Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2015-03-03 13:25
Տնտեսական

«Դարը փոխվել է. զարգացումը նոր պահանջներ է առաջ բերում»

«Դարը փոխվել է. զարգացումը նոր պահանջներ է առաջ բերում»

Yerkir.am-ի զրուցակիցն է «Յունիբանկ»-ի վարչության նախագահ Վարդան Աթայանը:

 

-Պարո’ն Աթայան, ֆինանսական շուկայում այժմ ստեղծվել է մի վիճակ, երբ բանկային համակարգը չի աշխատում բնականոն հունով: Ի՞նչը պատճառ դարձավ նման իրավիճակի:

 

- Այսօր ՀՀ բանկային համակարգն իր բնականոն հունով աշխատում է և սպասարկում հաճախորդներին: Մենք ունեցանք լարված շրջան նախորդ տարվա դեկտեմբերին, երբ արժութային շուկայում խուճապային տրամադրություներ էին տիրում, բայց կարողացանք հաջողությամբ հաղթահարել այն: Վիճակը համաշխարհային շուկայում սկսեց վատթարանալ 2014թ. նոյեմբերից` պայմանավորված արտերկրից եկող բացասական ազդակներով, հատկապես` Ռուսաստանից: Դա իր ազդեցությունը թողեց նաև դրամի վրա, տեղի ունեցավ արժեզրկում, և արդեն դեկտեմբերի 17-ից սկսվեց դրամային ավանդների փոփոխում դոլարայինի, եղան նաև ավանդների խզման դեպքեր: Այդ ընթացքում բանկերը մի թիմի պես աշխատեցին` շուկայում առկա խնդիրները լուծելու համար: Մենք կարողացանք հաղթահարել տարեվերջին ստեղծված վիճակը բավականին արդյունավետ, ինչը չհաջողվեց շատ այլ երկրների: Հայաստանի բանկային համակարգում վերահսկողությունը շատ ավելի բարձր է, քան, օրինակ, ՌԴ-ում և Ուկրաինայում: Այսօր մենք արդեն ունենք կայունացած շուկա և արձանագրում ենք ավանդների ծավալների աճ: Միայն «Յունիբանկ»-ում այս տարվա երկու ամսում իրավաբանական և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են մոտ 7 մլրդ դրամ:

 

-Ինչո՞ւ ԿԲ-ն որոշեց կապիտալի շեմը սահմանել 30 միլիարդ դրամ: Այլ բան է, երբ 20 միլիարդ դրամից ավելի կապիտալ ունեցող բանկը պետք է ավելացնի իր կապիտալը, այլ բան` երբ դա պետք է անի 5-9 միլիարդ դրամ կապիտալ ունեցողը: Վտանգ կա, որ փոքր կապիտալ ունեցող բանկերը կփակվեն:

 

- Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ Հայաստանն ունի միջազգային ֆինանսական նոր կենտրոնի վերածվելու անհրաժեշտ ներուժը: Եվ բանկերի կապիտալը 30 մլրդ դրամ բարձրացնելու որոշումն էլ տեղավորվում է այս քաղաքականության մեջ: Դրա համար ունենք 2 տարի ժամանակ, և բանկ փակելու մասին խոսք լինել չի կարող: Ընդհանրապես, Հայաստանում որևէ խնդրահարույց բանկ չկա: Հնարավոր է միավորվեն, եթե տվյալ բանկերի բաժնետերերը չփորձեն իրենց միջոցներով ավելացնել իրենց կապիտալը: Ամեն դեպքում` սա առողջ զարգացում է, որը բանկային սպասարկումը կբերի ավելի բարձր մակարդակի:  «Յունիբանկ»-ի դեպքում կապիտալն արդեն մոտ 22 մլրդ դրամ է:

 

-Ինչո՞ւ չթողնել, որ փոքր բանկերը աշխատեն փոքր կապիտալով: Ինչո՞ւ բանկերի թիվը քչացնել: Թող յուրաքանչյուրը ծառայություններ մատուցի իր հնարավորության սահմանում:

 

- Դարը փոխվել է: Զարգացումը նոր պահանջներ է առաջ բերում: Միևնույն է, բանկը պետք է ավելացնի իր միջոցները, որ ներկա մարտահրավերներին կարողանա հաջողությամբ դիմակայել: Բանկերը պետք է համապատասխանեն միջազգային ամենաբարձր ստանդարտներին, մրցունակությանը դիմակայելու համար բարձրացնեն աշխատանքի արդյունավետությունը: Իսկ դրա համար զգալի ներդրումներ են անհրաժեշտ: «Յունիբանկ»-ը այս տարվա համար միայն ՏՏ ոլորտում նախատեսել է 300 մլն դրամի ներդրում: Ձեռք ենք բերելու նոր սերվերային սենյակ, որը համապատասխանելու է անվտանգության ամենաբարձր` TIER3 միջազգային ստանդարտին: «Յունիբանկ»-ը առաջիններից գործարկեց Salesforce ամպային CRM–համակարգի վրա հիմնված «վարկային կոնվեյերը»` սպառողական վարկերը հաստատելով ընդամենը մեկ րոպեում: Ի դեպ, 2014թ.-ի դեկտեմբերին շնորհավորեցինք այդ տարվա հարյուրհազարերորդ սպառողական վարկը ստացած մեր հաճախորդին: Հոբելյանական վարկը տրամադրել էինք հենց այդ «վարկային կոնվեյերի» միջոցով: Այսինքն` կապիտալի համալրման որոշումը կնպաստի բանկերի և’ օպտիմալացմանը, և’ ուժեղացմանը, և’ կորպորատիվ կառավարման մակարդակի բարձրացմանը:

 

-Եթե բանկային համակարգն այդքան կայուն է, ինչո՞ւ այս ընթացքում դադարեցվեց վարկերի տրամադրումը:

 

-Վարկերի տրամադրումը չի դադարեցվել: Այս տարվա երկու ամսում «Յունիբանկ»-ն արդեն իսկ տրամադրել է ավելի քան 4 մլրդ դրամի վարկեր: Նկատվում է բիզնես վարկավորման պայմանների խստացում` կապված ձեռնարկությունների վաճառքների ծավալների նվազման հետ: Տնտեսությունը զարգացնելու համար, կարծում եմ, մենք նախ պետք է ակտիվացնենք անշարժ գույքի շուկան: Կառավարությունն առաջին քայլը կատարել է, երբ որոշում է ընդունել աշխատողի եկամտահարկն ուղղել հիպոթեքային վարկի տոկոսների մարմանը: Մենք շատ ակտիվ աշխատելու ենք այս ուղղությամբ և շուտով հանդես կգանք հանրության համար բավականին շահեկան առաջարկով:

 

-Բայց չկա՞ խնդիր սպառողական վարկերի շուկայում: Այսօր շատ բանկեր պարզապես վարկեր չեն տրամադրում կամ դա անում են բացառապես գրավի դիմաց:

 

- Անգամ 2014թ.-ի դեկտեմբերին մենք շարունակել ենք ապրանքների ապառիկ ձեռքբերման վարկավորումը` առանց գրավի և տոկոսադրույքների բարձրացման: «Յունիբանկ»-ն այս սեգմենտի առաջատարներից է, և մենք պահպանելու ենք մեր դիրքերը շուկայում:

 

-Կապիտալի` 30 միլիարդ դրամ շեմի սահմանումը չի՞ հանգեցնի բանկերի զսպողական քաղաքականության, ինչը կանդրադառնա վարկային տոկոսադրույքների վրա, իսկ հետագայում նաև տնտեսության մեջ հավելյալ գնաճի կհանգեցնի:

 

- Կապիտալի համալրումն իր դրական ազդեցությունը պետք է ունենա: Գումարն ուղղվելու է վարկավորմանը և նպաստելու է տոկոսադրույքների նվազեցմանը: Մեր բանկային համակարգն առանձնանում է վստահությամբ ինչպես ներսում, այնպես էլ դրսում: Մեր պայմանները բավական գրավիչ են ոչ միայն հայրենակիցների, այլև օտարերկրացիների համար: Արտերկրից դրամական հոսքեր ևս կլինեն` ավանդների կամ այլ ներդրումների տեսքով: «Յունիբանկ»-ն արդեն առաջարկում է անհատական բանկային սպասարկում` Private Banking: Հաճախորդը կարող է դառնալ Unibank Privé-ի մասնակից` ձևակերպելով առնվազն 40 մլն ՀՀ դրամ գումարով կամ համարժեք արտարժույթով ավանդ կամ հաշվի չնվազող մնացորդ: Սպասարկման բոլոր փուլերում հաճախորդի հետ աշխատելու է անհատական ֆինանսական մենեջերը: Շուկայի վրա դրական ազդեցություն կունենան նաև ֆինանսական գործիքների ավելացումը, օրինակ` արժեթղթավորումը, բանկերի կողմից պարտատոմսերի թողարկումը:

 

- Ռիսկային վարկերի տոկոսն ավելացե՞լ է:

 

-Այո, որոշակի աճ կա: Այդ առումով բանկը միշտ գնում է իր հաճախորդին ընդառաջ և, անհրաժեշտության դեպքում, ելնելով ՓՄՁ-ների առանձնահատկություններից, առաջարկում է վարկերի վերակառուցում:

 

Զրուցեց Գեւորգ Խաչատրյանը