Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն տևական ժամանակ է` Սիրիայում պատերազմական վիճակ է, որը հանգեցնում է զոհերի ու ավերածությունների: Ցավոք, քիչ չեն զոհերը նաև խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում` նաև մեր հայրենակիցների:
Yerkir.am-ը խորհրդարանական ուժերից հետաքրքրվեց` ո՞րը պետք է լինի հայկական կողմի դիրքորոշումն այս պարագայում, և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն այս ուղղությամբ:
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ պետք չէ կենտրոնանալ Սիրիայում ապրող հայերի վրա միայն: «Այնտեղ հայերի հարցը չէ միայն: Մենք մեզ ինչո՞ւ ենք տարբերակում, ախր: Դիվանագետներն ինչ-որ պետք է, անում են արդեն»,- ընդգծեց պատգամավորը: Նա ասաց նաև, որ ինքը, որպես նախկին արտգործնախարար, կարծում է, որ այս թեման պետք չէ ամպագոռգոռ հարթությունների դաշտ տեղափոխել: «Սա նուրբ հարց է, և կարծում եմ, որ հայկական դվանագիտությունը ճիշտ ուղու վրա է»,- ասաց Արզումանյանը:
ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այս հարցի առնչությամբ բոլոր քաղաքական ուժերով աշխատանքային խորհրդակցություն են ունեցել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ: «Քանի որ միայն խորհրդարանը շատ քիչ մեխանիզմներ ունի` օգնելու մեր հալեպահայ հայրենակիցներին, որոշվեց առաջիկայում շատ ավելի մասնագիտական քննարկում կազմակերպել արտգործնախարության և գործադիրի հետ, որպեսզի հնարավոր լինի ավելի համապարփակ լուծումներ գտնել»,- ասաց նա:
Հարցին, թե միայն տեղակա՞ն մակարդակով պետք է կազմակերպվի այս խնդրի բարձրացումը, ԲՀԿ-ականը պատասխանեց. «Մենք գործադիրի հետ պետք է նաև այդ հարցը քննարկենք և գտնենք բոլոր արդյունավետ տարբերակները, գուցե դիմենք միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին»:
Նաիրա Զոհրաբյանը նշեց նաև`այնպես չէ, որ բոլոր սիրիահայերը մղվում են Հայաստան: Ըստ նրա` մի զգալի հատված պարզապես սոցիալական խնդիրների պատճառով երրորդ երկիր է տեղափոխվում: