Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մկրտիչ Փուզյանի ընտանիքի պատմությունը
1915 թ., Կարս
Գյումրեցի Սուսաննա Հակոբյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր պապի ու նրա ընտանիքի պատմությունը: Պապը կարողացել է խուսափել գնդակահարությունից, քանի որ զինվորականների համար շինելներ կարող վարպետ է եղել, և թուրքերը նրան խնայել են: Նա գտել է կնոջն ու երկու երեխային և նրանց հետ փախել Գյումրի:
«Մայրս՝ Թագուհի Փուզյանը, պատմում է, որ իր մայրը, այսինքն՝ իմ տատիկը՝ Արուսյակ Քալաշյանը, Եղեռնի ժամանակ եղել է 20 տարեկան։ Նա արդեն ամուսնացած էր և 2 երեխայի մայր։ Ամուսինը կարսեցի արհեստավոր Մկրտիչ Փուզյանն էր, որն այդ ժամանակ ծառայում էր բանակում։ Նրանք ապրում էին Կարսում՝ Վարդանի կամրջի մոտ: Ունեին սեփականություն՝ այգի, արհեստանոց, որտեղ էլ երեկոյան պատվերներ էին կատարում կարսեցիների համար։ Տատս, որն Էրզրումից էր, լավ ասեղնագործում էր։ Ընտանիքն ուներ մեծ իջևանատուն. Բարսեղ պապն էր կառուցել։ Մկրտիչ պապս մունդիրներ էր կարում զինվորականների համար, իսկ Արուս տատս՝ դրանց կոճակները։ Երբ Եղեռնը սկսվում է, Մկրտիչ Փուզյանին էլ, զինվորականներին էլ հավաքել են թուրքերը, իսկ կանանց ու երեխաներին քշել մոտակա գետերը՝ ջրախեղդ անելու։ Տղամարդկանց զինաթափել և գնդակահարել են Արգինայի ձորում, իսկ պապիկիս՝ որպես արհեստավոր, առանձնացրել են, որտեղից էլ կարողացել է փախչել մի քանի ընկերների հետ։
Տատիկս կարի մեքենան և թանթանան /մարգարիտներով և ոսկով գլխակապը/ վերցնում է և մտնում գետը. կամ կփրկվի, կամ կմեռնի՝ 2 աղջիկների ձեռքերը բռնած։ Այդ պահին լսվում է պապիս ձայնը։ Նրանք կարողանում են փախչել և մութ ձորերով հասնել Գյումրի։ Նախ ապաստանում են մանկապարտեզում՝ Պլպլան ժամի մոտի (այդպես էր պատմում), հետո գյումրեցիները լավ աշխատանք են տվել. հատկացրել են արհեստանոց՝ զինվորականներին շինելներ կարելու համար։ Ապա ծնվել է մայրս, մորաքույրս, քեռիներս, որոնք էլ լավ մասնագիտության տեր մարդիկ են դարձել՝ բժշկուհի, ուսուցիչ, քանդակագործ, երաժիշտ։
Մեր եղեռնապուրծ ավագներն այդպես էլ չմոռացան 2 ծառի արանքում իրենց ձեռքով կառուցած Կարսի տունը, կենցաղը, այգին։ Լալով և մղկտալով սպասում էին այն օրվան, որ մի օր հետ են վերադառնալու և թուրքը ստանալու է արժանի հատուցումը»։