Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամանորի կերակուրներով բեռնված սեղաններից օգտվելիս առողջությանը վնաս չհասցնելու, չգիրանալու, ինչպեսև կերակուրները հաճույքով վայելելու մասին Yerkir.am-ը զրուցել է Հայկական դիետոլոգիական ասոցիացիայի նախագահ, բժիշկ-դիետելոգ Գայանե Ղազարյանի հետ:
-Որպես սննդաբան` խնդրում եմ թվարկեք 5 կարևոր կանոններ` առաջիկա տոներին առողջությանը վնաս չհասցնելու համար:
-Իհարկե, սխալ կլինի Ամանորի այս գեղեցիկ տոներին մարդկանց «զրկանքների» մեջ գցել, չէ որ, այնուամենայնիվ, տոն է: Բայց մի քանի ընդհանուր խորհուրդներ կարող եմ տալ`
1. քաղցած չդիմավորել Ամանորը,
2. շատ օգտագործել կանաչեղեն և բանջարեղեն,
3. սնունդն ընդունել դանդաղ` հաճույք ստանալով ամեն մի կերակուրից:
4. սննդի չափաբաժինը որոշելու համար կիրառել «ափսեի մեթոդը”, այսինքն՝ ափսեն մտովի բաժանեք չորս-հինգ մասի, որտեղ կտեղավորվեն համարյա բոլոր ուտեստները, այսպես կհամտեսեք բոլոր ուտեստները, բայցև չի ծանրաբեռնվի ստամոքսը:
5. քաղցր հյութեր խմելիս ավելացնել սովորական ջուր. դատարկ կալորիաները կպակասեն, և ստամոքսն արագ կլցվի, չարաշահումներն էլ քիչ կլինեն:
-Եթե չեմ սխալվում` կա սնվելու էթիկա, ո՞րն է դա:
-Գոյություն ունի, այսպես կոչված, սննդի կուլտուրա` էթիկա: Կրթվածությունը այս ասպարեզում ենթադրում է ոչ միայն սեղանը ճիշտ և գեղեցիկ դասավորելը, այլև ճիշտ սնվելը (թե’ որակական, թե’ քանակական առումով), ինչպեսև ճաշատեսակների ճիշտ պատրաստելու եղանակների իմացությունը: Հենց այս պրոցեսներն են, որոնք ի սկզբանե ներդրվում են երեխայի մոտ ընտանիքում՝ ծնողների կողմից: Իզուր չէ, որ Մոսկվայի պոլիկլինիկաներում և այլ կլինիկաներում բացվել են, այսպես կոչված, «առողջության դպրոցներ», որտեղ մարդկանց ծանոթացնում են առողջ սննդի կանոններին: Եվ այն մարդիկ, ովքեր մանկուց ստացել են այդ կուլտուրան, հավատացեք, այն պահպանում են ընդմիշտ: Իսկ առողջ սնունդը թե’ առողջությունն է պահպանում, թե’ երկարացնում է կյանքի տևողությունը: Առողջ ապրելակերպով ապրող մարդիկ և’ առողջ են, և’ գեղեցիկ:
-Ենթադրվում է, որ այդ էթիկան խախտվում է տոնական սեղանների շուրջ: Ո՞ր խախտումները կարող են անվնաս կամ քիչ վնասաբեր լինել:
-Հավատացեք, որ այն մարդիկ, ովքեր կրթված են և ունեն որոշակի սննդային սովորություններ, նրանք չեն խախտում նույնիսկ տոնական օրերին: Իսկ Ամանորի օրերին մեզ սպասվում է երկու վտանգ` շատակերությունը և սննդային ու ալկոհոլային թունավորումները: Երկուսից էլ զերծ մնալու համար ընդամենը պետք է
1) չկորցնել չափի զգացումը
2) ուտել միայն թարմ սննդամթերք և ճաշատեսակներ,
3) օգտագործել որակյալ խմիչք:
-Ի՞նչ խորհուրդ կտաք մինչև 7 տարեկան երեխաների ծնողներին: Ինչպե՞ս կերակրել նրանց:
-Այդ հարցը անհանգստացնում է շատ ծնողների: Շատ մայրիկներ փորձում են իրենց երեխային անընդհատ ինչ-որ բան կերակրել` «այս գդալը մայրիկի խաթր, այն գդալը` հայրիկի»` երբեմն էլ բարկանալով, պատժելով` «եթե չուտես` ոչ մի կոնֆետ, ոչ մի խաղալիք» և այլն: Այստեղից էլ սկսվում է երեխայի (այնուհետև` մեծահասակի)` քաղցրից կախվածությունը, ինչու չէ` նաև մոլուցքը քաղցրի նկատմամբ: Այսպիսի ստիպողական մոտեցումը ոչ մի լավ բանի չի հանգեցնում, ընդհակառակը` այս ամենը հետագայում կարող է երեխային հասցնել նևրոզների, վատ սննդային սովորությունների, շատակերության: Էլ չեմ ասում, որ այս մոտեցումը զրկում է երեխային հասկանալ իր ցանկությունները և կարիքները:
Երեխային ի սկզբանե պետք է սովորեցնել սնվել ռեժիմով, օրը երեք – չորս անգամ, և ոչ թե բուտերբրոդներով, այլ նախաճաշին տարբեր տեսակի շիլաներով, եփած ձվով, կաթնաշոռով: 2-րդ նախաճաշին` մրգերով կամ մրգային աղցանով, յոգուրտով; Ճաշին` մսով ապուրով, բանջարեղենային աղցանով: Ընթրիքին նույնպես համադրել որևէ սպիտակուցային սնունդ մակարոնեղենով և կանաչեղենով: Տոն օրերին գերադասելի է չփոխել երեխաների թե’ օրվա ռեժիմը, թե’ սնունդը, մանավանդ` թույլ չտալ քաղցրավենիքի չարաշահումը, փոխարենն ավելի շատ տալ մրգային և բանջարեղենային աղցաններ` գեղեցիկ զարդարված սմայլիկներով կամ հուշանվերներով: