կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-12 13:16
Տնտեսական

Ռուսաստանը մուտք է գործում ոչ ներդրումային դաշտ

Ռուսաստանը մուտք է գործում ոչ ներդրումային դաշտ

Հունվարի երկրորդ կեսից S&P վարկանիշային գործակալությունը նախատեսում է նվազեցնել Ռուսաստանի սուվերեն վարկային ցուցանիշը: 2014-ի ավարտին Ռուսաստանի սուվերեն վարկային ցուցանիշը BBB էր, դա ներդրումային մակարդակի ամենացածր ցուցանիշն է: Այժմ ներդրողները գրեթե վստահ են, որ Ռուսաստանի սուվերեն վարկանիշը կնվազեցվի մինչև BB+, ինչը համարվում է «աղբանոցային», այսինքն` ոչ ներդրումային մակարդակ:

 

Հունվարի 9-ին Fitch գործակալությունը նվազեցրել էր Ռուսաստանի վարկանիշը BBB-ից մինչև BBB-: Այս ցուցանիշը ընդամենը մեկ աստիճանով է բարձր ոչ ներդրումային մակարդակից: S&P-ն, նվազեցնելով Ռուսաստանի վարկանիշը մինչև ոչ ներդրումային մակարդակ, բառացիորեն ասում է, որ այս երկրի հետ որևէ հույս կապել պետք չէ և ներդրումներ կատարելիս հարկավոր է 10 անգամ ավելի մտածել:

 

Վարկանիշի նվազեցումը կհանգեցնի Ռուսաստանի եվրապարտատոմսերի վերավաճառքի, քանի որ շատ ներդրումային ֆոնդեր չեն պատրաստվում իրենց պորտֆելում պահել ոչ ներդրումային պարտատոմսեր: Այս պահին շրջանառության մեջ գտնվող պարտատոմսերը կազմում են մոտավորապես 45 միլիարդ դոլար, որոնց վաճառքը կարող է տեղի ունենալ ոչ թե ակնթարթորեն, այլ այս տարվա ընթացքում:

 

Միևնույն ժամանակ, կանխատեսվում է, որ Ռուսաստանի ՀՆԱ-ն կշարունակի նվազել, իսկ նավթի գները կիջնեն ևս 10-20 տոկոսով: Պետական վարկանիշի նվազեցումը ավտոմատ կերպով կհանգեցնի կորպորատիվ ընկերությունների վարկանիշի նվազեցման, ինչը կարող է հանգեցնել այդ ընկերությունների վաճառքին:

 

Հիմնականում այդ ամենն իրենց մաշկի վրա կզգան հենց օտարերկրյա ներդրողները, որոնք էլ ռուսական եվրապարտատոմսերի կրողներն են: Վարկանիշի նվազեցումից կտուժեն նաև ռուսական բանկերը, քանի որ այս հատվածում նույնպես առկա է եվրապարտատոմսերի զգալի ծավալ: Բանկերի գումարային հաշվեկշիռը, որում առկա են եվրապարտատոմսեր, կսկսի նվազել, և որպեսզի կարողանան պահել նախկին մակարդակը, բանկերը ստիպված կլինեն մեծացնել իրենց կապիտալը:

 

Հավելենք նաև, որ S&P գործակալությունն իր նոր գնահատականները կհրապարակի այս շաբաթվա ընթացքում: