կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-31 12:34
Քաղաքական

Նախագահի հրամանագիրը չի կատարվել` ներկայացվել է նոր սահմանադրություն. ՍԴ անդամ

Նախագահի հրամանագիրը չի կատարվել` ներկայացվել է նոր սահմանադրություն. ՍԴ անդամ

Այսօր ՍԴ անդամ Կիմ Բալայանը լրագրողների հետ զրուցեց սահմանադրական փոփոխությունների մասին: Նա, նախևառաջ, ամրագրեց այն փաստը, որ ցանկացած երկիր Սահմանադրություն ընդունելու ժամանակ պետք է առաջնորդվի իր երկրի սահմանադրական մշակույթով, սովորույթներով, և այն միտված պետք է լինի տվյալ պետության զարգացմանն ու ժողովրդավարության ամրապնդմանը:

«1995-ին, երբ ընդունվեց առաջին Սահմանադրությունը, այն ժամանակ էլ, հիմա էլ ասում են, որ այդ Սահմանադրությունը հակաօրինական էր, որովհետև մենք ընդունել ենք Անկախության մասին հռչակագիր, որում նշված է, որ Հայաստանի անունից հանդես գալու բացառիկ լիազորությունը պատկանում է Գերագույն խորհրդին, որ ՀՀ ունի անվտանգության պահպանման համար ստեղծված Գերագույն խորհրդին ենթակա ուժեր: Այն ժամանակ այդ մարմինը Գերագույն խորհուրդ էր կոչվում, հիմա՝ ԱԺ»,- ասաց Կիմ Բալայանը: Նրա խոսքով՝ Սահմանադրության վերջին հոդվածը նշում է, որ սույն հռչակագիրը հիմք է սույն Սահմանադրության մշակման, փոփոխություններ իրականացնելու և նոր Սահմանադրության մշակման համար:

Կիմ Բալայանը ուշադրություն հրավիրեց մի հարցի վրա, որ նախագահի հրամանագիրը, ըստ էության, չի կատարվել: Նախագահը հրամանագիր էր ստորագրել` ստեղծել մասնագիտական հանձնաժողով սահմանադրական բարեփոխումների համար, բայց արդյունքում ներկայացվեց նախագիծ նոր Սահամանդրության վերաբերյալ: «Ես ճանաչում եմ հանձնաժողովի բոլոր անդամներին, նրանք լուրջ մասնագետներ են, բայց նրանց կողմից ներկայացված նախագծում բարեփոխման մասին խոսք չկա, ներկայացվել է նոր Սահմանադրության նախագիծ, ոչ թե բարեփոխման մասին նախագիծ: Իրավական տեսակետից սա սահմանադրական բարեփոխումների նախագիծ չէ, այլ` նոր սահմանադրության: Հետևությունները թողնում եմ ձեզ»,- ասաց նա:

ՍԴ անդամը կարծիք հայտնեց, որ, անկասկած, խորհրդարանական կառավարումը առաջնային քայլ է ՀՀ հռչակագրի իրացման տեսակետից: Բացի այդ` պետք է ուշադրություն դարձնել, թե ինչ սկզբունքային հարցեր կան: Կարևորագույն իրավունքը, որը մեր Սահմանադրության մեջ հռչակագրային բնույթ ուներ, դա այն է, որ ժողովուրդն է իշխանության տերը, և ժողովուրդը իշխանությունը իրացնում է հանրաքվեների միջոցով: «Այս նախագծով` 150 հազար ստորագրությամբ ցանկացած հիմնական հարց կարող է դրվել հանրաքվեի, և ժողովուրդը ռեալ հնարավորություն ունի կարևոր որոշումներ կայացնելու»,- ասաց Կիմ Բալայանը: