կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-01 17:48
Քաղաքական

Կոչ` Մեծ Բրիտանիային

Կոչ` Մեծ Բրիտանիային

2015-ի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցն է: Տարելիցի նախօրյակին Մեծ Բրիտանիան պարտավոր է բեռնաթափել իր խիղճը և բարոյական հաշվետվություն տալ հայ ժողովրդին:

 

Իբրև Առաջին համաշխարհային պատերազմի աշխարհաքաղաքական հիմնական դերակատարներից մեկը՝ Բրիտանիան հայ ազգի Եղեռնի գլխավոր վկաներից է: Մինչ մեկուկես միլիոն հայեր ենթարկվում էին պետականորեն ծրագրված ու գործադրված Ցեղասպանության արհավիրքին, Բրիտանիան 1915-ի մայիսին դաշնակիցներ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ հանդես եկավ միացյալ հայտարարությամբ՝ չվարանելով համատարած սպանդը դատապարտել որպես «Թուրքիայի նոր ոճիրներ մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Բրիտանիայի խորհրդարանը 1916-ին հրատարակում է բրիտանացի պատմաբան Առնոլդ Թոյնբիի «Կապույտ գիրքը», որն ամփոփում է բծախնդրորեն փաստագրված տեղեկություններ և ականատեսի վկայություններ օսմանցի թուրքերի ձեռքով հայերի կոտորածի մասին: Իր հերթին, Ուինսթոն Չերչիլը հայոց սպանդը որակում է որպես «քաղաքական նպատակներով ծրագրված և գործադրված» «վարչական հոլոքոստ», որը նպատակադրել է «բնաջնջել մի ցեղ»:

 

Ակնհայտ է, որ բրիտանական արխիվները լի են փաստերով, որոնք բացահայտում են Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ գործադրված ոճրի իրականությունը:

 

Ապրիլ 24-ին ընդառաջ` քննության առարկա են Մեծ Բրիտանիայի կառավարության և խորհրդարանի կողմից որդեգրվելիք դիրքորոշումները: 100-ամյա տարելիցը պատեհ առիթ է Բրիտանիայի համար՝ լքելու լռակյաց ականատեսների շարքերը և միանալու արդարամիտ այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

 

Նույն Բրիտանիայի շահերը պահանջում են անհապաղ զատվել Թուրքիայի ժխտողական և պատմությունը խեղաթյուրող քաղաքականությունից: Իբրև ժառանգներ Հայոց ցեղասպանության վերապրողների՝ կոչ ենք ուղղում Բրիտանիայի կառավարությանը՝ վերանվաճել 1915թ. մայիսին դրսևորած բարոյական սկզբունքը՝ ճանաչելով ու դատապարտելով Հայոց ցեղասպանությունը:

 

Հորդորում ենք Բրիտանիայի կառավարությանը՝ զերծ մնալ բառախաղերից, որոնք նսեմացնում են Հայոց ցեղասպանության զոհերի ցավը ու անարգում նրանց հիշատակը: Հորդորում ենք Բրիտանիայի կառավարությանը՝ դառնալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առաջամարտիկը և հետապնդել պատմական արդարության վերահաստատում ու հայ ժողովրդի պատմական իրավունքների վերականգնում:

 

Պահանջում ենք Մեծ Բրիտանիայի խորհրդարանից՝ նախաձեռնել և որդեգրել բանաձևեր, որոնք կընդունեն Հայոց ցեղասպանութունը, կդատապարտեն հանցագործներին և կքրեականացնեն Ցեղասպանության ժխտումը: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նշման նախօրյակին մենք՝ Հայոց ցեղասպանությունը վերապրողների ժառանգներս, հաստատում ենք, որ ավելի քան երբևէ վճռական ենք Հայոց ցեղասպանության զոհերի և հայ ազգի անժամանցելի իրավունքների արդար դատի հետապնդման գործում:

 

02 ապրիլ 2015թ.

 

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միություն

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն