կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-05 18:00
Հասարակություն

Հիվանդացության աճ` բարձր ջերմաստիճանով պայմանավորված

Հիվանդացության աճ` բարձր ջերմաստիճանով պայմանավորված

Հանրապետությունում արձանագրվող բարձր ջերմաստիճանով պայմանավորված` վերջին շրջանում հիվանդացության որոշակի աճ է նկատվում։ 

«Ուզում եմ ընդգծել, որ իրավիճակը վերահսկվում է, և յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ ունենք մանրամասն տեղեկություններ ու վարման հստակ մոտեցումներ»,-ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։ 

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը, ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչության պետ Արտակ Սահակյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանն անդրադարձան բարձր ջերմաստիճանի առկայության պայմաններում սննդային թունավորումներից զերծ մնալու խնդիրներին, ինչպես նաև վերջին օրերին արձանագրված դեպքերին։ 

Նշելով, որ առողջապահության նախարարությունը դեռ ամռան սկզբից բազմաթիվ անգամներ հանրությանը ներկայացրել է շոգից պաշտպանվելու և սննդային թունավորումներից խուսափելու միջոցները` Արտավազդ Վանյանը ևս մեկ անգամ մանրամասնեց։ «Ամռան ամիսներին մեծանում է նաև վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումերի առաջացման և տարածման վտանգը` պայմանավորված հիվանդությունների փոխանցողների բազմացման համար առավել նպաստավոր պայմաններով»,-ասաց նա` անդրադառնալով ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը և վարակիչ հիվանդությունների վտանգը կանխելու ու նվազեցնելու, ինչպես նաև մրսածությունից խուսափելու համար անհրաժեշտ կանոններին։ Բանախոսը միաժամանակ կոչ արեց խուսափել անհայտ ծագման, համապատասխան մակնշում չունեցող, բակերում, փողոցներում վաճառվող սննդամթերք գնելուց։ 

Անդրադառնալով սննդային գործոնով պայմանավորված թունավորումներին` Վահե Դանիելյանը նշեց, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ոչ միայն մանրամասն անդրադառնում է արձանագրվող սննդային թունավորման դեպքերին, այլև լայնածավալ ուսումնասիրություններ է իրականացնում հանրապետության տարածքում գործող հանգստյան տներում, ճամբարներում, որպեսզի հնարավորինս կրճատվեն այն ռիսկերը, որոնք կարող են թունավորումների պատճառ դառնալ։ 

Արտակ Սահակյանը տեղեկացրեց, որ տեսչությունը դասընթացներ է կազմակերպել բոլոր մարզերի և Երևանի նախադպրոցական և դպրոցական կազմակերպությունների տնօրենների և պատասխանատուների համար։ Նպատակը գործող սանիտարական նորմերի պահանջներին մեկ անգամ ևս իրազեկելն էր։ Սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման նկատմամբ հսկողություն իրականցնելու նպատակով ՀՀ վարչապետի թույլտվությամբ փոփոխություն է կատարվել տարեկան պլանային ստուգումների ցանկում։ Դրանում ընդգրկվել են մարզերի և Երևանի մի շարք նախադպրոցական և դպրոցական հաստատություններ։ Նա միաժամանակ նշվեց, որ վարչական վարույթներ են հարուցվել մարզերի մի շարք նախադպրոցական հաստատություններում` սանիտարահիգիենիկ և ջրամատակարարման պայմանների ոչ բավարար ապահովման վերաբերյալ։ 

Բանախոսները նշեցին, որ աշխարհի բոլոր երկրներում սննդային թունավորումների լոկալ բռնկումներ լինում են։ Կարևորն այն է, որ առողջապահական մեր համակարգում գործում են արագ արձագանքման արհեստավարժ թիմեր, որոնք կարողանում են նման դեպքերը հստակ ախտորոշել և օպերատիվորեն տեղայնացնել։ 

Նշվեց, որ առողջապահության նախարարության կողմից մշակվել են սննդային թունավորումներից զերծ մնալու անհրաժեշտ բոլոր նորմատիվները։ Դրանց ամենօրյա հսկողության առաջին պատասխանատուները տնտեսվարողներն են։ Իսկ դրա կարևոր նախապայմանը նրանց իրազեկվածությունն է։ Առողջապահության նախարարության համապատասխան կառույցներն աշխատանքներ են տանում նաև այս ուղղությամբ։