կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-09 13:26
Հասարակություն

Ինչպե՞ս խուսափել սննդային թունավորումից

Ինչպե՞ս խուսափել սննդային թունավորումից

Այս այս տարվա ընթացքում աճել են բոտուլիզմի դեպքերը, նախորդ տարվա 12 դեպքի փոխարեն այս տարի գրանցվել է 16 դեպք. արդյունքում տուժել է 27 մարդ, որոնցից 3-ը մահացել են:

 Այսօր ՀՀ առողջապահության նախարարության  պետական հիգիենիկ համաճարակային տեսչության սնուցման բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը և գլխավոր մասնագետ Լևոն Թուխիկյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին ամռան շրջանում սննդային թունավորումների և դրանց կանխարգելմանն ուղղված աշխատանքների մասին:

Մարգարիտա Բաբայանը տեղեկացրեց,  որ բոտուլիզմով թունավորումներն առավելապես արձանագրվում են մարզերում` Տավուշ, Լոռի, Շիրակ, իսկ համաճարակային հետազոտության արդյունքում պարզվել է, որ դրանք առաջացել են տնային պայմաններում պատրաստված պահածոներից` սմբուկի խավիար, կարմիր պղպեղ, լոլիկի և վարունգի մարինադներ: Բոտուլիզմի հարուցիչը հանդիսացող սպորները վերանում են միայն բարձր ջերմաստիճանից և ճնշումից, ինչը տնային  պայմաններում իրականացնել հնարավոր չէ: Հենց այդ պատճառով էլ մասնագետները խորհուրդ են տալիս ընդհանրապես չպահածոյացնել մթերքները, այլ դրանք սառեցնալ կամ չորացնել. «Մենք ունենք կազմակերպություններ, որոնք արտադրում են անվտանգ պահածոներ. կարելի է  նաեւ դրանք օոգտագործել»,-ասաց Մ. Բաբայանը:

 

Նվազել են սնկային թունավորումները. նախորդ տարի գրանցվել է սնկային թունավորման 18 դեպք, այս տարի` 9:

Մասնագետների հավաստմամբ` սնկային  թունավորումներն առաջանում են օգտագործողների կողմից հավաքված անհայտ ծագումով սնկերից: «Անհրաժեշտ է սունկը գնել ծանոթներից ու շուկաներից, որտեղ համապատասխան մարմինների կողմից հաստատված է, որ սունկն անվտանգ է»,-խորհուրդ տվեց Բաբայանը:

Սննդային թունավորումների դեպքում ի հայտ եկող ախտանշաններն են ` գլխապտույտ, փսխում, սրտխառնոց, լուծ, բոտուլիզմի ժամանակ` նաև ձայնի խանգարում, բերանի չորացում: Մարգարիտա Բաբայանը խորհուրդ չի տալիս տնային պայմաններում ցուցաբերել առաջին բուժօգնություն, որպեսզի հետագայում բուժման ընթացքը չբարդանա. «Եթե առաջին ախտանշաններն առաջ են գալիս, պետք է դիմել բժշկի և ինքնաբուժությամբ չզբաղվել, այլ օգտագործել շատ հեղուկ»:

Անդրադառնալով որ տարբեր սննդամթերքների համատեղելիությանը Լևոն Թուխիկյանը նշեց, որ դա անհատական բնույթ է կրում և տարբեր սննդամթերքներ յուրովի են ազդում միմյանց վրա: «Օրինակ, եթե թունավոր սնկի հետ օգտագործվում է ոգելիչ խմիչք, այն կանխում է թույնը, սակայն միանշանակ չի կարելի ասել, որ ոգելից խմիչքը նպաստում է նաև թույնի ներծծմանը»,-նշեց Լ. Թուխիկյանը:

Նշենք, որ 90-ական թթ համեմատ` սննդային թունավորումների թիվը նվազել է:

 

Լուիզա Սուքիասյան