Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
56 միլիոն դրամի գողության գործով 2.5 տարի կալանքի տակ գտնվող, սակայն իր անմեղությունը պնդող` 28-ամյա Աշոտ Առուշանյանի և նրա հարազատների միակ հույսը մնացել է Վճռաբեկ դատարանը: Արդեն երկրորդ անգամ փաստաբանը դիմելու է Վճռաբեկ դատարան` բողոքում մատնացույց անելով նախորդ ատյանների կողմից կատարված սխալները:
Yerkir.am-ը հայտնել էր, որ գործով առաջին անգամ առաջին ատյանի դատարանը մեղադրական դատավճիռ էր կայացրել, սակայն դատավճիռը վերադասության կարգով բողոքարկվել էր, և Վճռաբեկ ատյանը բեկանել էր դատական ակտը` գործն ուղարկելով նոր քննության: Երկրորդ անգամ առաջին ատյանի դատարանը կրկին մեղադրական դատավճիռ էր կայացրել, իսկ վերաքննիչ դատարանն էլ օրեր առաջ այն թողեց ուժի մեջ:
Այս անգամ վերաքննիչ դատարանում, հակառակ պրակտիկայի, գործի քննությունը բավական երկար է տևել` 3-4 ամիս, հարցաքննության համար դատարան է հրավիրվել նույնիսկ գործի նախաքննությունը վարած քննիչ Մուշեղ Ալեքսանյանը, որը մի շարք խախտումներ է կատարել գործի շրջանակներում:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աշոտ Առուշանյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը հայտնեց, սակայն, որ քննիչին ուղղված` իրենց բոլոր կարևոր հարցերը դատարանը հանել է` պատճառաբանելով, թե «ծառայողական քննություն մի' կատարեք»:
«Օրինակ` հարց եմ տալիս, թե Արտաշես Գալուստյանը ամբողջ գիշեր պահվել է քննչական բաժնում: Բա չպարզե՞նք` ինչու: Հատկապես, որ դրանից հետո ՁՊՎ տեղափոխելիս նրա մեջքին կարմրավուն հետքեր են եղել: Այսինքն` դա առնվազն ծեծի մասին է կարող խոսել: Բայց ասում են, որ դա ծառայողական քննություն է, իսկ ի՞նչ է` ինձ նրա կոշիկի համա՞րը պետք է հետաքրքրեր»,- ասաց Լիպարիտ Սիմոնյանը:
Այն հարցերն էլ, որոնք դատարանը չի հանել, անպատասխան են մնացել, քանի որ, Լ. Սիմոնյանի խոսքով, քննիչը դատարանի պահվածքից այնքան է ոգևորվել, որ նման պատասխաններ է տվել` «չեմ ուզում պատասխանել», «լավ եմ արել» և այլն: Եվ նույնիսկ սուտ է խոսել:
Հարցին, թե ինչո՞վ կբացատրի այն հանգամանքը, որ Արտաշես Գալուստյանի հարցաքննության ժամանակ հեռախոսազանգ է ունեցել նրա հոր հետ, քննիչը բացատրել է, թե իբր իր բջջայինն ընկերոջ մոտ է թողած եղել, երբ իրեն զանգել է Արտաշեսի հայրը: Այնինչ` վերծանումները ցույց են տվել, որ Արտաշեսի հորը զանգել է քննիչը և ոչ` հակառակը:
Ընդ որում` վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ տառ անգամ չի գրել քննիչին դատակոչելու միջնորդության և նրա հարցաքննության մասին, կարծես, նման բան նույնիսկ չի էլ եղել:
Վերաքննիչ դատարանի մյուս խախտումն այն է, որ դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից: Առաջին ատյանի դատարանն անթույլատրելի ապացույց է ճանաչած եղել Աշոտի դեմ եղած միակ ցուցմունքը, սակայն հետո մեղադրական դատավճռի հիմքում դրել է հենց այդ ապացույցը: Իսկ ահա վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ, որպես առաջին ատյանի դատարանի սխալ, համարել է հենց այն, որ այդ ապացույցն անթույլատրելի է ճանաչել: Այնինչ` այդ մասով բողոք չի եղել:
«Նույնիսկ, երբ մեղադրող Տիտալ Ուզոյանը վերաքննիչ դատարանում միջնորդություն արեց այդ ապացույցները թույլատրելի ճանաչելու մասին, երեք դատավորով քիչ էր մնում ծեծեին նրան` ասելով, թե էդ մասով բողոք չի եղել»,- պատմեց Լ. Սիմոնյանը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև մեկ այլ կարևոր հանգամանք` փաստաբանի կողմից ներկայացված` նոր ի հայտ եկած ապացույցը: «Դեպքի օրվա վերաբերյալ ստացված տեսաձայնագրությունները քննիչ Ալեքսանյանը չորս ամիս պահել է իր գրպանում և միայն հետո դրանք ներկայացրել փորձաքննության»,- ասաց Լ. Սիմոնյանը: Ըստ նրա` այնուհետև իրենք են անկախ փորձագետի դիմել, որը եզրակացություն է տվել, որ տեսանյութերը կտրտված են, այսինքն` դեպքի վերաբերյալ ամբողջ տեսապատկերը չկա:
Ի դեպ, այս տեսանյութերում Աշոտ Առուշանյանի մասին խոսք անգամ չկա: Եվ քանի որ դրանք կտրտված են, ապա նույնիսկ կասկածի տակ է դրվում հենց գողության հանգամանքը` իսկ արդյո՞ք գողություն եղել է:
Իսկ Աշոտ Առուշանյանի հայրը` Լավրենտի Առուշանյանը հայտնեց, որ ի սկզբանե իրավապահները առաջ են քաշած եղել ոչ թե գողության, այլ փողերի լվացման վարկածը:
Մինչև այս տարվա վերջը փաստաբանը դիմելու է Վճռաբեկ դատարան: Նա ասաց, որ մեկ տարի, թե հինգ տարի հետո, միևնույն է, Աշոտը պետք է արդարացվի, քանի որ անմեղ է: