Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի փոխնախագահ Էսհագ Ջահանգիրին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբարահամյանի հրավերով գտնվում է Երևանում: Ջահանգիրին ժամանել է պատկառելի պատվիրակությամբ, ինչը ցույց է տալիս Թեհրանի` Հայաստանի հետ բազմաբևեռ հարաբերությունների զարգացման հարցում շահագրգռությունը: Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնություններից հետո, որոնք նախօրեին վավերացվեցին Իրանի պառլամենտի կողմից, Ջահանգիրիի այս այցը թերևս նպատակ ունի ստուգելու, թե ինչպիսի՞ դեր կարող է ստանձնել Հայաստանը Հարավային Կովկասով դեպի Ռուսաստան և Եվրոպա քաղաքական ու տնտեսական ծավալման իր ռազմավարական ծրագրերում կամ կարո՞ղ է ստանձնել, թե՞ ոչ:
Այս մասով Թեհրանը Երևանից մինչև հիմա միմիայն բացասական, ավելի ճիշտ` անորոշ իմպուլսներ է ստացել: Թերևս դա է պատճառը, որ այցը տեղի է ունենում վարչապետի, այլ ոչ թե Իրանի նախագահի մակարդակով, ինչի մասին խոսվում է դեռևս նախորդ տարվանից: Ջահանգիրիի այս այցը կարող է նշանակել, որ նախագահ Ռոհանիի նախատեսված այցը Հայաստան օրակարգից հանվել է, սակայն չի բացառվում, որ դրա նպատակահարմարությունը կորոշվի այս այցի արդյունքների հիմա վրա` կապված ավելի հեռահար, ռազմավարական նշանակության համատեղ ծրագրերի հետ: Խոսքը վերաբերում է, առաջին հերթին, իրանական էներգակիրները եվրոպական շուկաներ հասցնելու պլաններում Հայաստանի տարածքի տրանզիտային հնարավորությունների օգտագործմանը, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը և, իբրև նոր ուղղություն, ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը, որտեղ Հայաստանը կարող է կապող հիմնական օղակի դեր կատարել: Չնայած Հովիկ Աբրահամյանի հետ բանակցություններից հետո Ջահանգիրին երեկ հայտարարել է, թե երկկողմ հարաբերությունների զարգացման որևէ խոչընդոտ չկա, սակայն այս ուղղություններից որևէ մեկով դեռ լուրջ առաջընթաց տեսանելի չէ:
Գազափոխադրման առումով խոսքն առայժմ գնում է միայն ներքին սպառման համար Հայաստան մատակարարվող իրանական գազի ծավալների որոշակի մեծացման մասին` առավելապես Իրանին սահմանամերձ բնակավայրերի պահանջարկը բավարարելու նպատակով: Դեռ այս տարվա ամռանը կառավարության ներկայացրած էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ծրագրով, որպես հնարավոր սցենար, նախատեսվում է, 2018-ից սկսած, Իրանից ներկրվող գազի ծավալները հասցնել մինչև 2 մլրդ խմ-ի: Եթե այս սցենարը, որն առայժմ զուտ ուտոպիա է թվում, իրականացվի, Հայաստանը զգալիորեն կթուլացնի կախվածությունը ռուսական գազից և, դրանով պայմանավորված, Մոսկվայի քաղաքական ազդեցությունից: Ինչ վերաբերում է իրանական գազի տարանցմանը, ապա հեռանկարներ գործնականում չկան, և Թեհրանն այս առումով, որքան էլ գուցե չցանկանա, ձգտելու է ապավինել Թուրքիային:
Կոնկրետ ձեռքբերում չկա նաև Իրան-Հայաստան ստրատեգիական նշանակության երկաթգծի կառուցման հարցում: Իրանը ստանձնել է երկաթգծի իր տարածքով անցնող մասի շինարարության բեռը: Սակայն մոտ 3.5 մլրդ դոլար արժողությամբ հայաստանյան հատվածի ֆինանսավորման աղբյուրներ չեն գտնվում: Մի քանի շաբաթ առաջ, թերևս նաև այս նպատակով, Չինաստան էր մեկնել վարչապետ Հովիկ Աբրահամյանը` հույս ունենալով, որ կհաջողվի Պեկինի նախաձեռնած «Մետաքսի ճանապարհ» մեծ նախագծի շրջանակում չինական կողմին շահագրգռել ներդրումներ կատարել նախագծում: Բայց հանգամանքը, որ Աբրահամյանն ու Ջահանգիրին Երևանում բավարարվեցին միայն ընդհանուր ձևակերպումներով, ենթադրել է տալիս, որ չինական կողմի հետ բանակցություններն արդյունք չեն տվել:
Թեհրանն, իհարկե, այս նախագիծը չի սառեցնի: Սակայն Ջահանգիրին Երևանում հասկացրել է, որ, անկախ նրանից` այն կիրականացվի, թե` ոչ, Իրանը այլընտրանքային ճանապարհներ է գտնելու` Սև ծովի նավահանգիստներ դուրս գալու համար: «...Համոզված ենք, որ տարածաշրջանային մյուս երկրների հետ համագործակցության շրջանակում կկարողանանք Պարսից ծոցը կապել Սև ծովին»,- ասել է նա` հասկացնելով, որ, տարածաշրջանի մյուս երկրներ ասելով, նկատի ունի Ադրբեջանին, Վրաստանին և Ռուսաստանին:
Խնդիրն այն է, որ Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի ստեղծման խոշոր ծրագրի շրջանակներում Ռուասստանը, Իրանը և Ադրբեջանը 2005-ից կառուցում կամ, ավելի ճիշտ, վերակառուցում են Ղազվին-Ռեշտ-Աստարա` 360 կմ երկաթգիծը, որը, չնայած ընդհատումներին, մոտենում է ավարտին: Այս երկաթգիծը Իրանին թույլ կտա Ադրբեջանի երկաթուղային հանգույցներով միանալ թե\' Վրաստանի երկաթգծային համակարգին և հասնել Սև ծովի վրացական նավահանգիստներ, թե\' ռուսական երկաթուղային համակարգին և մուտք ունենալ եվրոպական երկրներ ու Բալթիկ ծով:
Այս նախագծի իրականացումը կարող վերջնականապես թաղել Հայաստան-Իրան երկաթգծի շինարարության հեռանկարը: Որքան էլ այն Հայաստանի և Իրանի համար ունենա քաղաքական մեծ նշանակություն, դժվար կլինի գործող և ապրանքափոխադրման բավականին մեծ պոտենցիալ ունեցող ադրբեջանա-իրանական երկաթուղու պայմաններում պոտենցիալ ներդրող գտնել հայ-իրանական թանկարժեք, հետևաբար` տնտեսապես անշահավետ նախագծում ներդրումներ կատարելու համար:
Սա ուղղակի կապված է նաև Իրանի և ԵՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու` հետագա նախանշվող գործարկման մեջ Հայաստանի ստանձնելիք դերակատարությանը, որը կարող է զուտ ձևական բնույթ ստանալ: Որովհետև ստացվում է, որ չնայած Հայաստանն է այդ կազմակերպության անդամ, սակայն առավել դյուրին և էժան հաղորդակցային միջանցքը ԵՏՄ-ի և Իրանի միջև ապահովելու է Ադրբեջանը: Հայաստանը, փաստորեն, մնում է Հյուսիս-հարավ` կառուցվող ավտոմագիստրալի հույսին: Այսինքն` ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանը Իրանի` տարածաշրջանային լուրջ տնտեսա-քաղաքական գործոնի վերածվելու պարագայում չկարողանա դրանից շոշափելի դիվիդենդներ շահել և դարձյալ տանուլ տա Ադրբեջանի հետ մրցակցությունում:
Գևորգ Դարբինյան