կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-09 10:02
Սպորտ

Ինչ ուզում էի տեսնել, տեսա. Սարգիս Հովսեփյան

Ինչ ուզում էի տեսնել, տեսա. Սարգիս Հովսեփյան

Ֆրանսիա-Հայաստան հանդիպման ավարտից հետո «Ալյանս Ռիվիերա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի մամուլի ասուլիսը:

 -Պարոն Հովսեփյան, մեկնարկային կազմի ընտրությունից և խաղի ընթացքից պարզ դարձավ, որ փորձարկումներ էիք անում այս խաղում: Ի՞նչ էիք ցանկանում տեսնել և ի՞նչ տեսաք:

- Այսպիսի հավաքականի դեմ խաղում, փորձում էինք եզրերով արագություն տալ, հակագրոհել: Մասամբ ստացվեց, պահեր կային, բայց վարպետությունը չհերիքեց: Իմ կարծիքով ինչ-որ չափով առաջին խաղակեսը ստացվեց, ինչ որ ուզում էի տեսնել ես տեսա: Իհարկե ամբողջովին չստացվեց, որովհետև այդպիսի ուժեղ հավաքականի հետ խաղում կային թերություններ: Եվ դա միայն մեր տղաների մեղքը չէր, այլ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստների որակը չափազանց բարձր էր, և մեր տղաները ուղղակի չէին հասցնում նրանց հետևից: Դա բնական է, որովետև Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստները սովոր են բարձր մակարդակի հանդիպումներին, իսկ մենք ունենք ֆուտբոլիստներ, որոնք առաջին անգամ են մասնակցում նման հանդիպումների, իրենց համար մի փոքր անսովոր է այսպիսի բարձր որակը և արագությունները: Այս խաղում դաշտ դուրս եկան երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնց փորձարկում ենք ապագայի համար:

Պարտության պատճառը ակնհայտ է: Թիմերի խաղամակարդակի տարբերությունը շատ մեծ էր, ես շնորհավորում եմ Ֆրանսիայի հավաքականին և ցանկանում հաջողություն Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում:

 -Մեր մի քանի առաջատարներ պահեստայինների նստարանին էին, մյուսները փոխարինվեցին հանդիպման ընթացքում: Արդյո՞ք դա պայմանավորված էր Ալբանիայի հավաքականի հետ առաջիկա հանդիպումով: Արդյո՞ք Մովսիսյանն ու Արզումանյանը պատրաստ կլինեն այդ խաղին:

 -Մենք ունենք ֆուտբոլիստներ, որոնք բաց տողեցին այս հանդիպումը: Մովսիսյանը, Արզումանյանը, Հարոյանը վատառողջ է և ներկա չէր մարզադաշտում: Եթե Յուրան և Ռոբերտը այսօր խաղային, ապա Ալբանիայի հետ հանդիպմանը չէին կարող մասնակցել: Դրա համար որոշեցինք իրենց հանգիստ տալ, որպեսզի պատրաստվեն Ալբանիայի հետ հանդիպմանը: Այդ խաղը շատ կարևոր է, կայանալու է մեր մարզադաշտում և անպայման ուզում ենք հաղթել: Այդ հանգամանքից ելնելով եղան նաև փոփոխությունները այս հանդիպման ընթացքում, քանի որ հասկանում ենք, որ շատ կարևոր խաղ է սպասվում: Բոլորս լավ հասկանում էինք որ ընկերական հանդիպում էր ու հնարավորություն տվեցինք խաղալ երիտասարդներին:

 -Գո՞հ եք արդյոք խաղից:

-Արդյունքից բնականաբար գոհ չեմ, պարտվել ենք 4:0 հաշվով: Եթե Ալբանիայի դեմ խաղանք այնպես ինչպես որ խաղացինք առաջին խաղակեսում, կարծում եմ արդյունք կունենանք, որովհետև թեև Ալբանիայի հավաքականի կազմում լավ ֆուտբոլիստներ են հանդես գալիս, բայց Ֆրանսիայի հավաքականի խաղամակարդակը ավելի բարձր է: Երկրորդ խաղակեսում խաղադաշտ մտան ֆուտբոլիստներ, որոնք չկարողացան դրսևորել իրենց այս խաղում: Հուսով եմ, որ այն տղաները, որոնք այսօր մեկնարկային կազմում էին ավելի լավ կխաղան Ալբանիայի դեմ:

 -Ի՞նչ կարծիք ունեք Գաել Անդոնյանի խաղի մասին:

-Գաել նորմալ խաղաց: Ինչպես տեսաք եզրային պաշտպանը վնասվածք ստացավ և թողեց խաղադաշտը: Իր դիրքը զբաղեցրեց կենտրոնական պաշտպանը, որը լիովին չկարողացավ կատարել իր պարտականությունները: Այդ պատճառով Գաելը կարող էր սխալվել, քանի որ համակործակցությունը կենտրոնական կիսապաշտպանի հետ խախտվեց: Ես Գաելի խաղից գոհ եմ և հուսով եմ որ Ալբանիայի դեմ ավելի լավ կխաղա:

-Արդյո՞ք Ֆրանսիայի հավաքականի կազմում կար ֆուտբոլիստ ով ավելի շատ խնդիրներ առաջացրեց քան մյուսները:

-Բոլոր ֆուտբոլիստներն են շատ խնդիրներ առաջացրեցին մեր ազգային հավաքականի համար: Ֆրանսիայի հավաքականը անընդհատ գրոհում էր և ցանկացած ֆուտբոլիստ կարող էր վտանգավոր պահ ստեղծել, ինչն էլ եղավ:

 

ՀՖՖ պաշտոնական կայք