Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Watch24.am» տելեգրամյան ալիքի և «watch24.am_new» ինստագրամյան էջի միջոցով իրականացվում է բրենդային թանկարժեք ժամացույցների առուվաճառքի գործունեություն։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նշված էջերի հետազոտման արդյունքում պարզվել է, որ բրենդային թանկարժեք ժամացույցների առուվաճառքի գործունեությունը կազմակերպվում է տևական ժամանակ: Գովազդվում են շուրջ 187 հատ, ընդհանուր 5.433.986 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով տարբեր տեսակի՝ հիմնականում «Rolex», «Audemars Piguet», «Patek Philippe», թանկարժեք ժամացույցներ: Ի դեպ, վաճառքի ենթակա բրենդային ժամացույցները գովազդվում էին հանրությանը հայտնի տարբեր անձանց կողմից։
Միաժամանակ տեղեկություններ էին ստացվել, որ բրենդային թանկարժեք ժամացույցների առուվաճառքի գործունեությունն իրականացնում է Երևանի բնակիչ Հ. Ք.-ն։
Ենթադրյալ հարկային իրավախախտումները բացահայտելու նպատակով՝ մշակված և իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ Երևանի քաղաքի բնակիչը, հաշվառված լինելով որպես անհատ ձեռնարկատեր, երբևէ չի իրականացրել ապրանքների ներմուծումներ, ձեռքբերումներ և միայն առանց հետագա օտարման՝ 2020 թվականի փետրվարի 18-ին դուրս է գրել բրենդային ժամացույցի տեղափոխման փաստաթուղթ, իսկ 2020 թվականի օգոստոսի 31-ից դադարեցրել է գործունեությունը։
Ստացված տվյալներն իրացնելու նպատակով՝ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակցի կողմից «Հսկիչ գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում գնում կատարելու նպատակով ընտրվել է վաճառվող «Rolex» տեսակի ժամացույցը, որի համար վերջինս կանխիկ պահանջել է 45.500 ԱՄՆ դոլար։
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, կանխիկ եղանակով վճարվել է 45.500 ԱՄՆ դոլար գումար, որի դիմաց վերջինս վաճառել է տվյալ ժամացույցն՝ իր գործարանային տուփով։
«Հսկիչ գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելուց անմիջապես հետո, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով` հարկման օբյեկտը թաքցնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, քաղաքացին ձերբակալվել և բերվել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն։ Վերջինիս անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 20.053 ԱՄՆ դոլար, 330 ԱՄԷ դիրհամ, 50 եվրո և «Breguet» տեսակի բրենդային ժամացույց։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: