սահմանադրության փոփոխություններին` դրանց նախաձեռնման անհրաժեշտությանն ու նպատակին, պետության համար այդ փոփոխությունների կարևորությանը, Մայր օրենքի բարեփոխմանը դեմ արտահայտվողների փաստարկներին ու դրանց հիմնավորվածությանը և այլն:

Շավարշ Գևորգյան -«Հ2» հեռուստաընկերություն- Քանի որ մեղադրելն ամենահեշտ զբաղմուքն է, հետևաբար, մեղադրանքներն էլ շատ են այս թեմայի շրջանակներում: Մի մեղադրանքի էլ ես եմ ուզում անրադառնալ, որը հնչել է Ազգային Ժողովի պատգամավորներից մեկի կողմից, թե՝ Սահմանադրությունը փոխվում է, որպեսզի ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնվեն ոչ թե մեկ ստորագրությամբ, այլ՝ քվեարկությամբ: Այսինքն՝ պատասխանատվությունը կիսեն շատերը: Հրանտ Բագրատյանն էր այդ հարցը, եթե չեմ սխալվում, բարձրաձայնում: Արդյո՞ք գոնե տեսական հիմքեր կան նման մեղադրանքի համար, պարո՛ն Նախագահ:

Սերժ Սարգսյան- Գիտե՞ս, ես իմ պետական գործունեության ընթացքում հազարավոր մեղադրանքներ եմ լսել իմ հասցեին, միգուցե, որոնց մի մասը իրական հիմքեր ունեին, մի մասը՝ ոչ: Դրա համար, Շավարշ, ես չեմ զարմանում որևէ մեղադրանքի վրա: Ուղղակի, մի պարզ հարց եմ ուզում տալ՝ արդյո՞ք, մեր Սահմանադրությունը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա: Այդ ազատագրված տարածքներ ասածը մտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմ, չէ՞: Այսինքն, մեր Սահմանադրությունը տարածվում է այդտեղի վրա՞: Այսինքն, լուրջ մարդը, ես անկեղծորեն չգիտեմ, ո՞վ է այդպիսի բան հնչեցրել, ո՞նց կարող է այդպես մտածել: Բայց ասեմ ինչու՞ ենք բերել Սահմանադրություն այդ դրույթը դարձյալ մեր պրակտիկայից: Բոլորդ պետք է հիշեք, թե 2000թ. սկզբներին ինչու՞մ էին մեղադրում իշխանություններին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցությունների հետ կապված, հիշու՞մ եք՝ նույնիսկ հոկտեմբերի 27-ը կապում էին Մեղրին Ղարաբաղով փոխելու հետ:

Շավարշ Գևորգյան- Աշոտ Մանուչարյանը ամեն տարի էլ կապում է:

Սերժ Սարգսյան- Դա Աշոտ Մանուչարյանի գործն է: Մեզնից յուրաքանչյուրն իր գործը պետք է անի: Բայց դա գրել ենք Սահմանադրության մեջ, որպեսզի այդպիսի հանիրավի հերյուրանքները տարածում չգտնեն, որպեսզի որևէ մեկը չասի, որ այս իշխանությունները, այս ղարաբաղցիները ուզում են մեր Մեղրին տալ, իրենց Ղարաբաղը բերել Հայաստան: Անլուրջ է, չէ՞: Այսինքն, Հայաստանի որևէ ղեկավար, ինչպիսին էլ որ լինի, ո՞նց կարող է մտքով անցկացնի Հայաստանի որևէ մի մաս ինչ-որ մեկին տալու կամ փոխանակելու: Դա էլ սահմանային կարգավորման խնդիր չէ, որ, չգիտեմ, 100 մետր մի կողմից են քեզ տալիս, 100 մետր՝ այն մյուս կողմից: Ո՞նց կարող ես վերցնել ու այդ բնակավայրերը տալ ինչ-որ մեկին, նույնիսկ՝ ինչ-որ բանի հետ փոխելու ակնկալիքով: Դա տրամաբանական չէ, վերջիվերջո, բանական չէ: Բայց այդպիսի մտքեր հնչեցնում են այն մարդիկ, ովքեր ի վիճակի են իրենց ղեկավարության պարագաներում այդպիսի քայլի գնալու: Շատ հստակ է:


Արամ Աբրահամյան, «Շանթ» հեռուստաընկերություն- Որոշ չափով շարունակելու եմ Պետրոսի և Արթուրի հարցը: Ես ուզում եմ մեջբերում անել Ձեր ելույթից, որը տեղի է ունեցել այս թվականի հուլիսի 18-ին՝ Ձեր կուսակցության գործադիր մարմնի ժամանակ: Ես մեջբերումը անեմ, հետո հարցը տամ. «Քանի որ ես այսօրվա մամուլն ուսումնասիրել եմ և նկատել, որ այստեղ շահագործվում է իմ Ազգային ժողովի նախագահ դառնալու, «վերարտադրվելու» հնարավորությունը, հեռանկարը, ես ևս մեկ անգամ շատ պատասխանատու ձևով հայտարարում եմ՝ ես Ազգային ժողովի նախագահ, Վարչապետ, ՀՀ Նախագահ չեմ պատրաստվում դառնալ: Սա մեզ համար կենաց-մահու կռիվ չէ:

Սահմանադրական փոփոխությունները պետք են պետությանը և երկրին: Եթե ժողովուրդը ընդունի այդ բարեփոխումները՝ շատ լավ, եթե չընդունի, ուշադրություն դարձրեք, այսօր գործող Սահմանադրությամբ ես ազատ եմ և կարող եմ հավակնել թե Ազգային Ժողովի նախագահի և թե Վարչապետի պաշտոնին»: Նախ` հարցս հետևյալն է՝ համապատասխանու՞մ է դա իրականությանը, թե ոչ, որովհետև ձայնագրություն կամ տեսագրություն չկա՝ դա տեքստ է: Երկրորդ՝ եթե համապատասխանում է իրականությանը, ապա ճի՞շտ եմ ես հասկանում, որ եթե Սահմանադրությունը փոխվի, Դուք չեք լինելու, հրաժարվում եք լինել ՀՀ Նախագահ, Վարչապետ, Ազգային ժողովի նախագահ: Եթե Սահմանադրությունը չփոխվի, ապա Դուք տեսականորեն ընդունում եք, որ կարող եք լինել Ազգային ժողովի նախագահ և Վարչապետ, և եթե այո, եթե ես Ձեզ ճիշտ եմ հասկանում, ապա ինչու՞ մի դեպքում հրաժարվում եք բոլոր պաշտոններից, իսկ մյուս դեպքում ընդունում եք, որ կարող եք մնալ այդ պաշտոններին:

Սերժ Սարգսյան- Նախ ասեմ, որ ես խորապես համոզված եմ, որ այսօր այդ հարցն իրենից հետաքրքրություն չի ներկայացնում: Այսօր, կարծում եմ, կարևորագույն հարցը սահմանադրական բարեփոխումներն են, և ես բոլորին ու Ձեզ անձամբ խոստանում եմ 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո շատ մանրամասն պատասխանել բոլոր հարցերին, որովհետև այդ ժամանակ է որոշվելու: Ինչ վերաբերում է մեջբերմանը՝ երկրորդ մասը 100 տոկոս ճշմարտություն է: Առաջին մասը մի քիչ ճիշտ չէ մեջբերված: Ես ինչու՞ եմ ասում 2017թ.-ից հետո, որովհետև լրջորեն խոսել Վարչապետ դառնալու, կամ կառավարություն ձևավորելու մասին կարելի է այն ժամանակ, երբ դու խորհրդարանում մեծամասնություն ունես: Իսկ եթե խորհրդարանում մեծամասնություն չունես, Սահմանադրությունը փոխված է, փոխված չէ, ինչպե՞ս պետք է Վարչապետ աշխատես, ինչպե՞ս պետք է Վարչապետ դառնաս: Չկա այդ հնարավորությունը: Ես այդ հանդիպման ժամանակ նաև ասել եմ, կարծում եմ՝ մենք սղագրությունը ունենք, և եթե թեման շատ հետաքրքրում է, ես կխնդրեմ տղաները քեզ կփոխանցեն սղագրությունը: Ես այդ հանդիպման ժամանակ ասել եմ՝ չեմ պատրաստվում նույնիսկ կես օր պակաս աշխատել: Ես աշխատելու եմ միջև 2018 թվականը՝ ուղիղ մինչև այն օրը, երբ պետք է իշխանությունը փոխանցեմ ուրիշին, կլինի դա Վարչապետ, Նախագահ և այլն: Ամենայն հավանականությամբ, բոլոր դեպքերում, մենք Նախագահ ունենալու ենք՝ համաժողովրդական ընտրությամբ, թե՞ խորհրդարանի կողմից: Դրա համար հիմա խոսել այդ մասին, ես չեմ կարծում իմաստ ունի: Մոտեցումները բոլոր պարագաներում նույնն են:

Երկրորդ մասը ես շատ ավելի հստակ եմ ասել, ելնելով այն պարզ հանգամանքից, որ մարդիկ շահարկում են, ասում են՝ այս փոփոխությունն անում է, որ գնա ու դառնա: Ես էլ ասում եմ՝ ա՛յ ժողովուրդ, այսօրվա Սահմանադրությունը դրա հնարավորությունը լիուլի ընձեռնում է, ընդ որում, Ձեր եթերում մի քանի անգամ նկատել եմ, որ զրուցակիցներիդ նույն ձևով դու ես բացատրում: Իրոք, լիուլի ընձեռնում է հնարավորություն, և հեքիաթներ են պատմում՝ իրենք չունեն Նախագահի թեկնածու, իրենք չունեն սա, իրենք չունեն նա: Ես պատասխանատու հայտարարում եմ՝ եթե Սահմանադրությունը չփոխվի, մենք ունենք առնվազն 3 Նախագահի թեկնածու, որոնցից և ընտրելու ենք մեր հիմնական թեկնածուին: 3 այլ ոչ թե՝ մեկ, առնվազն՝ 3: Ժամանակը կգա, դուք կհամոզվեք իմ ճշմարտացիության մեջ, եթե այդ առիթը ունենանք: Իսկ եթե դեկտեմբերի 6-ին փոփոխություններ լինեն, հետո կխոսենք դրա մասին:

Արամ Աբրահամյան- Որովհետև 2014թ. ապրիլի 10-ին, մասնագիտական հանձնաժողովի հետ հանդիպմանը Ձեր ելույթում, Դուք արդեն վկայակոչվել եք, երբ ասում եք, որ գերադասում եք նախագահական համակարգը, այդտեղ Դուք նույնպես ասացիք, որ չեք պատրաստվում դառնալ Վարչապետ: Այսինքն, ի՞նչի համար էիք այդ ժամանակ ասում, իսկ հիմա, կարծես թե, հրաժարվում եք դրանից: Հիմա հրաժարվու՞մ եք Ձեր խոսքերից, որ չեք պատրաստվում դառնալ Վարչապետ, Նախագահ և ԱԺ նախագահ:

Սերժ Սարգսյան- Ոչ: Ես իմ խոսքերից, չասեմ երբեք, չեմ հրաժարվել, բայց հիմնականում, լինի դա կենցաղում, թե քաղաքականության մեջ՝ ոչ մի բանից չեմ հրաժարվում: Ես,ուղղակի, չեմ ուզում լավ գործը, սկզբունքային գործը խառնել մեկ այլ գործի հետ: Սա՛ է իմ ամբողջ նպատակը: Որևէ բանից չեմ հրաժարվում: Դու պիտի հիշես, երբ մենք ընտրությունների ժամանակ խոսում էինք ապահով Հայաստանի մասին, շատ մարդիկ հեգնանքով էին վերաբերվում, բայց ես հաստատակամ ասացի, չէ՞, որ մենք քայլ առ քայլ գալու ենք դրան: Հիմա շատ-շատերը կարող են ասել՝ սա ի՞նչ ապահով Հայաստան է, ամեն օր հանցագործություններ են լինում, կարծես թե, ապահով Հայաստանում հանցագործություն չպիտի լինի: Բայց երբ միջազգային կառույցները Հայաստանը դասում են աշխարհի 10 ամենաապահով երկրների շարքին, հիմա համոզվա՞ծ ես, որ ես այն ժամանակ համոզմունք ունեի, և ճիշտ ճանապարհով էինք գնում: Թե՞ էլի Սերժ Սարգսյանը տարել կաշառել է այդ միջազգային կառույցին այնպես, ինչպես Վենետիկի հանձնաժողովին, ԺՀՄԻԳ դիտորդական հանձնաժողովին, որ ամեն ընտրություն նախորդից լավն էին համարում: Այսինքն` բոլորին, հա՞: ՄԱԿ-ից սկսած Համաշխարհային բանկով վերջացրած, այդ բոլորին մենք կաշառու՞մ ենք: Ես իմ ասածներն իրականացնում եմ: Իհարկե, հնարավոր է մի քիչ շուտ, մի քիչ ուշ: Երբ ես Ազգային ժողովում ասացի, որ մեզ համար կենսական նշանակություն ունի Իրան-Հայաստան երկաթուղի կառուցելը, Հյուսիս-հարավ ճանապարհ կառուցելը, չանցած 3 ամիս բոլորը սկսեցին քննադատել՝ թե ի՞նչ եղավ: Կարծես, Իրան-Հայաստան երկաթուղի կառուցելը մի ձեռքի շարժումով այսպես արեցիր և 3 ամսում եղավ: Բայց հիմա արդեն, երբ հսկայական գումարներ են գտնվել, և Հյուսիս-հարավ ճանապարհը կառուցվում է, մեկը չի ասում՝ սա ասվեց և արվեց, էս ո՞նց եղավ այսպես: 3 տարի հետո, երբ որ ավարտենք և Վրաստանի սահման, Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման ճանապարհը, որ այսօր մեքենաներն անցնում են 9.5 ժամում, կանցնեն 4.5 ժամում, դարձյալ կասեն՝ դե սա ի՞նչ է հիմա, մեկ է՝ Շվեյցարիայի պես ճանապարհներ չունենք: Բայց ասածը արվելու է, ասածը՝ արվում է: Ուղղակի, երբ ասածներդ ճիշտ չեն հասկանում կամ խեղաթյուրում են, դրա համար ասողը պատասխանատու չէ: Ես խոսք եմ տալիս Արամ Աբրահամյանին՝ ընտրություններից հետո մանրամասն խոսել իմ ծրագրերի մասին: