Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեխաների ճակատի քրտինքով ստեղծված ճամբարի բռնագրավման բնութագրումը՝ համընդհանուր օրենքով, ամենապարզ տերմինով «գողություն» է: Պետությունը գողացել է «Արմեն» ճամբարը, և իմացեք, որ այդ մեղքը չափազանց ծանր է:
Հուլիսի վերջին օրերն էին: Երեկոյան ժամերն էին՝ երեխաների քնելու ժամը: «Եկան» ասելով՝ երեխաներից մեկը վազեց դեպի պատուհանը: «Հե~յ, զարթնեք: Հնդկացիները եկան, շրջապատեցին մեր ճամբարը»:
Դրսում՝ բուսական տարածքի ետևում, նեղ նրբանցքում մեքենաների խռպոտ ձայնն էինք լսում: Թիմի մեքենաները պտտվում էին ճամբարի շուրջ: «Ոչ, եկողները հնդկացիներ չեն, շերիֆն ու իր մարդիկ են,- ասացի: -Այս խաղում իրական հնդկացիները մենք ենք»: Երեխան դեմքի տխուր արտահայտությամբ հարցրեց. «Այսինքն` հիմա չար մարդիկը մե՞նք ենք»:
Տարիներ շարունակ մեր հիշողությունների մեջ տպվել էին մուլտֆիլմերի, արևմտյան ֆիլմերի, վայրի հնդկացիների և հերոս կովբոյների պատմությունները: Որտեղի՞ց իմանայինք, որ մեր իմացած չար հնդկացիները այդ հողերի տեղացիներն ու իրական տերերն են…Իրական զավթիչները` հեռվից՝այլ մայրցամաքից եկած սպիտակամորթները: Այս ճշմարտության մասին մենք էլ մեր երիտասարդ տարիներին սկսեցինք իմանալ: Իրականում մուլտֆիլմերի ցուցադրվածի հենց հակառակն էր: Սպիտակամորթներն եկել էին, տեղացիների ունեցվածքը խլել և,դրանով չբավարարվելով, նրանց քշել իրենց բերրի հողերից շատ հեռու՝ դեպի ամուլ հողեր: Այնքան վատություն էին արել տեղացիներին, որ նրանք էլ վայրագացել և դուրս էին եկել մարդկության սահմաններից:
Թեեւ արևմտյան հեքիաթների գլխավոր դերերում շերիֆն ու նրա մարդիկ են, ֆիլմի ավարտին հասնում էին կապույտ ժակետավորները, իսկ վերջում հայտնվում էր սպիտակամորթների «մեծ շեֆը» և ծափահարություններից հետո` «վերջ»… Վարագույր…
Այս խաղը մեզ հետ խաղալիս կապույտ ժակետավորները սկզբում բացակայում էին, նրանք էլ հայտնվեցին, երբ շերիֆն ու նրա մարդիկ գնացին:
Հաջորդ օրը «դիտեցինք» Թուզլայի զորամասի զինվորների՝ ժամը մեկ կատարած պաշտոնական երթերը՝ ջիպերով: Այսքան տարի միշտ ասֆալտե ճանապարհով դեպի ծովափ գնացող զինվորական մեքենաները ինչո՞ւ էին այդ օրն ընտրել մեր՝ ծով գնալ-գալու ճանապարհը:
Քանի որ մենք՝ մեծահասակներս, հասկացել էինք, որ այս խաղը պետք է շուտ ավարտենք, հաջորդ օրը հավաքեցինք երեխաներին, ձեռք ձեռքի բռնած` ընկանք ճամփա: Սկզբում Թուզլայի կայարան, հետո՝ Հայդարփաշա, Էմինոնու և վերջապես՝ Գեդիքփաշա… Ուխ, ազատվել էինք:
Շուտ էինք ուրախացել: Շատ չանցած՝ հասկացանք, որ «մեծ շեֆ»-ն ընկել էր մեր հետևից: «Հայր» պետությունը չէր մարսել երեխաների՝ իրենց ձեռքով ստեղծած այդ դրախտային բնակավայրը: Դատարանի միջոցով մեզ զգուշացրեց: Եկած գրության պարունակությունը շատ պարզ էր՝ «ս…եղեք, այստեղ դուք տեղ չունեք»:
Դրանով էլ չբավարարվեցին, դարձյալ եկան, վրա պրծան և մեր դպրոցը մեր գլխին փուլ տվեցին:
Արդեն հասկացել էին: Մենք՝ տեղացիներս, նրանց համար ցանկացած կառույց կարող էինք կառուցել, այսինքն` ապրելու վայր կառուցել, բայց եթե ինքներս մեզ համար երկու աղյուս իրար վրա դնեինք, դա մեղք էր:
* * *
Մինչ դուք ընթերցում եք սա, նոր սեփականատերն արդեն սկսել է ոչնչացումը:
Մեր ճամբարը, մեր աչքի լույսը, մանուկ ձեռքերով ոչնչից ստեղծված մեր Ատլանտիդան բուլդոզերները քանդում են, ջարդուփշուր անում: Ամեն հարվածից ծխի ու փոշու մեջ կորչում են ավերակների վերածված մեր ճաշարանը, ննջարանները, խաղի այգին, ծաղիկները, նկարները:
Իրականում` ավերակների է վերածվում շե՞նքը, թե՞ հիշողությունը: Երբ սրանից ավելի վատ բաներ ենք ապրել, այս ոչնչացումն ինչո՞ւ է մեր սրտերը խոցում:
Դժվար է արտահայտել զգացմունքները: Նույնքան դժվար է նաև զսպել ինքդ քեզ՝ չարտահայելու ատամներիդ մեջ սեղմված, սրտիցդ բխած թունդ հայհոյանքը:
Իրականում` ինքներս մեզ վրա ենք զայրանում:
Մենք՝ հայերս, որքան շուտ մոռացանք 1915 թվականին մեր ազգի դեմ կատարված ցեղասպանությունը, ինչքան շուտ մոռացանք սեպտեմբերի 6-7-ի թալանը: Եթե այսօրվա կատարվածը 1915-ի շարունակություն չէ, ապա ի՞նչ է: Մեր ժողովուրդը մի գիշեր ստացած հրամանով չէ՞ր թողել իր ողջ ունեցվածքն ու ընկել անհայտ ճանապարհ: Այսօր ինչո՞վ է տարբերվում:
Վարչապետ Դավութօղլուն հաճախ է անդրադառնում Սփյուռքին, ասում՝ դա մեր Սփյուռքն է: Ճիշտ է ասում: Այս ճամբարն իրենց տունը համարած այդքան երեխաներ այժմ աշխարհով մեկ են սփռված: Այդ Սփյուռքին ինչպե՞ս եք բացատրելու, թե ինչ է եկել ճամբարի գլխին: Կարող եք ասել՝ դա մեր ժամանակաշրջանի հետ կապ չունի: Ճիշտ է, ձեր ժամանակաշրջանում չբռնագրավվեց, սակայն այսօր այն ոչնչացվում է ձեր իշխանության ժամանակ: Այսօր դրա ողջ պատասխանատվությունը ձեզ է պատկանում:
Կարճ ասած՝ երեխաների ճակատի քրտինքով ստեղծված ճամբարի բռնագրավման բնութագրումը՝ համընդհանուր օրենքով, ամենապարզ տերմինով «գողություն» է:
Պետությունը գողացել է «Արմեն» ճամբարը, և իմացեք, որ այդ մեղքը չափազանց ծանր է:
Երվանդ Դինք
Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի
Հ.Գ. նյութում առկա լուսանկարն այժմ Թուզլայի հայկական որբանոցի պատին արված գրառումներից ` «Ո՞ւր էիր, Ատված»: