կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-09 01:54
Սպորտ

Ընկերական հաղթանակ

 Ընկերական հաղթանակ

Հայաստանի ազգային հավաքականն   ընկերական խաղում 4:0 հաշվով պարտվեց Ֆրանսիայի հավաքականին:  Սարգիս Հովսեփյանն այս խաղում մի շարք փորձարկումներ կատարեց: Հայաստանի հավաքականի կազմում տեղի ունեցավ 6 փոփոխություն:

Այս խաղում առաջին անգամ հավաքականի կազմում խաղադաշտ դուրս եկան Վարդան Պողոսյանն(«Փյունիկ») ու Արտակ Գրիգորյանը(«Ալաշկերտ»): Հենրիխ Մխիթարյանը, ով առաջին խաղակեսում աչքի ընկավ արդյունավետ խաղով, փոխարինվեց 60-րդ րոպեին: Արաս Օզբիլիսն ու Մարկոզ Պիզելին խաղադաշտ դուրս եկան 2-րդ խաղակեսի ընթացքում: Տպավորություն կար, որ 3 օր անց Ալբանիայի հետ կայանալիք խաղը որոշիչ է մեզ համար մրցաշարային աղյուսակում և Սարգիս Հովսեփյանը փորձում էր խնայել  թիմի առաջատարներին առաջիկա հանդիպման համար: Իհարկե ընկերական հանդիպումները փորձարկումների համար են, ինչի համար կան ՖԻՖԱ-ի օրացույցով նախատեսված ընկերական հանդիպումների օրեր, որը վերջին շրջանում կարծես չի վերաբերվում մեր հավաքականին, իսկ Ֆրանսիայի հավաքականի հետ հանդիպումը  Եվրո-2016-ի ընտրական փուլի  շարքից էր, պարզապես մրցաշարային հաշվարկից դուրս:

Ալբանիայի հետ հանդիպումը մեզ համար հավասարազոր է ընկերական խաղի, քանի որ Հայաստանի հավաքականի համար մրցաշարային աղյուսակում որևէ  խնդիր չկա լուծելու, իսկ Ալբանիայի ընտրանին կձգտի ամեն կերպ հաղթանակի հասնել, քանի որ վաստակած 3 միավորը ալբանացիներին Եվրո-2016-ի ուղեգիր կպարգևի:   Անկասկած ալբանացիները գերմոտիվացված կժամանեն Երևան, իսկ Հայաստանի հավաքականի միակ մոտիվացիան կլինի Հանրապետականի կիսադատարկ տրիբունաները:  

Իհարկե, դժվար չէ պատճառներ ու արդարացումներ գտնել պարտության համար:  Ընկերական հանդիպում էր, և մեզ համար կարևոր էր նոր ֆուտբոլիստների փորձարկումը,  ընկերական խաղում արդյունքն այնքան էլ կարևոր չէ և այսպես շարունակ…   Հավանաբար այսպես կպատճառաբանի  Սարգիս Հովսեփյանը   հերթական պարտությունը:    

Այնուամենայնիվ, Ֆրանսիայի հավաքականն ընկերական խաղում ընկերական հաղթանակ տարավ, քանի որ կարող էր հաղթել ավելի խոշոր հաշվով, բայց բավարարվեց այսքանով:  

 Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ