Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզի շենքը, որտեղ հաճախում է 95 երեխա և ունի 17 աշխատող, կառուցվել է 1953 թվականին: Շենքը վերջին տարիներին գտնվում էր թե՛ սեյսմիկ, թե՛ սանիտարական առումով անմխիթար վիճակում: 2014թ. ապրիլին ԼՂՀ Սեյսմիկ ծառայությունը շենքը գնահատել է որպես վթարային և մանկապարտեզը փակելու պահանջ ներկայացրել: Այսօր շենքը հիմնովին քանդվել է, եւ շատ ստեփանակերտցիների հուզում է այն հարցը, թե արդյոք ի՞նչ ճակատագիր կունենա սիրված մանկապարտեզը: Այս հարցի պատասխանը փորձեցինք գտնել՝ զրուցելով ՀՕՄ-ի Արցախի մեկուսի մասնաճյուղի ատենապետուհի Արմինե Հարությունյանի հետ:
- Տկն. Հարությունյան, ի՞նչ ակնկալիքներ ու ծրագրեր կան մանկապարտեզի շենքի հետ կապված:
- Ուրախացնեմ ու հայտարարեմ սպասողներին, ովքեր մտահոգվել են մանկապարտեզի քանդման հարցով՝ հոկտեմբերի 1-ից մանակապերտեզը գործելու է ժամանակավոր տեղակայված վայրում՝ նախկին 6-րդ դպրոցի մասնաշենքերից մեկում: Արցախում ՀՕՄ-ի բազմաթիվ հաջողված ծրագրերից մեկը «Սոսե» մանկապարտեզների ծրագիրն է: Այսօր Արցախում գործում են ՀՕՄ-ի 8 մանկապարտեզներ: Ստեփանակերտ քաղաքում մանակապարտեզը գործում է 1998թ-ից:
Ուրախությամբ տեղեկացնում եմ նաեւ, որ 2015թվականին ՀՕՄ-ի Կենտրոնական վարչությունը Ստեփանակերտում նոր մանակապարտեզի շինարանության նպատակով կյանքի է կոչել հանձնախումբ, որին անմիջապես դրական արձագանքել է ԼՂՀ կառավարությունը և իր պատրաստակամությունը հայտնել միասնաբար այդ ծրագիը կյանքի կոչելու համար: ՀՕՄ-ի կառույցը համագործակցում է ԼՂՀ կառավարության և Ստեփանակերտի քաղաքապետարանի հետ, ինչը բխում է մեր քաղաքացիների շահերից:
Մանկապարտեզը այդ տարածքում կգործի առավելագույնս 2 տարի: Իրավիճակի բերումով Արցախ այցելած հազարավոր ՀՕՄ-ուհիներ, թե՛ Կենտրոնական վարչությունից, թե՛ առանձին ՀՕՄ-ուհի բարերաներ, միշտ այցելել են Ստեփանակերտի մանկապարտեզ և իրենց անկեղծ ցանկությունն են հայտնել արդիական պահանջներով հագեցած մանկապարտեզի շենք կառուցելու: Նորակառույց մանկապարտեզի շենքի նախահաշիվը կազմում է մոտավորապես 900 000 դոլար, որի մոտ 750 000 դոլարը նախատեսվում է շինարարության ծախսերի համար:
Այս պահին ՀՕՄ-ի տարբեր կառույցներ ԱՄՆ-ում, Կանադայում և ամենուր նախաձեռնել են դրամահավաք՝ շինարարությունն արագ ավարտելու նպատակով: Ացախի մեկուսի կառույցը անմասն չի մնալու և նպատակ ունի նախաձեռնելու տարբեր դրամահավաք միջոցառումներ՝ իր արտահայտված մասնակցությունը բերելու համար:
- Ինչքա՞ն է կազմում այդ արտահայտված մասնակցության չափը:
- Իհարկե, ինչքան շատ՝ այնքան լավ, բայց ոչ պակաս քան 100 000 դոլարի համարժեք դրամ: Օգտվելով առիթից՝ կոչ եմ անում «Ապառաժ» թերթ ընթերցողներին իրենց մասնակցությունը բերելու այս ծրագրի կյանքի կոչմանը: Ցանկացողները գումարը կարող են փոխանցել հատուկ բացված բանկային հաշվին` /«Ամերիաբանկ» 1570022424910100 /AMD/ 1570022424910101 /USD/:
ՀՕՄ-ը ստեղծվել է 1910թ. ԱՄՆ-ում, ցեղասպանություն տեսած հայ կանանց և մայրերին աջակցություն ցուցաբերելու նպատակով և գործում է աշխարհի 26 երկրներում, իսկ Արցախում գործում է 1992 թվականից: 1998 թվականի ապրիլին Ստեփանակերտում բացված ՀՕՄ-ի «Սոսե» մանկապարտեզը նպատակ ուներ աջակցել Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքների մանկահասակ երեխաների կրթադաստիրակչական աշխատանքների կազմակերպմանը:
«Սոսե» մանակապրտեզը շատ կարճ ժամկետում աչքի ընկավ ԼՂՀ նախադպրոցական հիմնարկների շարքում և դրանով իսկ արդարացրեց ՀՕՄ-ի Կենտրոնական նարչության և հովանավորող շրջանների, անհատների սպասումներն ու հույսերը: Հետագայում Ստեփանակերտի «Սոսե» մանակապրտեզի օրինակով որոշվեց ընդլայնել «Սոսե» մանկապարտեզների ցանցն Արցախում՝ տարիների ընթացքում նրանց թիվը հասցնելով 12-ի: Այժմ մանկապարտեզներ են գործում նաև Շուշիում, Մեծ Թաղերում, Տողում, Ակնաբերդում, Աշանում, Խնձրիստանում, Քարեգահում:
Լուսինե Թեւոսյան
Aparaj.am