Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իշխան Մկրտումյանի պատմությունը
1907 թ., Նուխի (Շաքի)
Հայկ Խաչատրյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր տատիկի հոր ընտանիքի պատմությունը: 1915 թվականի աշնան վերջին, ճաշի ժամին, թուրքերը ներխուժել են տուն: Տան հայրը փորձել է հակառակվել, բայց թուրքերը սպառնացել են անմիջապես սպանել բոլորին։ Նրանց դուրս են բերել բակ, մերկացրել ու հերթով սպանել:
«Պատմությունը տատիկիս հոր ընտանիքի մասին է։ Ընտանիքում 10 հոգի էին՝ հայրը, մայրը և 8 երեխաները՝ 4 աղջիկ, 4 տղա։ 1915 թվականի աշնան վերջն էր։ Ճաշելու ժամանակ թուրքերը ներխուժում են տուն: Տան հայրը փորձում է հակառակվել, բայց թուրքերը սպառնում են անմիջապես սպանել բոլորին։ Նրանց դուրս են բերում բակ և ապա ընտանիքի անդամներին մերկացնում: Սկսում են գնդակահարել, և երբ հերթը հասնում է ընտանիքի մորը և փոքրիկ 7-ամյա Իշխանին, վերջինս պահանջում է, որ սկզբում մորը սպանեն, իսկ հետո իրեն։ Իշխանի խոսքերից հետո թուրք հրամանատարը թե′ խղճահարվում, թե’ գնահատում է տղայի քաջությունը և նրանց ազատ է արձակում:
Նրանք՝ մայր և որդի, փախչում են մոտակա անտառը: Այնտեղ նրանք սնվում են ընկույզով, շագանակով, բայց ջուր չի լինում։ Ոչ շատ ժամանակ անց մայրը մահանում է, և Իշխանը մնում է մենակ։ Մահվանից առաջ մայրը խնդրում է, որ կենդանի մնալու դեպքում 8 երեխա էլ Իշխանը ունենա։ Արդյունքում Իշխանը մնալով մենակ գուցե կորչեր, եթե չհանդիպեր 8-ամյա Ամիրջան անունով մի տղայի, ում ընտանիքն ամբողջությամբ կոտորել էին և ողջ էր մնացել միայն նա։
Այդպիսով նրանք ընկերացան և որոշ ժամանակ մնացին անտառում, բայց ինչպես նշվեց այդտեղ ջուր չկար և նրանք ստիպված վերադարձան Իշխանի հայրենի գյուղը, որտեղով գետ էր անցնում:
Գետի մոտ թուրքերը նրանց բռնեցին, սակայն չսպանեցին, այլ որոշեցին աշխատեցնել իրենց մոտ: Մեծին՝ Ամիրջանին, տվեցին արածեցնելու կովերը, իսկ փոքրին՝ Իշխանին, ոչխարները և այդպես նրանք աշխատեցին 6 տարի, մինչ իրենց 13-14 տարեկանը լրանալը, ապա փախան և հասան Կիրովաբադ (Գանձակ)։ Այստեղ տեսան պատին փակցրած նկարներ և խոսակցություններից կռահեցին, որ իրենց որոնում են։ Այդտեղից Ամիրջանը հեռացել է Հայաստան, իսկ Իշխանը մնացել է այդտեղ։
Իշխանին այգում մենակ տեսնելով մի տղամարդ խղճացել է և տարել իր տուն: Չափահաս դառնալուց հետո նա լքում է այդ հյուրընկալ օջախը և աշխատանքի անցնում որպես բանվոր։ Մի քանի տարի անց Իշխանն ամուսնանում է, բայց, երեխա չունենալու պատճառով, ստիպված բաժանվում է, ևս մեկ անգամ ուրիշի հետ ամուսնացել է և 3 տարի անց կրկին բաժանվել է։ Մի օր մի գյուղում աշխատանքի է անցնում և տեսնում է մի այրիի, ով ուներ մի քանի երեխա: Դժվարությամբ նրա հետ ամուսնանալով (քանի որ նրա հայրը գյուղում ամենահարուստն էր, իսկ Իշխանը աղքատ էր) ընդհանուր ունեցել է 8 երեխա։ Իշխանը մահացել է 1960թ.։ Նրա մահվան ժամանակ ընտանիքի ամենակրտսեր անդամը 7 տարեկան էր»։