կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-23 16:03
Հասարակություն

Ժամեր անց 100 ղողանջներ կհնչեն ոչ միայն հայկական, այլև գերմանական, ֆրանսիական եկեղեցիներում

Ժամեր անց 100 ղողանջներ կհնչեն ոչ միայն հայկական, այլև գերմանական, ֆրանսիական եկեղեցիներում

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողություն, որին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրներից ժամանած եկեղեցապետեր և եկեղեցիների ու միջեկեղեցական կազմակերպություններ:

 

Նշենք, որ սրբադասման արարողություն 400 տարի տեղի չի ունեցել: Մայր Աթոռի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն տեր Բագրատ եպիսկոպոս Գալստյանը Էջմիածնում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ սրբադասման կարգի նպատակը հայ եկեղեցում սրբադասման խորհուրդը վերականգնելն է: «Հարյուրերորդ տարելիցի լույսի ներքո սրբադասման են ներկայացվել հայ նահատակները, ովքեր այսօր կհռչակվեն եկեղեցու սրբեր»,- ասաց նա և հավելեց, որ այսօր կհռչակվի տոնացույցի օրը:

 

Բագրատ եպիսկոպոս Գալստյանը, ով միաժամանակ սրբադասման արարողության և հիշատակի ոգեկոչման միջոցառումների հանձնաժողովի անդամ է, տեղեկացրեց, որ հայ եկեղեցու կյանքում ոչ միայն սրբադասման արարողությունն է նոր երևույթ, այլև սրբապատկերի օծման, ինչպես նաև մասունքների առջև խոնարհման կարգը:

 

Արարողության ավարտին` ժամը 19:15-ին, կհնչի Տերունական աղոթքըը, որից հետո էլ աշխարհի տարբեր եկեղեցիներում նույն ժամին կհնչի 100 ղողանջ:

 

Բագրատ արբազանի խոսքով` զանգերը կղողանջեն ոչ միայն աշպարհի հայկական եկեղեցիներում, այլև այլ երկրների, այդ թվում` Ֆրանսիայի, Գերմանիայի:

 

Նշենք, որ սրբադասման հարցն առաջին անգամ հրապարակայնորեն արծարծվել է 1989-ին Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Ա կաթողիկոսի` Հայաստան այցի ընթացքում: Սրբադասման կարգի վերականգնումը, սակայն, գործնական փուլ է մտել 2005-ին, իսկ 2014-ի նոյեմբերի 11-13-ը Եպիսկոպոսաց ժողովում արդեն հաստատվեց սրբադասման ծիսակարգը և շարականի կանոնը: Հայ եկեղեցին Ցեղասպանության նահատակների սրբադասմամբ չի նշելու մեկուկես մլն զոհերի թիվը, ոչ էլ տալու է անհատների անուններ: Հայ եկեղեցին նահատակների զոհաբերությունը որպես հավաքական և ընդհանրական է ներկայացնելու: