| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերին:
 Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ողջունելով հյուրին՝ նախագահը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ մեր երկրի համագործակցությունը և նշել, որ Հայաստանը, որպես ԵԽ անդամ, ակտիվ մասնակցություն ունի կազմակերպության աշխատանքներին բոլոր մակարդակներում:
Սերժ Սարգսյանն ընդգծել է ԵԽ կարևոր և ուրույն տեղը Եվրոպայի ընդհանուր ճարտարապետության մեջ, նշելով, որ մարդու իրավունքների, ժողովրդավարության, իրավունքի գերակայության ոլորտում ԵԽ ստեղծած չափանիշները համընդհանուր ճանաչում ունեն Եվրոպայի սահմաններից դուրս: Հանրապետության նախագահը բնական է համարել, որ այս առումով, որպես շարժիչ ուժ, հանդես է գալիս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը՝ խոսելով 800 մլն-ից ավելի մարդկանց անունից և ընդգծել է, որ գնալով աշխարհում խորհրդարանական դիվանագիտությունն է՛լ ավելի կարևորություն է ստանում:
Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԽ աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին:
 Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել մի շարք ոլորտներում իրականացված բարեփոխումներին և առաջիկա անելիքներին:
Հանդիպմանը ՀՀ նախագահը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերին ներկայացրել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացը, այդ բարեփոխումների անհրաժեշտությունն ու նպատակը:
 Երկուստեք հույս է հայտնվել, որ Վենետիկի hանձնաժողովը, որն իր դրական գնահատականն է տվել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին, կշարունակի ներգրավված մնալ այս գործընթացին:
 Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ:
Տիկին Անն Բրասերը նշել է, որ Հայաստանում է գտնվում տարածաշրջանային այցի շրջանակներում և նպատակ ունի տեղում ծանոթանալու երկրին և նրա մարտահրավերներին:
Հանրապետության նախագահը հյուրին հանգամանորեն ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկայիս փուլն ու առկա խնդիրները և կարևորել հակամարտող կողմերի միջև փոխվստահության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները՝ կոչ անելով ԵԽԽՎ շրջանակներում ձեռնպահ մնալ թշնամանք և սադրիչ մեղադրանքներ պարունակող նախաձեռնություններից, ելույթներից ու բանաձևերից: