կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-02 16:21
Մշակույթ

Տատյանա Դանիլյանցի գեղարվեստական լուսանկարներն ու քանդակները` Ազգային պատկերասրահում

Տատյանա Դանիլյանցի գեղարվեստական լուսանկարներն ու քանդակները` Ազգային պատկերասրահում

Փետրվարի 3-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի նկարիչ, քանդակագործ, կինովավերագրող և բանաստեղծ Տատյանա Դանիլյանցի «Լույսը ներսից» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը կգործի մինչև փետրվարի 15-ը: Ցուցահանդեսը ներառում է նկարչուհու հեղինակած գեղարվեստական լուսանկարների և մուրանյան ապակու քանդակների` «Վենետիկ. ջրի երեսին» և «Ռուսական հոգի» խորագրերով ցուցադրությունները, որոնք բազմիցս ներկայացվել են Ռուսաստանի և Եվրոպայի ցուցասրահներում: Արվեստագետի ստեղծագործությունները ֆիզիկական և մետաֆիզիկ լույսի` կյանքում ունեցած դրսևորումների արտահայտությունն են:

 

«Վենետիկ. ջրի երեսին» խորագրով ցուցադրությունը գեղարվեստական լուսանկարի միջոցով պատմում է վենետիկյան ամենակարևոր փոխադրամիջոցի` նավակի և քաղաքի յուրահատուկ ջրային, արտացոլվող տարածության մեջ լույսի և գույնի առկայության մասին:

 

Ռուս հայտնի արվեստի քննադատ Վիտալի Պացյուկովի խոսքերով. «…Ստեղծելով նոր տեսողական-տեղեկատվական կերպար` Տատյանա Դանիլյանցի լուսանկարները արդիականացնում են «ռուսական ոչ առարկայականության» ավանդույթը, բայց արդեն ոչ ավանդական, այլ բազմերանգ եղանակով»:

 

Տատյանա Դանիլյանցի անդրադարձը քաղաքային միջավայրի այնպիսի «առարկայի» գեղարվեստական վերաիմաստավորմանը, ինչպիսին է նավակը, նոր շունչ է հաղորդում այդ հրաշալի քաղաքի պատկերագրությանն ու նրա միջավայրին:

 

«Ռուսական հոգի» ցուցադրության մեջ` ռուսական ավանդական սառնաշաքարը, «ճանապարհորդելով» մի շարք մերձմոսկովյան հինավուրց քաղաքներով (Մոժայսկ, Զվենիգորոդ և այլն), դառնալով նկարչուհու և ճանապարհորդության ժամանակ հանդիպած այլ մարդկանց խոսակցության «առարկա», ձեռք է բերում անմահության գծեր` վերածվելով մուրանյան (վենետիկյան) ապակուց պատրաստված մի քանդակի` միավորելով Իտալիան և Ռուսաստանը:

 

Ի դեպ, նկարիչ, քանդակագործ, կինովավերագրող և բանաստեղծ Տատյանա Դանիլյանցը ապրում և ստեղծագործում է Մոսկվայում և Վենետիկում: