Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նպատակահարմար չի համարում այսօրվա արտահերթ նիստից հետո նոր արտահերթ նիստ անցկացնելը:
Նշենք, որ ոչ իշխանական խմբակցությունները այսօրվա արտահերթ նիստի սկզբում հայտարարել էին, որ ցանկանում են արտահերթ նիստ հրավիրել` քննարկելու համար երկրում ստեղծված վիճակը, մասնավորապես` ազատամարտիկների և իրենց գործընկեր ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ բռնությունները, և ընդունել համատեղ դատապարտող հայտարարություն:
Այսօր լրագրողների հետ զրույցում Շարմազանովը նշեց, որ նիստը բոյկոտող ընդդիմադիր գործիչների պահվածքը ցույց տվեց, որ նրանց նպատակը ոչ թե խնդիրը լուծելն էր, այլ քաղաքական շահարկում անելը: Նա նշեց, որ ձևաթուղթը, որը ներկայացվել է ԱԺ ղեկավարությանը, անընդունելի է, որովհետև այնտեղ կան այնպիսի ձևակերպումներ, որոնք դուրս են պառլամենտականների լիազորություններից և ուղիղ միջամտություն են հանրապետության նախագահի լիազորություններին:
«Ծիծաղելի է, որ նման հարց պառլամենտը քննարկի, դա անլուրջ է»,- ասաց Շարմազանովը` հավելելով, որ հարցը գտնվում է իրավական տիրույթում, իսկ ԱԺ-ն արդեն հայտնել է իր դժգոհությունը այդ միջադեպերի կապակցությամբ, երբ ԱԺ նախագահը ընթերցեց դատապարտող հայտարարությունը:
Նա տարակուսում է, թե էլ ի՞նչ կարող էր անել խորհրդարանը, դատապարտող հայտարարությունից բացի, քանի որ ԱԺ-ն ո'չ դատախազություն է, ո'չ քննչական մարմին, ո'չ էլ` ոստիկանություն: Նշենք, որ ձևաթղթում պահանջել են փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հրաժարականը:
Մեր դիտարկմանը, որ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ դեմ չէ արտահերթ նիստին, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Այդ ձևաթղթով, այդ բովանդակությամբ ես` որպես ԱԺ փոխնախագահ, դեմ եմ արտահերթ նիստի անցկացմանը, որովհետև ձևաթղթի երկրորդ կետով առաջարկվում է մի բան, որը ուղիղ միջամտություն է հանրապետության նախագահի լիազորություններին: Ներքին զորքերի հրամանատարին և փոխոստիկանապետին նշանակում և ազատում է հանրապետության նախագահը»:
ԱԺ փոխնախագահը տեսակետ հայտնեց, որ եղել են շատ ավելի կարևոր դեպքեր, երբ այդ նույն ընդդիմադիրները լռել են, օրինակ` ուղղաթիռի խոցման դեպքը, օգոստոսյան` հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը: «Ինչո՞ւ այդ ժամանակ նրանք չպահանջեցին արտահերթ նիստ գումարել»,- հարցնում է Շարմազանովը:
«Իմ խորին համոզումն է, որ նրանք գնացին բոյկոտի, որովհետև այսօրվա օրենքներին նրանք չէին կարող կողմ չքվեարկել, քանի որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը նրանք կողմ էին արտահայտվել, և նրանք քաղաքական շոու արեցին»,- ասաց նա` հավելելով, որ ինքը չի մասնակցի, եթե արտահերթ նիստ հրավիրվի: