կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-14 12:58
Աշխարհ

2016-ին Հռոմի պապը կլինի Հայաստանում

2016-ին Հռոմի պապը կլինի Հայաստանում

Այսօր  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ամփոփեց ապրիլի 12-ին Վատիկանում Հռոմի պապի կողմից սուրբ պատարագի մատուցման պատմական փաստը, որը նվիրված էր 100 տարի առաջ տեղի ունեցած  Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին:


Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի խոսքով` այն, ինչ տեղի ունեցավ Վատիկանում ապրիլի 12-ին, խիստ կարևոր  միջոցառում էր, սուրբ պատարագը մատուցեց Հռոմի պապը` վերստին բարձրաձայնելով  Հայոց ցեղասպանության մասին և պատգամելով աշխարհին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Պատարագին հնչեցին  հայերեն աղոթքներ ու շարականներ:


«Կաթոլիկ եկեղեցին ունի մեկ միլիարդից ավելի հավատացյալներ, որոնց համար սրբորեն ընդունելի է Հռոմի պապի ուղերձը: Ապրիլի 12-ին Վատիկանում մատուցված սուրբ պատարագը հնարավոր եղավ հայ և կաթոլիկ եկեղեցիների, ինչպես նաև Հայաստանի ու Վատիկանի միջև համագործակցության արդյունքում: Հռոմի պապի քայլը համարձակ ու ոգևորող էր, նա հայտարարեց, որ արդարությունն ու մարդու արժանապատվությունը վեր են դասվում»,- ասաց սրբազանը:


Ինչ վերաբերում է Հռոմի պապի կողմից Սուրբ Գրիգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակելուն, Հովակիմ եպիսկոպոսը նշեց, որ Տիեզերական եկեղեցում վարդապետների դերն առանցքային է, նրանց ուսմունքը կարևոր է և արժեւորվում է աստվածաբանության մեջ:


«Փակագծեր բացելով` ասեմ, որ Գրիգոր Նարեկացու հռչակումը` որպես վարդապետ, Հռոմի պապի անձնական նախաձեռնությունն էր: Այդ որոշումը կայացված է եղել 1-2 ամիս առաջ, սակայն հռչակվեց ապրիլի 12-ին»,- ասաց նա:


Անդրադառնալով Թուրքիայի կողմից հնչող արձագանքներին` Հովակիմ եպիսկոպոսը նշեց, որ Թուրքիան, հասկանալով Վատիկանի կշիռը և մեծ ազդեցությունը, նախօրոք էր սկսել ճնշումներ գործադրել Վատիկանի վրա` վիժեցնելու Հայոց ցեղասպանության թեմայով ցանկացած գործընթաց, սակայն Հռոմի պապը ոչ միայն օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը, այլև կոչ արեց ամբողջ միջազգային հանրությանը` ճանաչել Հայոց ցեղասպանությունը:


Սրբազանը նաև տեղեկացրեց, որ Հռոմի պապը 2016-ին գալու է Հայաստան: Նրա խոսքով` սխալ է այն տեղեկատվությունը, թե Հռոմի պապին հրավիրել են Հայաստան` ապրիլի 24-ին ներկա լինելու: Հայ Առաքելական եկեղեցին Հռոմի պապին հրավիրել է` նրան հարմար պահի գալ Հայաստան:


Հովակիմ եպիսկոպոսը նաև հավելեց, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են գալու եկեղեցական 38 պատվիրակություններ, 7 եկեղեցու պետեր, արքեպիսկոպոսներ, Սանկտ Պետերբուրգի միտրոպոլիտը, Լոնդոնի եպիսկոպոսը, ով, ի դեպ, Բրիտանիայի արքայական ընտանիքի հոգևոր սպասավորն է և այդ ընտանիքի անունից խոսք է ուղղելու հայ ժողովրդին: