Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կյանքի 72-րդ տարում երկարատև հիվանդությունից հետո վախճանվեց ճանաչված դերասան, ասմունքող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Անդրանիկ Գրիգորի Հարությունյանը: Դեռևս 1968 թվականին Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դրամատիկ թատրոնի և կինոյի դերասանի ֆակուլտետի ավարտական դիպլոմային դերակատարումներն Անդրանիկը ստիպված էր զուգակցել Երևանի նորաստեղծ դրամատիկ թատրոնի ստեղծագործական փորձերին, քանի որ Հրաչյա Ղափլանյանը, խորաթափանց արվեստագետի պայծառատեսությամբ, ուսումը դեռ չավարտած երիտասարդին հրավիրել էր թատրոն և վստահել գլխավոր դերեր:
Շնորհիվ բնատուր ձիրքի և ստեղծագործական վառ երևակայության` Ա. Հարությունյանը մեկը մյուսի ետևից ստեղծեց միանգամայն համոզիչ կերպարներ` Սարո («Անուշ»), Բոբբի («Գիշերային պատմություն»), Նարեկ («Մենք, նրանք և մյուսները»), Ռիչմոնդ («Ռիչարդ երրորդ»), Էդվարդ թագավոր («Կարմիր և սպիտակ վարդերի պատերազմը»), Նեսսի («Կոտորածն մանկանց»), անձնավորումներ, որոնցով դերասանը թափանցեց ծանոթ ու մտերիմ հանդիսատեսի հոգու գաղտնարանները` հաստատելով իր տեղը բեմարվեստում: Հարությունյան-արվեստագետն իր ուրույն տեղն ուներ նաև հեռուստատեսային և ռադիոթատրոններում, հատկապես Սարոյանի («Հայը և հայը»), Գուլոյանի («Սպիտակ դրոշներ»), Հուրոնցի («Շաբաթվա ութերորդ օրը»), Բաբբիի («Խենթացած մի գնա») հեռուստատեսային և Թեհլերյանի («Ոտքի, դատարանն է գալիս»), Հեղինակի («Խմբապետ Շավարշ»), Չոլոյի («Ռանչպարների կանչը») ռադիոդերակատարումներով, որոնք բարություն են սփռել, ջերմացրել են հանդիսատեսին և ունկնդրին, հոգևոր դաշինքով կամրջել մեր ժողովրդի հին ու նոր սերունդներին:
Հարությունյանին հոգեհարազատ էր հայ պոեզիան: Նա յուրահատուկ մեկնաբանությամբ է ներկայացրել Եղիշե Չարենցին, Հովհաննես Թումանյանին, Համո Սահյանին, Պարույր Սևակին, Վահագն Դավթյանին, Գևորգ Էմինին: Վերջին տարիներին առանձնահատուկ գնահատանքի են արժանի ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով նկարահանված` «Նժդեհ», «Սկիզբ», «Պետո» փաստավավերագրական ֆիլմերի հեղինակային տեքստերի նրա յուրովի ընթերցումները:
2005 թվականին «ԱրմենԱկոբ» հեռուստաընկերության նախաձեռնությամբ նկարարահանվեց «Անդրանիկ» ֆիլմ-ներկայացումը, որտեղ գլխավոր դերը վստահված էր Անդրանիկ Հարությունյանին: Նոր մարմնավորումը եղավ հայ պանդուխտի դարավոր կանչի և հայի ոգու նոր զարթոնքի խորհրդանիշը: Դերասանի անմիջական մասնակցությամբ և հեղինակային տեքստերի ընթերցմամբ 2005 և 2006 թվականներին «Երկիր-Մեդիա» հեռուստաընկերության կողմից նկարահանվեց արցախյան ազատամարտիկներին նվիրված ֆիլմաշարը՝ («Վկայարան», «Հիշողության զարկերակը», «Ճանապարհ պատմության միջով», «Հայն ու հեծանիվը», «Աշխարհը լուռ էր», «Դժոխքի վերածված դրախտը», «Ավելի, քան հաղթանակ», «Սովորական վանդալիզմ», «Հույսի գույնը», «811 հազար կյանք») և «Արցախ՝ 10-րդ նահանգ» փաստավավերագրական 10 ֆիլմերի շարքը։ Կյանքի վերջին տարիներին Անդրանիկ Հարությունյանը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան էր:
2007 թվականին վաստակաշատ արվեստագետին շնորհվեց Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում: Դեռ երկար կուղեկցի մեզ Անդրանիկ Հարությունյանի` բեմի նվիրյալի հիշատակը։
***
Անդրանիկ Հարությունյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 16-ին`` ժամը 18:00-20:00, Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ հունվարի 17-ին` ժամը 12:00-14:00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում: