կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-11-27 16:00
Քաղաքական

Գնում ենք լուրջ, արմատական փոփոխությունների. Արծվիկ Մինասյան

Գնում ենք լուրջ, արմատական փոփոխությունների. Արծվիկ Մինասյան

Թալինում սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ սահմանադրական այն փոփոխություններին, որոնք վերաբերելու են խորհրդարանին, որը պետք է իրականում ընտրվի մարդկանց վստահության քվեով:

 «Այսօրվա խորհրդարանը ձևավորված է 41 մեծամասնական և 90 համամասնական պատգամավորներից: Թեև Հանրապետական կուսակցությանը տված համամասնական քվեով այդ կուսակցությունը ունի 43 տոկոս, բայց այն մեծամասնականի հաշվին զբաղեցնում է մեծամասնությունը: Սա նշանակում է, որ այս պառլամենտը չի արտահայտում իրական պատկերը` տեսնելու պառլամենտում այն ուժերին, որոնք ի վիճակի են ծրագրեր կյանքի կոչել: Սահմանադրական փոփոխություններով` այս վիճակը փոխվում է, քանի որ վերանում է մեծամասնական ընտրակարգը»,- ասաց պատգամավորը:

Նա բացատրեց, թե ինչով են հիմնականում տարբերվում միմյանցից նախագահական, կիսանախագահական և խորհրդարանական կառավարման համակարգերը:

«Մեկ հարցում է միայն դրանց տարբերությունը` ով է ձևավորում գործադիր իշխանությունը: Նախագահական համակարգի ժամանակ գործադիր իշխանությանը ձևավորում է նախագահը, կիսանախագահականի ժամանակ` նախագահը` իբր հաշվի առնելով խորհրդարանում ուժերի հարաբերակցությունը, իսկ խորհրդարանական կառավարման ժամանակ գործադիր իշխանությունը ձևավորում է միայն խորհրդարանը»,- ասաց Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ խորհրդարանական կառավարման համակարգը տվել է իր արդյունքները շատ երկրներում, որոնք համարվում են զարգացած:

Ըստ պատգամավորի` հարցը, որն այսօր բարձրացվում է, թե` այսօր կիսապատերազմական վիճակում գտնվող Հայաստանը կարող է հայտնվել ծանր պայմաններում` փոխելով կառավարման համակարգը, միանշանակ պատասխան ունի` ոչ, որովհետև շատ ավելի երկար ժամանակ պատերազմական դրության մեջ գտնվող Իսրայելը հենց խորհրդարանական կառավարման ձևն ունի, և երբեք Իսրայելի պաշտպանունակության և անվտանգության հարցը ոչ ոք դեռ կասկածի տակ չի դրել: 

«Գերագույն հրամանատարի գործառույթը պատերազմի ժամանակ փոխանցվում է վարչապետին, խաղաղ պայմաններում բանակի ղեկավարումն իրականացնում է պաշտպանության նախարարը` ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ միասին: Նոր համակարգով` առաջարկվում է բարձրացնել անվտանգության խորհրդի դերը, որի սահմանած կանոնների ներքո աշխատելու է թե\' պաշտպանության նախարարը, թե\' բանակը»,- ասաց Մինասյանը:

Ինչ վերաբերում է մեկ այլ մտահոգությանը, թե ԵՏՄ-ում պետության նախագահներն են միմյանց հետ հանդիպում, և խորհրդարանական կառավարման դեպքում ո՞վ է  գնալու այդ հանդիպումներին, նա ասաց, որ Հայաստանից այդ հանդիպումներին կարող է մասնակցել վարչապետը, ով, ի դեպ, չի կարողանալու միանգամից կամ հանկարծակի որոշումներ կայացնել` առանց քննարկելու իր ընտրողների հետ, առանց խորհրդակցելու խորհրդարանի հետ, ինչպես ականատես ենք եղել գործող կառավարման համակարգի դեպքում:

 «Սա նշանակում է, որ մենք ունենում ենք շատ ավելի լավ և արդյունավետ կառավարման ձև, երբ ցանկացած անձ, ով ներկայացնում է Հայաստանը, չի կարող ինքնուրույն որոշում կայացնել` առանց հաշվի առնելու խորհրդարանի ու ժողովրդի կարծիքը: Ցանկացած ժամանակ այդ անձը, որը ներկայացնում է Հայաստանը` լինի վարչապետը, նախագահը, թե` դեսպանը, հաշվետու է լինելու: Մինչդեռ` այսօր ունենք մի համակարգ, երբ նախագահը, ընտրվելով հինգ տարի ժամկետով, որևէ մեկի առաջ պատասխանատու չէ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով` գործող Սահմանադրությամբ` չունենք այն անձին, ով պատասխանատու է ազատ ընտրություններ անցկացնելու համար, իսկ սահմանադրական փոփոխություններից հետո այդ պատասխանատու մարմինը դառնալու է ԿԸՀ-ն: Քաղաքական կուսակցությունները չպետք է մտնեն քաղաքական վարչարարության մեջ, դա կուսակցության խնդիրը չէ, վարչարարությունը պետական գործառույթ է, իսկ կուսակցականը պետք է հսկի, որ այդ վարչարարությունը ճիշտ աշխատի:

Սահմանադրական փոփոխություններով, Արծվիկ Մինասյանի խոսքով, իշխանությունը մշտապես զգալու է ընդդիմության շունչը, ինչը չէր կարողանում ապահովել գործող Սահմանադրությունը, և ինչի արդյունքում էլ իշխանության գործողությունները դարձել էին կամայական, չվերահսկվող ու սանձարձակ: Ամենակարևոր փոփոխությունն այն է, որ ժողովուրդը կարևոր որոշումների ընդունման մասնակից է դառնում:

Վերջում Արծվիկ Մինասյանը խոսեց պետականության նկատմամբ հարգանքի կարևորության մասին, առանց որի երկիրը չի կարող զարգանալ: Նրա խոսքով` գնում ենք շատ լուրջ և արմատական փոփոխությունների, որի կարիքը մեր երկրում վաղուց էր զգացվում: