Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ քառօրյա նիստում, երբ քննարկվում էր գլխավոր դատախազի` 2014թ. գործունեության հաշվետվությունը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ելույթում նախ կարևորեց ԱԺ-ում հաղորդում ներկայացնելը, որն առաջին անգամ է տեղի ունենում, կարծիք հայտնելով, որ դա կարող է բարելավել գլխավոր դատախազության գործունեությունը:
Պատգամավորն այդ հաշվետվության մեջ նկատեց հակասություններ, երբ մի բաժնում ներկայացված է, թե ինչպես է գլխավոր դատախազությունը նպաստել հանցագործությունների նվազմանը, բայց, մյուս կողմից, մեկ այլ բաժնում գրված է, որ գլխավոր դատախազությունը չի կարող անմիջական մասնակցություն ունենալ հանցավորության դեմ պայքարում: Նա ցանկալի համարեց, որ հաշվետվության մեջ լիներ օրենսդրական վերլուծություն, ինչը օգտակար կարող էր լինել օրենսդիր մարմնի ներկայացուցիչների համար:
Իրավապահ համակարգի գործունեությանն անդրադառնալով` Արծվիկ Մինասյանը նշեց, որ զեկույցում չներկայացվեցին համակարգային բնույթի խնդիրները: Պատգամավորը ոչ բավարար գնահատեց հանրային հնչեղություն ունեցող գործերի բացահայտմանն ուղղված` գլխավոր դատախազության գործողությունները: Նա, մասնավորապես, անդրադարձավ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտմանը` այն համարելով ոչ լիարժեք ու անբավարար:
«Հավատացեք` եթե մենք անընդհատ բարձրացնում են այդ հարցը, ապա ոչ թե այն պատճառով, որ Հրաչ Մուրադյանը ՀՅԴ անդամ էր, այլ պատճառներն ավելի խորքային են. օրը ցերեկով սպանվել է Մարտական խաչի շքանշանակիրը, հերոսը, համայնքի ղեկավարը»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ գործը մինչ օրս բացահայտված չէ: