կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-13 17:28
Հասարակություն

Հայկական ավանդական` 54 մլն դրամն ու Քանյե Ուեսթի համերգը

Հայկական ավանդական` 54 մլն դրամն ու Քանյե Ուեսթի համերգը

Եվ եթե մեզ Աստված թևեր չի ընծայել, նաև չի պարտադրել առնետի պես ապրել. երգերից մեկում ասում է Ռուբեն Հախվերդյանը: Թևեր, այո, չունենք, բայց երբեմն թռչում ենք, ինչպես երեկ Քանյե Ուեսթը թռավ ուղիղ Կարապի լիճը:

 

2013-ին մեծ աղմուկ բարձրացավ, թե Նունե Եսայանի` Անկախության տոնին նվիրված համերգը շուրջ 54 մլն դրամ է արժեցել: Խտրականություն չդնելու համար ասենք, որ ընդամենը 1 մլն դրամ գումար ավելի քիչ ծախսվեց հաջորդ տարի` 2014-ին, կրկին Անկախության օրվա տոնակատարության համար: Ի դեպ, 2014-ին տոնական համերգի լուսային, ձայնային համակարգի, բեմական սարքավորումների վարձակալության, տեղափոխման, մոնտաժման, սպասարկման, ապամոնտաժման համար ծախսվել է 45. 976.000 դրամ:

 

Ուզում եմ հիշել, թե 2013-2014 թթ. այդ համերգներից հետո ինչ արձագանքներ եղան, բայց 2013-ի համերգից միայն բացասականն եմ հիշում, իսկ 2014-ի համերգից, բացի սոցիալական կայքերում տեղադրված Եռագույնով նկարներից, ոչինչ չեմ մտաբերում: Բարձրախոսը լավ չէր աշխատում, ավելին` տեղ-տեղ չէր աշխատում, լուսային սարքավորումները հզոր չէին, բեմ առհասարակ գոյություն չուներ, տարածքը զարդարված չէր:

 

Բայց այն, ինչ կատարվեց երեկ Քանյե Ուեսթի համերգին, դեռ երկար կհիշենք` ժպիտը դեմքներիս, գոհունակությամբ: Ի դեպ, համերգն անմոռաց դարձնելու համար ոչ միայն տեխնիկա չպահանջվեց, այլ նաև պաթոս չկար, պատկերացնո՞ւմ եք` Ուեսթն այդպես էլ իր համերգի ընթացքում չօգտագործեց «հայրենասիրություն» բառը եւ այդպես էլ չասաց, թե ինչքան է սիրում Հայաստանը, որքան լավ գիտի հայկական մշակույթը, իր խորին շնորհակալությունը չհայտնեց ՀՀ առաջին դեմքերին համերգը կազմակերպելու համար:

 

Այս ամենից հետո հույս ունենք, որ 2015-ի բյուջեում տոնական համերգների համար նախատեսված գումարները և դրանց անցկացման ձևաչափերը կվերանայվեն, որովհետև իրականում մեզ Կարապի լճի մոտ մեկ աթոռով ու կիթառով, առանց բեմի` Ռուբեն Հախվերդյանի համերգն էլ է ցանկալի, քան 54 մլն արժողությամբ ճոխ ձևավորմամբ համերգները, որոնցից ոչինչ չի հիշվում, բացի ծախսված գումարի չափից…

 

Կարինե Հարությունյան