կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-16 17:06
Իրավական

Հայաստանում աննախադեպ համաներում կլինի՞

Հայաստանում աննախադեպ համաներում կլինի՞

Վերջին շրջանում շատ է խոսվում ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին: Անգամ տեղեկություններ տարածվեցին, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն համաներման խնդրագիր է ներկայացրել նախագահին:

 

Նշենք, որ, որպես կանոն, աշխարհի բազմաթիվ երկրներում համաներում հայտարարվում է ազգային տոներին ու հոբելյաններին ընդառաջ: Երկու տարի առաջ էլ ՀՀ նախագահը համաներում հայտարարեց Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ:

 

Yerkir.am-ի տեղեկություններով՝  հնարավոր է` համաներում հայտարարվի ոչ թե ապրիլի 24-ին կամ դրանից առաջ, այլ հետո օրինակ` մայիսի 9-ին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-րդ հոբելյանին: Երկու շաբաթ ուշ, թե շուտ, այս դեպքում էական չէ, կարևորը համաներում հայտարարելն է, ինչին ամենից շատ սպասում են անազատության մեջ գտնվողները:

 

Իրավաբանական գիտությունների թեկնածու, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի իրավունքի տեսության ամբիոնի վարիչ Կարեն Սարդարյանի կարծիքով՝ համաներումը պետք է երկու առիթն էլ ներառի՝ թե' Ցեղասպանության 100-րդ տարելիցը և թե' Հաղթանակի 70-ամյակը:

 

«Ցեղասպանության ճանաչումը, բացի պատմական իրողությունն ընդունելուց կամ ազգային շահ հետապնդելուց, նաև հարևանին ներելու նպատակ ունի: Այսինքն` այդ տեսանկյունից ճիշտ է 100-րդ տարելիցի կապակցությամբ համաներում հայտարարելը»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց նա և կարծիք հայտնեց, որ այս համաներումն իր ծավալով և ներգրավվածությամբ պետք է աննախադեպ լինի:

 

Ըստ նրա ՝ համաներում հայտարարելն անհրաժեշտ է, և շատ կարևոր է, որ այդ գործընթացը հնարավորինս արդար ու համաչափ լինի, իսկ ներգրավվածությունը՝ մեծ: Ըստ մասնագետի՝ սխալ է, երբ ոչ ծանր հանցագործության համար դատապարտվածներն ամբողջությամբ են ազատվում քրեական պատասխանատվությունից, իսկ ծանր կամ առավել ծանր հանցագործության համար դատապարտվածների վրա համաներումը կա'մ չի տարածվում, կա'մ էլ որոշ դեպքերում պատժաչափը շատ քիչ է նվազում: «Օրինակ`  ճիշտ չէ, երբ նույն հոդվածի շրջանակներում 5 տարի ազատազրկվածին ասում են` գնա տուն, իսկ 10 տարի դատապարտվածին՝ ոչ, վերջինի պատիժը գոնե պետք է մեղմացնեն, որպեսզի համաչափ լինի»,- ասաց նա:

 

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանվում է. «Հանցանք կատարած անձն օրենսդիր մարմնի կողմից ընդունվող համաներման ակտով կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, կամ կարող է վերացվել դատվածությունը»:

 

Կարեն Սարդարյանի կարծիքով՝ համաներումը կնպաստի գերծանրաբեռնված քրեակատարողական հիմնարկների թեթևացմանը:

 

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ և' կողմ է, և' դեմ համաներում հայտարարելուն: Կողմ է, քանի որ, ըստ նրա, մեր երկրի դատական համակարգն է անարդար, և համաներման շնորհիվ քրեակատարողականներում ապօրինի պահվող կամ ոչ մեծ հանցագործության համար դատապարտվածները կազատվեն: «Համաներումներն անհրաժեշտ են Հայաստանի նման երկրների համար»,- նշեց նա:

 

Աթանեսյանը դեմ է, քանի որ համաներումը հնարավոր է վատթարացնի հանրապետությունում քրեածին իրավիճակը: «Իրավապահ մարմինները դրան պետք է պատրաստ լինեն»,- ասաց նա:

 

Yerkir.am-ն այդ կապակցությամբ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանից հետաքրքրվեց` արդյո՞ք համաներման անհրաժեշտություն կա, և արդյո՞ք իրավապահները պատրաստ են դրան:

 

«Ցանկացած համաներումից հետո, երբ կալանավայրերից համապատասխան անձինք ազատ են արձակվում և պետք է ինտեգրվեն հասարակությանը, ցավոք, այդպես չի լինում, նրանց մի մասը շարունակում է իր հին ճանապարհն ու նորից հայտնվում ճաղերի հետևում»,- ասաց նա:

 

Փոխոստիկանապետի խոսքով՝ համաներումներից հետո երկրում օպերատիվ իրավիճակի որոշակի սրում լինում է: Ըստ նրա՝ նախկին փորձը ցույց է տալիս, որ ազդում է հատկապես սեփականության դեմ ուղղված հանցագործությունների, մասնավորապես` գողությունների, ավազակային հարձակումների աճի վրա, սակայն մեծ հաշվով օպերատիվ իրավիճակի վրա էական ազդեցություն չի ուննեում:

 

Թե ինչ կտա համաներումը մեր երկրին, պարզ կդառնա հետո, իսկ մինչ այդ անհրաժեշտ է, որպեսզի նախագահը նման որոշում ընդունի:

 

Նշենք, որ, սահմանված կարգի համաձայն, հանրապետության նախագահը համաներում հայտարարելու մասին իր առաջարկությունն ուղարկում է Ազգային ժողովի նախագահին: ԱԺ-ում պետական-իրավական ոլորտի մշտական հանձնաժողովում քննարկվելուց հետո համաներում հայտարարելու մասին` Ազգային ժողովի որոշումը ստորագրվում և հրապարակվում է 24 ժամվա ընթացքում, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ