կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-03 17:22
Մշակույթ

«Սոսե»-ն խոստանում է տպավորել իր կինոպատմություններով

«Սոսե»-ն խոստանում է տպավորել իր կինոպատմություններով

«Սոսե» միջազգային կինոփառատոնը կերտում է իր հինգերորդ պատմությունը։  Անցած հինգ տարիների ընթացքում կինոփառատոնի կազմակերպիչներին հաջողվել է ոչ միայն փառատոնի շուրջ համախմբել կինոսիրող պահանջկոտ հանդիսատեսի բանակը, այլև գրավել հենց կինոհեղինակների ուշադրությունը։ Եթե տարիներ առաջ փառատոնը մեկնարկեց հայ հեղինակների ընդամենը 8 ֆիլմով, ապա այս տարի արդեն «Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնի մասնակցության հայտ է ներկայացրել 39 երկրի (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իրան, Ռուսաստան, Իտալիա, Իսպանիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Գերմանիա, Չինաստան, Նոր Զելանդիա) 742 հեղինակ, մրցութային փուլ է անցել 172 ֆիլմ։

«Ուրախալի է նշել, որ փառատոնին մասնակցելու հայտ են ներկայացրել աշխարհի տարբեր անկյուններում գործող ֆիլմարտադրողներ։ Մեզ համար դա, իհարկե, այս տարիների կատարած աշխատանքի լավագույն գնահատականն է, բայց պիտի խոստովանեմ, որ դա նաև «դժվարացրել է» մեր աշխատանքը։ Մեր նախնական ընտրական հանձնախումբը կանգնած էր շատ պատասխանատու և բարդ ընտրության առաջ՝ լավագույներից ընտրել լավագույնը»,- ասում է «Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնի համահիմնադիր և գեղարվեստական ղեկավար Ռիտա Խալաթյանը։  

«Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնին կներկայացվեն նաև հեղինակավոր կինոփառատոներին մասնակցած և մրցանակների արժանացած  ֆիլմեր։ Օրինակ՝ ռուս ռեժիսոր Իգոր Պոպլաուխինի «Օրացույց» ֆիլմը 2018 թ-ին Կաննի միջազգային կինոփառատոնում արժանացել է երկրորդ, «Կինոտավր»-ի՝ գլխավոր մրցանակներին, «Եվրասիա» միջազգային կինոփառատոնի՝ ժյուրիի հատուկ մրցանակի, ֆրանսիացի երիտասարդ խոստումնալից ռեժիսոր Սելին Դյուվոյի «Մեծ վիշտ» ֆիլմը Վենետիկի միջազգային կինոփառատոնում արժանացել է վենետիկյան հորիզոն մրցանակի՝ որպես լավագույն կարճամետրաժ ֆիլմ, շվեդ ռեժիսոր Մարիա Էրիքսսոն-Հեշթի  «Դպրոցական դժվարություններ» ֆիլմն արդեն ներկայացվել է Չեխիայի հայտնի Կարլովի Վարիի, Տորոնտոյի միջազգային և Նեշվիլլի կինոփառատոներում։

Կինոփառատոնի մրցութային փուլ անցած ֆիլմերը կներկայացվեն հետևյալ անվանակարգերում՝ հիմնական մրցութային ծրագիր (15 խաղարկային լիամետրաժ, 63 խաղարկային կարճամետրաժ և 21 վավերագրական ֆիլմ),  «Բովանդակությունը՝ կին» (27 ֆիլմ), «Ուսանողական» (48 ֆիլմ)։

Փառատոնի գեղարվեստական ղեկավարը կարևոր առանձնահատկություններից մեկը համարում է այն, որ ցուցադրությունները չեն կենտրոնանա միայն մայրաքաղաքում․ «Արդեն երրորդ տարին է մարզերի հանդիսատեսը ևս հնարավորություն է ունենում  դիտել մեր փառատոնի ֆիլմերը։ Այս տարի «Սոսե»-ի ֆիլմերը կցուցադրվեն Գորիսում, Եղեգնաձորում, Դիլիջանում, Գյումրիում, Կապանում, տարեցտարի ավելանում է մարզերի ընդգրկվածությունը»։

Նախատեսվում է խաղարկային լիամետրաժ, կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի ցուցադրություն նաև արտամրցութային ծրագրում։ Կինոփառատոնը կանդրադառնա նաև Վիլյամ Սարոյանի ծննդյան 110-ամյակին։ Սարոյանական օրերը կանցկացվեն «Ըստ Սարոյանի» խորագրով։ Արտամրցութային ծրագրում կներկայացվեն նաև Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմեր։

«Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնը կմեկնարկի սեպտեմբերի վերջին և կտևի մոտ երկու ամիս։