կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-30 21:08
Առանց Կատեգորիա

Ռուս-թուրքական «ճակատամարտեր»` Հայաստանի մատույցներում

Ռուս-թուրքական «ճակատամարտեր»`  Հայաստանի մատույցներում

Որքան էլ զարմանալի թվա, ապրիլի 24-ին ընդառաջ Ցեղասպանությունն այս կամ այն կերպ ճանաչելուն ուղղված հայտարարություններ արած բոլոր երկրներից թուրքական իշխանություններն ամենածանրը տարան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Թուրքիայի փոխարեն Հայաստան այցելելու և Երևանում կազմակերպված գիտաժողովին ուղղված ուղերձում «Ցեղասպանություն» բառը օգտագործելու փաստը: Նախագահ Էրդողանը հիշեց Ղրիմի բռնակցումը, թաթարների հիմնահարցը, իսկ վարչապետ Դավութօղլուն սպառնալիք հնչեցրեց, թե Անկարան դա անպատասխան չի թողնի: Վարչապետը, ավելի հեռուն գնալով, նույնիսկ հայտարարեց, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների՝ ապրիլի 24-ին Երևանում գտնվելը ցույց է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբում այդ երկրների ոչ անաչառ լինելու հանգամանքը:


Որպես իր նեղացածությունն առարկայորեն ցուցադրելու միջոց՝ Անկարան Ղրիմ է ուղարկում ոչ պաշտոնական պատվիրակություն՝ իբր այնտեղ թաթարների դրությունը գնահատելու նպատակով:  Փաստորեն, ի պատասխան Կրեմլի «հայասիրության», Թուրքիան ռուս-թուրքական օրակարգում նկատելիորեն սրում է Ղրիմի թաթարների կարգավիճակի հարցը: 


Այս հիստերիան բարձրացվում է մի երկրի շուրջ, որը ճանաչել է Ցեղասպանությունը, այն էլ` երկու անգամ՝ 1995 և 2005թթ.:  Պուտինը Ծիծեռնակաբերդում կազմակերպված ոգեկոչման գլխավոր արարողության ժամանակ այդ եզրույթն ընդհանրապես չօգտագործեց, իսկ Ռուսաստանի առանձին բնակավայրերում տեղական իշխանությունները, կարծես, ներքին ինչ-որ հրահանգով, տարատեսակ խոչընդոտներ ստեղծեցին արդեն կազմակերպված հիշատակման միջոցառումների անցկացման հարցում:


Որ այս վայնասունը Մոսկվայի նկատմամբ աննախադեպ ճնշման, ընդհուպ` շանտաժի դրսևորում էր, հաստատեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով ստիպված եղավ հայտարարել, թե յուրաքանչյուր երկիր ինքնուրույն է որոշումներ ընդունում:


Անկարայում Պուտինի՝ Թուրքիայի փոխարեն Հայաստանը նախընտրելու հանգամանքն ընկալել են որպես վիրավորանք: Նրանց ընկալմամբ՝ դա անհարիր է ներկայումս երկու երկրների միջև առկա` ստրատեգիականի ձգտող հարաբերություններին: Նրանք թքած ունեն, որ Ռուսաստանը և Հայաստանը, թեկուզ ֆորմալ առումով, Ռուսաստանի համար կարևոր նշանակություն ուենցող երկու կազմակերպությունների՝ ԵՏՄ-ի և ՀԱՊԿ-ի անդամ են: Անկարայում, թերևս, համոզված էին, որ եթե կարողանան Պուտինին «տանել» Թուրքիա, Հայաստանն ընկճախտի մեջ էր ընկնելու՝  համարելով դա որպես ռուս-թուրք-ադրբեջանական միասնության ձևավորման փաստ: Հաշվարկը, թերևս, այն էր, որ Ռուսաստանն առաջնայնությունը կտա Թուրքիայի հետ կապվող էներգետիկ համագործակցությանը, այսինքն` այն, որ Մոսկվան Թուրքիայից տնտեսական և էներգետիկ ուժեղ կախվածության վիճակում այլ տարբերակ պարզապես չի ունենա:


Այս հաշվարկները կարող էին աշխատել, եթե առկա չլինեին երկու կարևոր հանգամանքներ: Առաջինը «Թուրքական հոսք» գազատարի շինարարության հարցում ռուսական «Գազպրոմ»-ի և թուրքական «Բոթաշ»-ի միջև Թուրքիային տրամադրվելիք գազի սակագնի հաշվարկման սկզբունքի հարցում առաջացած խնդիրն է: Թուրքական կողմը, ձգտելով հասնել ներկրվելիք ռուսական գազի սակագինն էժանացնելու հարցում իր համար մաքսիմալ արդյունքի, ռուսական կողմին կանգնեցրել է փաստի առջև՝ թույլ չտալով սկսել նրա համար այդ կենսական նշանակության գազատարի շինարարությունը:«Թուրքական հոսք» նախագիծն այդ պատճառով դեռ չսկսած՝ հայտնվել է ձախողման եզրին: Կարելի է ասել, որ, Թուրքիայի համար Ցեղասպանության նման նուրբ հարցում կանգնելով Հայաստանի կողքին, Մոսկվան, կարծես, փորձում է ցույց տալ, որ չի ենթարկվելու թուրքական կողմի շանտաժներին, և հասկացնում է, որ այլ տարբերակ, քան ընդհանուր լեզու գտնելը, չի լինելու: Եվ սա այն ձեռագիրն է, որը չափազանց բնորոշ է Վլադիմիր Պուտինին: Թերևս պատահական չէր, որ Երևան այցելելու որոշումը Կրեմլում կայացվեց այն բանից հետո, երբ վերջնականապես պարզ դարձավ, որ Անկարան գազի սակագնի որոշման հարցում որևէ զիջման գնալ չի պատրաստվում: Ռուսների հաշվարկն էլ, թերևս այն է, որ, փաստացի մերժվելով Արևմուտքի կողմից և կանգնած լինելով Վաշինգտոնի ու Բրյուսելի հետ հարաբերություններում ճգնաժամի նախաշեմին,  Անկարան այլ ելք, քան դեպի Արևելք և դեպի Ռուսաստան ծավալումը, չունի: Այս իմաստով ապրիլի 24-ին Պուտինի այցը Երևան թվում է ոչ թե ռազմավարական, այլ մարտավարական ընտրություն: Եվ չի բացառվում, որ Ցեղասպանության վերաճանաչման` ռուսական այս կիսաքայլերը պարզապես շահագործման միջոց են թուրքերի հետ տնտեսական հարցերում փոխզիջումների հասնելու առումով: Այսինքն` սա ռուս-թուրքական հարաբերություններում որևէ լուրջ հետևանք չի ենթադրում՝ նաև հաշվի առնելով, որ, չնայած տնտեսական և էներգետիկ գլխավոր հարցերում շահերի համընկնմանը, այս երկու տերություններն ունեն լրջագույն և առայժմ անլուծելի թվացող քաղաքական խնդիրներ՝ կապված թե՛ Ղրիմի թաթարների, թե՛ սիրիական ճգնաժամի և թե՛ «Իսլամական պետության» հետ:   


Երկրորդ գործոնը թերևս պայմանավորված է հայ-թուրքական հարաբերություններում թելը չկորցնելու և, առհասարակ, Հարավային Կովկասում ստեղծված ստատուս քվոն պահելու հարցում Մոսկվայի շահագրգռությամբ: Պատահական չէ, որ Պուտինի՝  Երևան այցելությունից անմիջապես հետո Լավրովը հայտարարեց, թե Մոսկվան ամեն ինչ անելու է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար: Այս քայլով Մոսկվան նաև Հայաստանին փորձեց «կերակրել» հույսի նոր կարկանդակներով առ այն, որ գիտակցում է իր պատասխանատվությունը Հայաստանի անվտանգության ապահովման հարցում: Այսինքն՝ եթե զենք է վաճառում Ադրբեջանին, ապա նաև Բաքվին ցույց է տալիս, որ անհրաժեշտության դեպքում լինելու է Հայաստանի կողքին: Հենց այստեղից էլ գալիս է Պոզների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի հայտնած այն համոզմունքը, թե վստահ է, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ռուսաստանը կօգնի Հայաստանին: Մոսկվայում գուցե հաշվարկել են, որ եթե Պուտինի՝ Անկարա այցելելը ազդակ էր լինելու Ադրբեջանի համար, որ Ռուսաստանը լքում է Հայաստանին, և որ կարելի է սկսել ռազմական նոր արշավ, որը իր իսկ կողմից Ադրբեջանին սպառազինելու քաղաքականության արդյունքում  առաջացած ուժային բալանսի խախտման պատճառով կարող է դուրս գալ իր վերահսկողությունից:  Այլ կերպ ասած՝ խաղարկելով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները՝ Մոսկվան վերահաստատում է, որ այս տարածաշրջանում ինքն է եղանակի տերը:


Գևորգ Դարբինյան