Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 7-ին Ֆրանսիայի Նիս քաղաքի «Ալյանս Ռիվիերա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի նախախաղային մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա պատասխանեց լրագրողների հարցերին:
Արդյոք դիտե՞լ եք Ֆրանսիայի հետ նախորդ խաղը, ի՞նչ տպավորություններ ունեք, ինչի՞ վրա է պետք աշխատել:
- Իհարկե, դիտել եմ, հոյակապ հավաքական է, որակյալ ֆուտբոլիստներ, արագ ֆուտբոլ են խաղում: Այդպիսի հավաքականների դեմ պետք է խաղալ կարգապահ ֆուտբոլ, 90 րոպե, հակառակ դեպքում այդ կարգի հավաքականները միշտ պատժում են: Այդ պատճառով տղաներին ասել եմ, որ պետք է պահել խաղային կարգապահությունը և առավելագույն նվիրվածությամբ խաղալ, քանի որ մենք հասկանում ենք՝ ով է մեր հակառակորդը: Եթե, ինչ-որ մեկը այլ կերպ մտածի, շատ դժվար կլինի մեր հավաքականի համար:
Ի՞նչ փոփոխություններ կա Հայաստանի հավաքականի կազմում համեմատած անցյալ տարի Ֆրանսիայի հավաքականի հետ խաղի:
- Փոփոխությունները շատ չեն, քանի որ Հայաստանի հավաքականը չունի ֆուտբոլիստների այդպիսի լայն շրջանակ, ինչպիսին ունի Ֆրանսիայի հավաքականը: Մարտավարության մեջ ենք փոփոխություն արել: Չնայած պարտվեցինք Պորտուգալիային, բայց կար ֆուտբոլ, կային գոլեր, սխալների պատճառով պարտվեցինք: Խաղացինք Դանիայի հետ, տղաները վստահ խաղացին, կարող էինք հաղթել: Չստացվեց հաղթել, սակայն ես տեսա թիմ, տղաները հավատում են իրենց ուժերին, առանց որի արդյունքի չես հասնի: Շատ քիչ փոփոխություններ ենք արել, քանի որ նորից ասեմ, ընտրությունը մեծ չէ:
Հավաքական հրավիրվող ֆուտբոլիստների կազմի շուրջ միշտ խոսակցությունները շատ են, ո՞վ է Ձեզ խորհուրդ տալիս կազմի ընտրության հարցում և ի՞նչ կարծիք ունեք այն մասին, որ ներքին առաջնության ակումբներից հավաքական մեծամասամբ հրավիրվում են «Փյունիկի» ֆուտբոլիստները:
- Ինչ վերաբերվում է խորհուրդներին, ապա ազգային հավաքականի մարզչական շտաբը ներկայացնում է թեկնածուներին, քննարկում ենք, կարծիքներ լսում, բայց պարզ է, որ վերջնական որոշումը ես եմ կայացնում: Կազմի վերաբերյալ դժգոհություններ միշտ էլ լինում են և ցանկացած կազմի դեպքում կլինի դժգոհող կողմ:
Ինչ վերաբերվում է «Փյունիկից» շատ ֆուտբոլիստներ հրավիրելուն: Ես շատ կուզենայի, որ մյուս ակումբներում լինեին լավ երիտասարդ ֆուտբոլիստներ: Ես այժմ գտնում եմ, որ ուժեղագույնները խաղում են «Փյունիկում»: Շատ լավ կլիներ, որ այլ ակումբներում առաջին դերերում լինեին հայ ֆուտբոլիստներ, բայց միայն լեգեոներներին եմ տեսնում: Իհարկե, դա ակումբի գործն է, բայց միևնույն ժամանակ դա դժվարացնում է ազգային հավաքականի մարզչի գործը, քանի որ ընտրություն չկա:
Ինչո՞ւ Գեղամ Կադիմյանը չի արժանացել Ձեր ուշադրությանը, հաշվի առնելով այն, որ վերջին շրջանում լավ է խաղում:
- Կադիմյանի խաղը մենք տեսել ենք, լավ ֆուտբոլիստ է, գիտենք, որ նա համաձայնվել է հանդես գալ Հայաստանի համար: Աշխատանքները տարվում են, որպեսզի Կադիմյանին հրավիրենք ընկերական խաղի, որ տեսնենք թե ինչպես իրեն կդրսևորի ազգային հավաքականների հանդիպումների մակարդակով:
Եթե նայեք ազգային առաջնության աղյուսակը կտեսնք, որ «Փյունիկը» բոլորից շատ է գոլ խփել և բոլորից քիչ բաց թողել: Դա նույնպես խոսում է ֆուտբոլիստների մակարդակի մասին:
Դանիայի հետ խաղից հետո Դուք ասեցիք որ երկրորդ հենակետայինի խնդիր կա: Ռումյան Հովսեփյանը հիմա լա՞վ մարզավիճակում է, ի՞նչ կասեք այդ մասին:
- Հովսեփյանը լավ ֆուտբոլիստ է: Այժմ մեզ պետք է հենակետային կիսապաշտպան, ով լավ պաշտպանվում է և կանխում է հակառակորդի գրոհները, քան կառուցողական ոճի հենակետային: Ցավոք, այժմ Ռումյանը չի կարող այդ խնդիրները լուծել: Այն ֆուտբոլիստները, ովքեր ընդգրկված են Հայաստանի հավաքականի կազմում կարող են կատարել այդ խնդիրը, եթե ոչ, ապա կհրավիրվի Ռումյանը և նաև այլ ֆուտբոլիստներ, ովքեր հստակ կկատարեն մարզչի առաջադրանքը:
Ալբանիայի հետ հանդիպումից հետո, Դուք ժամանակավորապես գլխավորեցիք հավաքականը: Արդյոք դուք պատրա՞ստ եք շարունակել ձեր աշխատանքը հավաքականի հետ:
Ես չէի ցանկանա գնահատական տալ իմ աշխատանքի վերաբերյալ: Գնահատականն իմ աշխատանքի համար տալիս է ՀՖՖ նախագահը: Ես անում այն, ինչ կարող եմ անել և օգտակար լինել մեր հավաքականին: Մնացել է ընդամենը երկու խաղ և գնահատական կլինի, բավարար կամ անբավարար:
ՀՖՖ պաշտոնական կայք